Ես չեմ ուզում մեր հասարակությունը բաժանել մի քանի մասի․ ավագանու անդամը՝ Մարությանի արտահայտության մասին

Ես չեմ ուզում մեր հասարակությունը բաժանել մի քանի մասի․ ավագանու անդամը՝ Մարությանի արտահայտության մասին

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն ունի արդեն 43 ստորագրություն քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու համար․ դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում քննարկվելու է անվստահություն հայտնելու նախագիծը, որը քաղաքական իշխանության հրահանգով նախաձեռնել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարությունը։

Անվստահություն հայտնելու նախագծի մեջ ի թիվս այլ հիմնավորումների, նշվում է նաեւ, որ Մարությանը քաղաքացիներին բաժանել է սեւ-սպիտակների։ Ըստ Մարությանի տրամաբանության՝ նախկինները  սեւերն էին, իսկ սպիտակները՝իրենք՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները։ Իսկ հիմա՝ 3 տարի անց, Մարությանը հայտնվեց իր իսկ փորած փոսում, նա այժմ, ըստ այս իշխանության, սեւերի շարքին է դասվում։

Երեւանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Արմեն Կոտոլյանն, որը եւս ստորագրել է անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ,  «Հրապարակ»-ի հարցի ի պատասխան, թե 3 տարի առաջ, երբ Մարությանը երկիրը բաժանում էր սեւերի եւ սպիտակների, ինչո՞ւ դեռ այն ժամանակ դժգոհություն չարտահայտեցին, պատասխանեց․ «Ընտրություններից հետո ի՞նչ տեղի ունեցավ․ ամեն դեպքում, մարդ, երբ նոր հաստիքում է աշխատում, նոր ծանոթություն աշխատանքի հետ, կարելի է բուն աշխատանքը մեկ տարի հետո է սկսվում, մանավանդ այդ կարգի ծավալուն աշխատանքի հետ։ Ի՞նչ տեղի ունեցավ․ մենք 2020 թվականին ունեցանք քովիդը, դրա ընթացքում պատերազմ, հետպատերազմյա ծանր իրավիճակներ, որ իրապես, եթե նայեինք, դրա ժամանակը չէր»։

- Հիմա դրա ժամանա՞կն է, հետպատերազմյան շրջանը չի ավարտվել, քովիդը՝ նույնպես։

- Էլի ծանր վիճակում ենք, բայց կարծում եմ՝ անհամեմատելի է էսօրվա դրությունն ու այն ժամանակվա հիմնական ճգնաժամը։

- Պարոն Կոտոլյան, այսինքն՝ մամուլի, այդ թվում՝ մեր բոլոր հրապարակումները, որ Մարությանը խմբակցության հետ չի հանդիպում, մեկուսացած է, հաստատվում է։

- Ես չեմ հիշում հրապարակումները, բայց համագործակցության մակարդակը, եթե եղել է, ապա շատ թույլ, ամիսներով խմբակցության նիստերին պարոն Մարությանը չի մասնակցել ու այդ կոնտակտը կորած է եղել։ Եթե եղել է, ապա հատուկենտ ավագանու անդամների հետ։

- Նրա՞նց հետ է կոնտակտ եղել, ովքեր չեն ստորագրել նախաձեռնության տակ։

- Ենթադրում եմ՝ այո, չեմ կարող ասել կոնկրետ ում հետ է բանակցություններ եղել, քանի որ ես ինքս  կապի մեջ չեմ եղել պարոն Մարությանի հետ ու այդ գործընթացներին ծանոթ չեմ եղել։

- Նույն Նիկոլ Փաշինյանն էր հաստատում Մարությանի խոսքը, թե կան սեւեր ու սպիտակներ։

- Եթե զուտ իմ կարծիքն եք այս հարցի վերաբերյալ հարցնում, ապա ինձ համար գոյություն ունի հայեր եւ ոչ հայեր, ես չեմ ուզում  մեր հասարակությունը բաժանել մի քանի մասի, ամեն դեպքում իմ համար այդ թեզն այդքան էլ ընդունելի չէ։ Ովքեր որ սխալ վարքագիծ ունեն, ամեն դեպքում, նրանք մեր հայրենակիցներն են։ Դրա համար ես ինքս կողմ չեմ հասարակության բաժանել մասերի։

- Այսինքն՝ դուք ի սկզբանե էլ դեմ եք եղել նման արտահայտություն անելո՞ւն։

- Այդ հայտարարությունն արվել է փակ հանդիպման ժամանակ, առանձնապես ես լուրջ չեմ էլ վերաբերվել այդ հայտարարությանը։

- Նիկոլ Փաշինյանն էլ էր չէ՞ բաժանում հասարակությանը մասերի։

- Ես նման բան չեմ հիշում։

- Մի քանի ամիս առաջ, երբ Մարության-իշխանություն հարաբերությունները լարվեցին, լուրեր էին պտտվում, որ ավագանու կազմից ձեզ են ցանկանում առաջադրել քաղաքապետի պաշտոնում։ Ինչո՞ւ իշխանությունը վերջում կանգ առավ Հրաչյա Սարգսյանի վրա եւ վերջինիս թեկնածությանն ինչպե՞ս եք վերաբերում։

- Իմ՝ քաղաքապետի թեկնածու լինելու խոսակցություններին ես միշտ ծանոթացել եմ մամուլից։ Բայց Հրաչյա Սարգսյանի թեկնածությանը կողմ եմ եւ նրա աշխատանքը դրական եմ գնահատում։ Բազմից աշխատել ենք նրա հետ հաջողված ծրագրերի շուրջ։

- Նրա երբեմնի՝ «Առաքելություն» կուսակցության ղեկավար Մեսրոպ Առաքելյանն  ոչ այդքան դրական էր արտահայտվել Սարգսյանի մասին՝ նշելով, որ անդեմ անձ է։

- Ես ցանկություն չունեմ վիրավորական գրառումներ մեկնաբանել։

- Չե՞ք կարծում, որ երբեմնի կուսակցին կճանաչի Առաքելյանը։

- Մեսրոպ Առաքելյանը բնականաբար ճանաչում է պարոն Սարգսյանին, ես էլ եմ ճանաչում, այսինքն՝ իմ կարծիքը Մեսրոպ Առաքելյանի գրառումից չէ, որ պետք է ձեւավորվի պարոն Սարգսյանի մասին։

-Այնուամենայնիվ, չեք բացառո՞ւմ, որ քվեարկությամբ անվստահության նախագիծը չընդունվի, այդ դեպքում կշարունակե՞ք աշխատել Մարությանի հետ։

-Չեմ բացառում, որ ընտրությունը կձախովի, որովհետեւ ամեն ինչ այս կյանքում հնարավոր է, բայց 90 եւ ավել տոկոս վստահ եմ, որ չի ձախողվի։ Ձախովելու դեպքում չգիտեմ՝ ինչ որոշում կկայացնենք, ես ինքս չեմ կարող որոշել, պետք է թիմային որոշում լինի։