Հարգելի գործընկերներ, մի հատ խորը շունչ քաշեք, սառը ջուր խմեք…

Հարգելի գործընկերներ, մի հատ խորը շունչ քաշեք, սառը ջուր խմեք…

Մեր ՔՊ-ական գործընկերներին առաջարկում եմ մի հատ հանգստանալ: Խոր շունչ քաշեք, ջուր խմեք, սառը… Ձեզ մոտ հրաշալի են ստացվում ԱԺ քառօրյաները, բերաններդ փակող չկա, վարչապետն էլ, Տերը նրա գործերին հաջողություն տա, կգա, սուր-սուր հարցեր կտաք, կբողոքեք, որ ընդդիմության դեմ չագուջը լավ չի աշխատում: Ի՞նչ խնդիր կա, որ այդպես բորբոքվել եք: Ալեն Սիմոնյանն ասում է՝ քաղաքական ճգնաժամ չկա… Բայց ո՞վ է ասել, որ կա, պարոն Սիմոնյան, դա ընդամենը լրագրողի երևակայության արդյունք է: Ի՞նչ քաղաքական ճգնաժամ կարող է լինել մի երկրում, որտեղ ամեն ինչ ok-ա: Մեզ մոտ ոչ միայն քաղաքական ճգնաժամ չկա, այլև քաղաքական համերաշխության ավելցուկ կա, ես կասեի: Իսկ ինչ վերաբերում է հարցին, որ Երևանի փողոցները ներկվել են ոստիկանության տարատեսակ բերետների ու համազգեստների գույներով, դա արդեն ուրիշ բանի մասին է խոսում: Ոստիկաններին պետք է երբեմն-երբեմն նաև զբոսանքի հանել, մարդ են չէ՞, ի վերջո, նրանց նաև պետք է քաղաքի տեսարժան վայրերը ցույց տալ, սովորեցնել, թե ինչպես պետք է պահպանել կառավարական ու պետական շենքերը, եթե, Աստված մի արասցե, ընդդիմության պատճառով հարևան երկիրը հարձակվի թիվ 1 ՔՊ-շնիկի վրա:

Դուք, ասեմ ձեզ, շատ ճիշտ մարտավարություն եք ընտրել: Ընդդիմությանը նկատել պետք չէ: Ընդդիմությանը պետք է միշտ և ամեն ինչում մեղավոր հանել: Ընդդիմությունն է մեղավոր, որ փողոցները փակ են, որ Երևանում տեղաշարժի համար անտանելի պայմաններ են ստեղծվել, որ պաշտոնյաները չեն կարողանում աշխատանքի հասնել, պլանից հետ են ընկնում… Վաղն էլ բյուջեն չեք կատարի ու էլի կասեք, որ ընդդիմությունն էր մեղավոր:

Ես ինչքան հասկացա՝ ժողովուրդն սկսել է ձեզ ավելի շատ սիրել: Բա ո՞նց ավելի շատ չսիրի… Նիկոլն ասաց՝ Ադրբեջանին պարտվեցինք, բայց «զատո» քովիդին ենք հաղթել, ժողովրդավարության առաջնությունում տեղափոխվել ենք բարձրագույն խումբ, մեր ռեստորաններում այլևս աղաման չեք տեսնի սեղաններին, մենք մեր ժողովրդին դարձրել ենք իր երկրի և առաքելություն ունենք նրան հասցնելու մինչև պայծառ ապագա…Հուսամ՝ զգացումս ինձ չի խաբում: Ուղղակի մի անհամեստ հարց տամ ՔՊ-շնիկներին՝ և այդ ինչի՞ց է, որ երկրի տեր դարձած ժողովուրդը սպասում է, որ ՔՊ-ն իրեն տանի պայծառ ապագա, այն էլ սարսափելի կորուստների ու ավերների միջով: Դե լավ, հանգստացեք, ասացի, շունչ քաշեք մի հատ, սառը ջուր խմեք, ամեն ինչ ok-ա:

Էս ի՞նչ բան է, ՔՊ-ի հարգելի գործընկերներ, ինչո՞ւ երեսներիդ գույն չկա: Եվ ասեմ, որ դա նկատել եմ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած պաշտոնական այցից հետո: Հա, էն որ Մոսկվայից մի հատ էլ Նիժնի Նովգորոդ գնաց ու այնտեղ նրան աղուհացով դիմավորեցին: Բայց դրա մեջ ի՞նչ վատ բան կա: Շատ էլ թե չգիտեք Պուտինն ու ձեր կումիրն ինչ են խոսել, ինչո՞ւ եք միայն վատը մտածում: Բացառվո՞ւմ է, միթե, որ Փաշինյանին Նիժնի Նովգորոդ տարան մի գեղեցիկ առանձնատուն ցույց տալու, որտեղ նա կգրի իր նոր գիրքը՝ «Երկրի հակառակ կողմի հակառակ կողմը» վերնագրով: Ի դեպ՝ գուցե հետաքրքրվե՞ք Փաշինյանից, թե նրան Մոսկվայից Նիժնի Նովգորոդ և հակառակ ուղղությամբ ինչով են տարել: Դա, պատկերացրեք, կարևոր է, որովհետև ռուսների համար Մոսկվայից դուրս ամեն ինչ համարվում է «места не столь отдалённые»: Եթե ավտոմեքենայով են տարել, կամ էլեկտրիչկայով, ապա դա նշանակում է, որ Փաշինյանին շատ նուրբ և դիվանագիտորեն ցուցադրել են նաև այդ վայրերը: Ես այդ կողմերում «կռվել» եմ, գիտեմ: Իսկ եթե, այնուամենայնիվ, ձեր գունատության պատճառը Պուտինի հայտարարությունն է, թե ի հեճուկս Փաշինյանի ու մնացած ՔՊ-ի Արցախի կարգավորման պրոցեսում դեռ շատ խնդիրներ կան, դա արդեն այլ հարց է: Հուսահատվել պետք չէ, պարզապես պետք է մի փոքր շտապեք, տղաներ և աղջիկներ ջան: Օրինակ՝ քեֆս բերեց Արարատ Միրզոյանի և Վիկտորյա Նուլանդի հանդիպումը: Հիմա շատ արագ պետք է այդ Նուլանդի պոչից բռնել, այսինքն՝ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական գծով տեղակալի: Մի քիչ քֆուրտվան կնիկ է, բայց ոչինչ: Ասում են՝ քրֆում է ծովային հետևակի վերջին նավաստուց ավելի թունդ: Դե հիմա մի քիչ էլ թող նա քֆուր տա, կնոջ տված քֆուրն, ինչպես ասում են խեր է… Թուրքերի հետ փորձեք լավանալ… Մի խոսքով՝ ամեն ինչ արեք Նիկոլին «места не столь отдалённые» ցույց տված Պուտինի ինադու:

Կներեք, հարգելի ՔՊ-ականներ, որ ավելի երկար ժամանակ չեմ կարողանում հատկացնել ձեզ: Գնում եմ երթի, հետո էլ միտինգ, ճանապարհ փակել, ոստիկան բրթել: Ես զբաղված մարդ եմ: Ասեմ միայն, որ ձեզ մոտ շատ ստացվեց ոստիկաններին գովելու վերջին ֆլեշմոբը: Դա ավելի շուտ ոստիկանության «խլեշմոբ» էր, վարկաբեկիչ մի բան: Քոչարյան Անդոյին, հասկանո՞ւմ եք, չի կարելի թույլ տալ, որ դրական խոսք ասի որևէ մեկի մասին: Այդ մեկին ուղղակի ծվեն-ծվեն կանեն: Մինչդեռ Քոչարյան Անդոն հայտարարում է, թե շնորհակալ է ոստիկանությունից հրաշալի և պետականամետ գործ անելու համար: Անդո, երբ դու ես նման բան ասում, դա նշանակում է, որ ոստիկանությունը ք..ի համը հանել ա ու գերազանցել իր իրավասությունները:

Առայժմ այսքանը: Հանգիստ եղեք, հարգելի ՔՊ-ականներ, մի հատ շունչ քաշեք, սառը ջուր խմեք, ձեզ հավաքեք ու մտածեք, որ ամեն ինչ ok-ա, ոչ քաղաքական ճգնաժամ կա, ոչ բան, դուք էլ Նիկոլի հետ իրավիճակին տիրապետում եք ողջ ծավալով: