Քաղաքականություն

«Հրապարակ»․ Նժարին փոքրիկ ձեռքբերումն ու լրջագույն պրոբլեմներն են

«Հրապարակ»․ Նժարին փոքրիկ ձեռքբերումն ու լրջագույն պրոբլեմներն են

Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ազդարարվել է այնքան սպասված «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։ Զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը եւ այլք։ Հնչել են ՀՀ եւ ԱՄՆ պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։ Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջույնի խոսք են հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, սակայն ամերիկացի ոչ մի զինվորական, բանակի բարձրաստիճան ներկայացուցիչ ներկա չէին հանդիպմանը, ինչն առնվազն տարօրինակ է, երբ խոսքը վերաբերում է բանակին եւ համատեղ զորավարժություններին: 

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ այս եւ նմանաբնույթ զորավարժությունները մեզանում մեկ նպատակ են հետապնդում` հակադրվել Ռուսաստանի Դաշնությանը` դրա բոլոր վտանգավոր հետեւանքներով հանդերձ: Ռազմական փորձագետը ներկայացրեց Վրաստանի այժմյան իշխանությունների կեցվածքը, նշեց, որ ոչ ավելի, քան քսան տարի, Վրաստանը գնում էր մի ուղղությամբ` դեպի Արեւմուտք, եւ միայն քսան տարի անց վրացական իշխանությունները հասկացան, որ երկու տասնամյակ սխալ ճանապարհով են գնացել, որ Արեւմուտքը տարածաշրջանում չի կարող ո՛չ խաղաղություն, ո՛չ էլ կայունություն հաստատել, բայց նոր ռիսկեր կարող է բերել։

«Ինչպես սպառազինության ձեռքբերման պարագայում, այս դեպքում նույնպես, եթե ամեն ինչ արվեր համադրման, այլ ոչ թե ստրատեգիական դաշնակցին հակադրվելու տրամաբանությամբ, կարող էր լինել որոշակի օգուտ, որ տվյալ ստորաբաժանումն ինչ-որ նոր փորձառություն է ձեռք բերում, դա էլ որոշակի ներդրում է։ Բայց խնդիրն այն է, որ այս ամենն արվում է Ռուսաստանին հակադրվելու տրամաբանության մեջ: Այս քայլերը միտված են դրան: Այն շատ վտանգավոր մի բան է, ստացվում է, որ սա հավաքական Արեւմուտքի հակառուսական մեծ քաղաքականության մի էլեմենտ է, իսկ նպատակն ամեն կերպ Հայաստանն ավանդական դաշնակցից հեռացնելն է, հայ-ռուսական հաստատուն կապերը խզելը: Այստեղ նորից հարց է առաջանում. ենթադրենք՝ ԱՄՆ-ն մեզ ամեն կերպ Ռուսաստանից հեռացրեց, փոխարենն ի՞նչ է առաջարկում: Այստեղ է, որ մենք տեսնում ենք այս ողջ գործընթացի ամենանվաստացուցիչը: Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետություն է` բոլոր հակասություններով հանդերձ: Մենք գիտենք, թե ինչու ենք մտել ՀԱՊԿ: ՀԱՊԿ-ին Հայաստանը տարիներ շարունակ անդամակցել է առաջին հերթին, որպեսզի էժան սպառազինություն ձեռք բերի: ՀԱՊԿ-ը Ռուսաստանից ռազմական ձեւաչափով օգնություն ստանալու միջոց է, մենք երբեք էլ ղրղզից եւ ղազախից չենք ակնկալել, որ գալու են Հայաստանի սահմանները պահելու՝ բնավ։ Այն, ինչ ակնկալել ենք ՀԱՊԿ-ից, տարիներ շարունակ լիարժեք ստացել ենք: Այսօր մեզ առաջարկում են դուրս գալ ՀԱՊԿ-ից, խզել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ եւ փոխարենը ոչինչ չեն առաջարկում: Մենք արդյո՞ք դառնալու ենք ՆԱՏՕ-ի անդամ,՝ ոչ, իհարկե: Ոչ միայն հիմա, այլեւ տեսանելի ապագայում, ու, առհասարակ, երբեք Հայաստանը չի դառնալու ՆԱՏՕ-ի անդամ, ինչու, որովհետեւ ՆԱՏՕ-ի ուսերին լրացուցիչ բեռ հարկավոր չէ: Ի՞նչ է ուզում ԱՄՆ-ն, ընդամենն ուզում է, որ Հայաստանն անջատվի ՌԴ-ից եւ դառնա հակառուսական ֆորպոստ` Արեւմուտքի համար: Անգամ եթե մեզ առաջարկեն համանման մի բան, ինչ մենք ունենք ՀԱՊԿ-ում, էլի մի տեղ կարելի էր հասկանալ, բայց ոչ մի համարժեք առաջարկ չկա ԱՄՆ-ից: Հայաստանին պարտադրում են զուտ ֆորպոստ դառնալ, որի կուրացիան հանձնարարվելու է Թուրքիային: Իշխանություններն ընտրում են այս խայտառակությունը: Վերոնշյալ զորավարժությունն էլ այդ համատեքստում կարող ենք ընկալել միայն: Անվտանգության առումով մենք ոչինչ չենք շահելու, մաքսիմում կարող ենք ասել, որ խաղաղապահ բրիգադը մի փոքր ավելի կարող է փորձառու դառնալ, բայց ի՞նչ գնով, սա է հարցը: Նժարին փոքրիկ ձեռքբերումն ու լրջագույն պրոբլեմներն են: Ի դեպ ասեմ, որ առաջ մենք համագործակցել ենք Կանզասի ազգային գվարդիայի հետ, բայց դա նախանձի ու խանդի տեսարաններ Ռուսաստանի մոտ չի առաջացրել, որովհետեւ համագործակցությունը չի արվել հակադրվելու տրամաբանությամբ, հակառակը` լրացնելու համար է արվել, եւ ամեն ինչ նորմալ է եղել»,- եզրափակեց ռազմական փորձագետը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image