Պուտինը հստակեցրել է, թե ով է ընկերը, ով է թշնամին

Պուտինը հստակեցրել է, թե ով է ընկերը, ով է թշնամին

Այս կարծիքն է հայտնել 168.am-ի հետ զրույցում ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության խմբագիր-սյունակագիր, ռուս կովկասագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով նախօրեին Կրեմլում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման հրապարակային հատվածում հնչեցված գնահատականներին:

Մենք շատ ուրախ ենք դրա համար: Բայց, միաժամանակ, մենք ավելի մեծ կարծիքի ենք եղել Վլադիմիր Պուտինի մասին: Միթե՞ նա նոր է հասկացել, թե ով է ընկեր, ով թշնամի: Կարծես, հայտնվել ենք Աստծո, տարակուսանք առաջացնող վիճակում:
Եմելյան Յարոսլավսկին, աշխարհի արարմանն անդարդառնալիս, իր  «Библия для верующих и неверующих» գրքում բերել է աստվածաշնչյան տողեր՝ այդ առնչությամբ (ռուսերենից թարգմանություն). 

«Եվ աստված ասաց. եղիցիր լույս: Եվ եղավ լույսը: 
Եվ աստված տեսավ լույսը, որ այն լավն է և առանձնացրեց լույսը խավարից:
Եվ աստված լույսն անվանեց օր, իսկ խավարը՝ գիշեր:
Եվ եղավ երեկո, և եղավ առավոտ. մեկ օր»:

Այս տողերից հետո, հեղինակը հարցադրում է անում. «…ձեր գլխում չի՞ առաջացել միտք, որ այդ հավերժական աստվածը բացառապես ոչինչ չի իմացել: Նա նույնիսկ չի իմացել, որ լույսը լավ է: Ինչպե՞ս կարող էր նա իմանալ, երբ նա երբևէ չէր տեսել լու՞յսը: Դե, Աստծո արարքներն անմեկնելի են:

Զուգահեռներ տանելով Տարասովի ասածի հետ, ստացվում է, որ Պուտինը, իր հսկայական փորձառությամբ հանդերձ, նոր է գլխի ընկել, թե ով է իր ընկերը:

Ի տարբերություն աստծո, Պուտինը տեղյակ է, նույնիսկ, թե ինչ է կատարվում սովորական մահկանացուներին անհասանելի չափումներում: Սա Պուտինի գովա­բանություն չէ:
Պուտինը դեռևս 2018 թվականին էր հասկացել, որ «որպես ռազմավարական մակարդակի դաշնակից, գործընկեր՝ Հայաստանը չի ձգում», չի ձգում իր «քաշով», իր «չափով» ու այլ հարաչափերով: Թեպետ, դրանից էլ առաջ էլ, գուցե, այդպիսի ներքին համոզմունք եղել է, բայց դրա բացահայտ դրսևորում չի եղել: Հնարավոր է, որ Պուտինը բաց տեքստով ասած լինի. Никол Воваевич, ты мне не друг, даже- враг 1. Ничего личного, просто я играю в открытую. 
Սա էլ նորմալ է, քանի որ մեր երկրի ղեկավարն էլ ժամանակին անկեղծ ու բաց է խաղացել Պուտինի հետ, ասելով` сожалею, что Кочарян ваш друг: Պետությունների ղեկավարների միջև, այո, այսպես անկեղծ շփումներ պետք է լինեն:

Հայաստանի «երգը երգվել է» դեռևս Կարսի, Մոսկվայի պայմանագրերով: Կենցաղային լեզվով ասած, «վիլկա են գցել»՝ Նախիջանով և Ղարաբաղն անկլավ դարձնելով: Ոu հիմա, երկրորդ «սերիան է»: Որպես առանձին կազմավորում, Ղարաբաղն այլևս գոյություն չունի, իսկ կարգավիճակի մասին խոսակցությունները, հատկապես արտասահմանյան դիվանագետների, քաղաքական գործիչների շրջա­նում, անբարոյական են, սադիստական. 30 տարին, կարծես, բավարար չէր այդ հարցը լուծելու համար: Նախիջևանի առումով, աշխարհը կանգնել ու պնդում է՝ ՀՀ-ն Սյունiքը պետք է զիջի Ադրբեջանին: Ոչ ոք չի ասում, թե Ղարաբաղն ու Նախիջևանը պետք է վերամիավորվեն Հայաստանին: Ոչ ոք չի ասում, որ Թուր­քիային, ցե­ղասպանության ճանապարհով, անցած Արևմտյան Հայաստանը պետք է վերամիա­վորվի Հայաստանին: Ոչ ոք չի ասում, որ հայերին զրկել են կենսական տա­րածքներից, այդ իսկ պատճառով բնակչության թվաքա­նակը չի ավելանում, իսկ եղած տարածքը գրավիչ չէ ներդրումների, հետևաբար, զարգաց­ման համար: 

Ճիշտ է նկատել Տարասավը. «Նիկոլ Փաշինյանի նվիրվածությունը Մոսկվային՝ ստիպված լոյալություն է»: Անհասկանալի է նրա հետևյալ միտքը. «Հայերը…ռուսական ռեսուրսը պետք է օգտագործեին իրենց նպատակներին հասնելու համար, այնինչ ետ հրեցին այդ ռեսուրսը, իսկ Ալիևը, որը ո՛չ ՀԱՊԿ, ո՛չ ԵԱՏՄ անդամ չէ, 100 տոկոսով այդ ռեսուրսն օգտագործեց՝ դրան հավելած՝ նաև Թուրքիայինը»: Ինչպես են հայերը «ետ հրել ռուսական ռեսուրսը»: Այն որ Փաշինյանն ընդունելի չէ ռուսական կողմի համար, հասկանալի է: Բայց, 100 տարվա ընթացքում, արդյոք չի՞ եղել Հայաստանի մի ընդունելի ղեկավար, որի տրա­մադրության տակ դրվեր «ռուսական ռեսուրսը», ինչպես դա արեց Թուրքիան՝ Ադրբեջանի համար: Եղել է, ուղղակի ադրբեջանցիների նման վճարունակ չի եղել:

Այնուհետև «ջրերը պարզվում են», երբ նա ասում է. «Առևտրային հարա­բե­րությունները մեծ տեղ ունեն: Ադրբեջանն ամեն ինչ գնում է, վճարում է, իսկ Հայաստանին անվճար նվիրում են, սա է հարցը, իսկ Թուրքիայի հետ Ռուսաստանը մեծ խաղի մեջ է, մեծ նարդի է խաղում, որոնց ընթացքում՝ խորոված է վայելում: Տեսնենք, թե ինչպես են իրադարձությունները զարգանում Աֆղանստանի շուրջ, սա ևս ռուս-թուրքական մեծ խաղի մի մաս է»:

Փաստորեն, Հայաստանը հերթական անգամ զոհ գնաց համաշխարհային իմպերիալիզմի կապիտալի շահերին և ռուս-թուրքական մեծ խաղին: Թեպետ, մենք կորցնելու քիչ բան ունենք: Այ, Միջին Ասիայի «վառոդի տակառը» պայթելու դեպքում, դժվար է ասել, թե ինչ կլինի: Ռուսաստանի «գլուխն ավելի խառնվեց», երբ ամերիկացիներին Աֆղանստանում փոխարինեցին թուրքերը: Այնպես որ, России не до Армении! Նորմալ է: Ինչու՞ պետք է այս կամ այն երկիրը, իր հոգսերը թողած, զբաղվի ուրիշների խնդիրները լուծելով: Ուղղակի, պետք է սպասել թալիբների՝ մեր տարածաշրջան ժամանելուն: Թուրքիայի «զինանոցը», ի թիվս սիրաիցի ահաբեկիչ­ների, համալրվեց ավելի հզոր ուժերով:

Գագիկ Վարդանյան