Քսենոֆոբիայի դեմ նույնիսկ ադրբեջանական մամուլն է բողոքում

Քսենոֆոբիայի դեմ նույնիսկ ադրբեջանական մամուլն է բողոքում

Ալիեւյան քարոզչամեքենան թույլ է տվել հերթական հիմարությունը: Վարչախմբի սպասարկու 1news.az-ը մի անստորագիր նյութ է հրապարակել, որտեղ ընդդիմադիր բլոգերներ  Էմին եւ Մեհման Հուսեյնովներին մեղադրել է իրենց մոր ազգությունը թաքցնելու մեջ: Ինչ-որ արխիվային փաստաթղթերի լուսապատճեններ են հրապարակվել, որոնք, իբր, հաստատում են, որ Հուսեյնովների մայրն իրականում ոչ թե Ֆրանգիզ Իբրահիմ գըզը Բաղիրզադեն, այլ՝ Եվգենյա Գրիգորեւնա Օգանեսովան է: Հոդվածի հեղինակը մանվածապատ շարադրանք է հյուսել, որ Եվգենյա Օգանեսովան 20 տարեկանում որդեգրվել է Ղրիմի թաթարական ծագում ունեցող ամուսինների կողմից եւ այդ ընթացքում էլ փոխել անունը, հայրանունը եւ ազգանունը:

Ըստ հոդվածի՝ որդեգրումը տեղի է ունեցել Ղազախստանի Կուստանայ քաղաքում, բայց հրապարակված փաստաթղթերն ունեն ադրբեջանական տարբերանշաններ եւ այդրբեջաներեն գրառումներ: Այս կապակցությամբ «Թուրան» գործակալության մեկնաբանը կասկած է հայտնել, որ դրանք կեղծված են, քանի որ խորհրդային Ղազախստանում չէին կարող լինել ադրբեջանական ձեւաթղթեր: Բայց խնդիրը դրանով չի ավարտվում: «Թուրանի» հեղինակն արդարացիորեն գտնում է, որ ալիեւյան քարոզչությունը բացահայտել է այլատյաց էությունը: Ստացվում է, որ Ադրբեջանում ազգային պատկանելիության համար մարդուն կարելի է մեղադրանք ներկայացնել, մինչդեռ երկրի սահմանադրությունը բոլոր քաղաքացիներին հավասար է ճանաչում՝ անկախ սեռից, ազգային ծագումից, մաշկի գույնից եւ դավանանքից: «Թուրանը» խնդիրը շատ կտրուկ է դնում՝ վերահիշյալ կայքի գլխավոր խմբագիրը, խայտառակության համար պատասխանատվությունն անձամբ իր վրա վերցնելով, պետք է հրաժարական տա: ,,Եթե դա տեղի չունենա, ապա մենք հայերին  տալիս քարոզչական պատերազմի հզոր զենք ենք տալիս»- եզրահանգում է «Թուրանի» մեկնաբանը: Ըստ երեւույթին, Ադրբեջանում բոլորը չէ, որ կիսում են ալիեւյան քարոզչության մոտեցումները: Ավելի ճիշտ, կան մարդիկ, որոնց համար երկրի հեղինակությունը բավական թանկ է: Եւ նրանք ամեն ինչ անում են, որպեսզի Ադրբեջանը հնարավորինս դրական վարկանիշով ներկայացվի: Ինչպես տեսնում ենք՝ չի ստացվում: Վարչախումը բութ հետեւողականությամբ առաջ է տանում հայատյացության իր քաղաքական գիծը, ինչը գրեթե զրոյացնում է հայ-ադրբեջանական հանրային երկրխոսության հնարավորությունը: Արժե՞ ժամանակ, միջոցներ եւ նյարդեր ծախսել, եթե ի սկզբանե հայտնի է, որ ալիեւյան վարչախումբը պաթոլոգիկ ատելություն ունի հայերի եւ հայկականության հանդեպ: