15 տարեկան «Հրապարակ»

15 տարեկան «Հրապարակ»

Երեկ լրացավ «Հրապարակ» օրաթերթի 15 տարին: 15 տարի` յուրաքանչյուր աշխատանքային օր մեր թերթը դրվել է ընթերցողի սեղանին` փորձելով բավարարել նրա` տեղեկացված լինելու իրավունքը: 15 տարի ամեն օր` մեր փոքրիկ թիմով, փորձել ենք ներկայացնել այն, ինչը չի ներկայացնում իշխանամետ մամուլը: Աշխատել ենք դառնալ ձեր աչքն ու ականջն այնտեղ, որտեղ ՀՀ քաղաքացին մուտք չունի, որտեղ ՀՀ քաղաքացին ունի խնդիրներ եւ չլուծվող հարցեր:

Ամեն ինչ արել ենք, որ ՀՀ քաղաքացու կողմից լիազորված անձի իրավունքով հետեւենք իշխանավորներին, որ նրանք չյուրացնեն հանրային միջոցները, չչարաշահեն իրենց լիազորությունները, իրենց տնօրինած լծակները չգործադրեն հօգուտ իրենց, ի վնաս` հասարակության: Եղել ենք այնտեղ, որտեղ կա բողոք, դժգոհություն, արդարացի պահանջ, պետական բյուրոկրատական պատին բախվող անձի խնդիր: Հետեւել ենք, որ քրեական գործերի քննություններն օբյեկտիվ ընթանան, ամբաստանյալների իրավունքները չոտնահարվեն, եւ անգամ դատավորների իրավունքների պաշտպանությամբ ենք հանդես եկել: Կրթության եւ մշակույթի, առողջապահության եւ հանրային կյանքի այլ ոլորտների խնդիրներին ենք անդրադարձել: Փորձել ենք լինել հետաքրքիր, բազմազան եւ օպերատիվ: Մեզ չսիրողներ շատ կան, բայց սիրողներն էլ քիչ չեն: Մեր հրապարակումների արդյունքում հազարավոր հարցեր են լուծվել, մեզ դիմողներից շատերը գոհ ու բավարարված են հեռացել, բայց դժգոհներն ու խոցվածներն էլ քիչ չեն:

Մենք չենք առաջնորդվել բոլորին բավարարելու, սիրաշահելու սկզբունքով, բայց մեր դռները բաց են եղել բոլորի առաջ` ներկաներից հալածվող նախկինների, պաշտոններից հեռացված չինովնիկների, սայթաքած մարդկանց: Մի խոսքով` արել ենք մեր ուժերի ներածի չափով: Եթե ինչ-որ բանում թերացել ենք, ներողամիտ եղեք: