Զելենսկին ահազանգում է. ի՞նչ է կատարվում Ուկրաինայում

Հունվարի 15-ի առավոտյան Ռուսաստանը հերթական անգամ սկսել է Ուկրաինայի զանգվածային գնդակոծությունը: Առաջին պայթյունները որոտացել են Խարկովում, այժմ օդային տագնապ է ամբողջ երկրում, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանն այսօր ավելի քան 40 հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ։
«Ռուսաստանի հերթական զանգվածային հարվածը. Ձմռան կեսն է, իսկ ռուսների համար թիրախը մնում է նույնը՝ մեր էներգետիկ ոլորտը»,- գրել է ուկրաինական պետության ղեկավարը Telegram-ում։
Զելենսկին նշել է, որ ռուսական զորքերը թիրախավորել են Ուկրաինայի գազային ենթակառուցվածքները և էներգետիկ օբյեկտները։
«Կիրառվել է ավելի քան 40 հրթիռ, այդ թվում՝ բալիստիկ։ Առնվազն 30-ը ոչնչացվել է։ Գիշերվա ընթացքում արձակվել են նաև ավելի քան 70 ռուսական հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Մեր հակաօդային պաշտպանության և ներգրավված բոլոր ստորաբաժանումների շնորհիվ մենք պահպանում ենք մեր էներգետիկ համակարգի աշխատանքը»,- նշել է Զելենսկին։
Միաժամանակ Ուկրաինայի նախագահը հիշեցրել է, որ դաշնակիցները Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում և Ռամշտեյնի հանդիպման ժամանակ տվել են խոստումներ, որոնք դեռ ամբողջությամբ չեն իրականացվել։
«Մենք խոսեցինք նաև ՀՕՊ համակարգերի և հակահրթիռային համակարգերի արտադրության լիցենզիայի մասին, որը կարող է դառնալ Ուկրաինայի անվտանգության արդյունավետ երաշխիքներից մեկը, և դա նույնպես իրատեսական է և պետք է կատարվի։ Մենք երախտապարտ ենք բոլորին, ովքեր օգնում են մեր պետությանը։ Բայց սա զգալիորեն ավելին է, քան մեր պետության կարիքները։ Հենց հիմա Ուկրաինայի պաշտպանությունը ստուգում է, թե արդյոք Եվրոպան և ընդհանրապես ժողովրդավարական աշխարհը ի վիճակի են դադարեցնել պատերազմները՝ հուսալիորեն և երկար ժամանակով»,- ընդգծել է նա։
Կարծիքներ