Եվրամիությունը չի կարող Հայաստանի իշխանություններից ավելի հայամետ լինել
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նոր հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն JAMnews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ շատ ուրախ է Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների դինամիկայով, ողջունել է երկկողմ համագործակցության արդյունքում տեղի ունեցող դելիմիտացիան և դեմարկացիան, ինչպես նաև միմյանց ինքնիշխանությունը հարգելը: Նաև հայտարարել է, որ ողջունում է, որ Ադրբեջանը 2023-ին վերադարձրել է հայ բանտարկյալներին, Հայաստանն էլ` COP-ի հարցում զիջման է գնացել: Սակայն ոչ մի խոսք այն մասին, որ ադրբեջանական զինուժը Հայաստանի տարածքում է, իսկ Բաքվի բանտերում հայ գերիներ են խոշտանգվում:
Քաղաքագետ Արա Պողոսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Գրոնոն` մասնագիտական հմտություններից ելնելով, որպես հակաժգնաժամային մասնագետ և կոնֆլիկտներով զբաղվող անձ է իրեն դրսևորել նախկինում իր զբաղեցրած բոլոր պաշտոններին ու այս հարցազրույցում դրանք դրսևորվել են: «Դատելով հարցազրույցից, Գրոնոն փորձում է հնարավորինս չեզոք դիրքերից հանդես գալ և սա իրականում հասկանալի է` այն իմաստով, որ փաստորեն աշխատելու է ոչ միայն Հայաստանի կամ Վրաստանի հետ, այլ ընդհանուր Վրաստանի և Հարավային Կովկասի պատասխանատուն է, ինչը նշանակում է, որ նաև Ադրբեջանի հետ պետք է ստեղծի լուրջ կոմունիկատիվ կապ: Ի սկզբանե բնականաբար դա պետք է լինի կառուցողական մոտեցմամբ, որովհետև ոչ կառուցողական մոտեցման պարագայում պարզապես Ադրբեջանը մերժելու է որևէ աշխատանք ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ: Այստեղ հնարավորինս փորձ է արվել օպտիմիստական կամ հնարավորինս մոտենալ որպես կոնֆլիկտային իրավիճակների կառավարման կամ կարգավորման դիրքերից և փորձ է արվում փաստորեն հնարավորինս չեզոք լինել թե Հայաստանի, և թե Արդբեջանի միջև հարաբերությունների իմաստով: Այս մասով, ես կարծում եմ, հարցազրույցը բավականին չափված-ձևված հարցազրույց էր, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի մասով պատասխանը: Եվ կարծես թե տպավորություն է ստեղծվում, որ հույս ունի, այնուամենայնիվ, հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը ինչ-որ պահի կվերադառնա ԵՄ ստեղծած հարթակներում հանգուցալուծում ստանալու հնարավորությանը: Մյուս կողմից պետք է նկատի ունենանք, որ թեպետ այս պահին Հայաստանի իշխանությունները որդեգրել են որոշակի վարքագիծ և ունեն Արդբեջանի հետ հարաբերություններում որոշակի մոտեցումներ, Եվրոպական միությունը նույնիսկ պահպանելով իր սկզբունքային տեսակետները, չի կարող Հայաստանի իշանություններից ավելի հայամետ գտնվել և փորձել Ադրբեջանի հակահայկական գործողությունները դատապարտել այն դեպքում, երբ մենք դա չենք տեսնում նույնիսկ Հայաստանի իշխանությունների կողմից»,-ասաց Պողոսյանը:
Քաղաքագետը նշեց, որ ավելին պետք չէ ակնկալել արեւմտյան գործիչներից, և եթե մենք ակնկալիք ունենայինք, դա պետք է մեր կողմից սկսված, ծավալված պայքարի նկատմամբ իրենց վերաբերմունքը լիներ, իսկ այդպիսի պայքար չկա և տրամաբանական է, որ հիմա թե ԵՄ-ի և թե հատկապես իրենց ներկայացուցչի առաքելությունը տարածաշրջանում լինելու է փորձել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը գոնե ինչ-որ առումով պահել իրենց ազդեցության տակ՝ հակառակ պարագայում ԵՄ շահերը մեր տարածաշրջանում վտանգված կլինեն, հատկապես, եթե դա տեղի ունենա միակողմանի վարքագծի դրսևորմամբ, ինչպես Ֆրանսիայի դեպքում էր, որը որդեգրելով միանշանակ պրոհայկական կեցվածք՝ Բաքվի կողմից արժանացավ այնպիսի վերաբերմունքի, ինչպիսին պատկերացնելը հնարավոր չէր: «Հնարավոր չէր պատկերացնել, որ Բաքուն կհանդգնի աշխարհի առաջատար դերակատարներից մեկի նկատմամբ ոչ միայն խոսույթի մակարդակում, այլ նաև քայքայիչ գործունեություն ծավալել հենց ֆրանսիական տարածքում: Վերադառնալով տիկին Գրոնոյին, պետք է նկատի ուեննանք, որ մենք իր հետ աշխատելու կարիքն ունենք, մեր տեսակետները հասցնելու կարիքն ունենք և ինչպիսին կլինի իր վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ, Ադրբեջանի նկատմամբ, դա կախված կլինի նրանից, թե ինչպիսին կլինի Հայաստանի իշխանությունների և հանրային դիվանագիտության մոտեցումն ու աշխատանքն իր հետ և ինչպիսին կլինի ադրբեջանական կողմինը»,-ասաց քաղաքագետը:
Արա Պողոսյանը կարծում է, որ մենք հնարավորություններ ունենք Գրոնոյի միջոցով որոշակի հայանպաստ, թեկուզ դեկլարատիվ բնույթի աջակցություն ստանալու, սակայն հաշվի առնելով մեր իշխանությունների վարքագիծն ու քաղաքականությունը՝ այս առումով ինքը հույսեր չունի:
Կարծիքներ