Կարող ենք ասել, թե ինչ զարգացումներ կարող են լինել, բայց արդյունքը գուշակել չենք կարող

Կարող ենք ասել, թե ինչ զարգացումներ կարող են լինել, բայց արդյունքը գուշակել չենք կարող

Հարցազրույց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ 

- Պարոն Բադալյան, արդյոք սա՞ էր այն ճիշտ տարբերակը, որով պետք է գնար իշխանությունը՝ ՍԴ խնդիրը լուծելու համար:
 
- Իհարկե սխալ է, որովհետեւ, երբ իշխող քաղաքական ուժը գալիս է իշխանության, պետք է ցույց տա երկրի զարգացման իր տեսլականը, թե ինչպիսի երկիր է ցանկանում ունենալ հինգ, տասը տարի հետո: Ըստ այդմ, նոր այդ տեսլական երկրին համապատասխան Սահմանադրություն մշակել՝ ստեղծելով համապատասխան մասնագիտական հանձնաժողով եւ ընդունելով հանրաքվեով այդ Սահմանադրությունը: Խնդիրն այն է, որ դու տեսլական ես ցույց տալիս, թե ինչ ես ուզում, քո ուզած երկրում դու կառուցում ես Սահմանադրություն, տեսնում ես՝ քո գործող Սահմանադրությունը որքանով չի համապատասխանում դրան եւ այդ չհամապատասխանող մասերը վերացնում ես: Մոտավորապես այս սկզբունքով պետք է աշխատել, ոչ թե ընդամենը իրենց չենթարկվող Սահմանադրական դատարանի դատավորներին վերացնելու համար անցկացնել հանրաքվե: Ամբողջովին սխալ ճանապարհով է գնում, սա անձնիշխան համակարգի ամրապնդում կամ, ավելի ճիշտ կարող ենք արդեն ասել՝ ավտորիտար կառավարման մեթոդների իրականացում է: 

- Իշխանություններն ասում են, որ սահմանադրական ճգնաժամ կա երկրում, իսկ Սահմանադրական դատարանի ղեկավարը վերածվել է քաղաքական ընդդիմախոսի։

- Չկա Սահմանադրական դատարանի ճգնաժամ, ՍԴ-ի ղեկավարն էլ ընդդիմադիր ուժի չի վերածվել: Ուղղակի խնդիրն այն է, որ իշխող քաղաքական ուժը 2018թ. ապրիլ-մայիս ամիսների իրադարձություններից հետո, Հայաստանում կառավարման համակարգը, որ նախկինում սպասարկում էր քրեաօլիգարխիայի շահերին, հիմա դարձել է անձնիշխան համակարգ։ Այսինքն՝ այդ ամբողջ կառավարման համակարգը սպասարկում է մեկ անձի իշխանությանը, իսկ նման կառավարման համակարգն ունի իր փիլիսոփայությունը, մասնավորապես՝ այն չի հանդուրժում իրենց չենթարկվող կամ այլընտրանք հանդիսացող ինչ-որ կառույցների: Իրենց չենթարկվող կառույցը տվյալ դեպքում ՍԴ-ն է, իսկ այլընտրանքը կարող է դիտարկվել անգամ ԱԱԾ-ի նախկին տնօրենը, որը խոսում է, որ կարող է քաղաքական ուժ ձեւավորել: Իշխանությունն էլ տարբեր պատճառաբանություններով՝ ընդուպ մինչեւ օրենքներ խախտելով, փորձում է այդ համակարգը վերցնել իր հսկողության տակ: Սա է ամբողջ խնդիրը: Իհարկե, դարձնելուց հետո տարբեր խնդիրներ կարող են լուծել, երբ որ Սահմանադրական դատարանն իրենց ցանկալի դատավորներից բաղկացած լինի: 

- Ո՞ր դեպքում է հնարավոր, որ հանրաքվե տեղի չունենա։ Օրինակ՝ եթե ՍԴ դատավորները հրաժարական տան, ի՞նչ է լինելու։

- Դա ավելի կոնկրետ իրավաբաններն ու մասնագետները կասեն: Իրավաբանները նշում են, որ կարող են իշխանությունները չեղյալ հայտարարել հանրաքվեն, եթե դատավորները հրաժարական տան:

- Նախկին իշխանությունները, շատ իրավաբաններ դեմ են սահմանադրական հանրաքվեին, խոսում են դրա հակասահմանադրականության մասին՝ նշելով նաեւ, որ միջազգային հարթակներից քննադատությունները չեն ուշանա: Ի՞նչ կարող եք ասել այս առումով:

- Ես հենվելու եմ իրավաբանների կարծիքի վրա, եթե իրենք ասում են, որ հակասահմանադրական է, հավանաբար, ճիշտ են ասում: Ինչ վերաբերում է միջազգային կառույցների արձագանքին՝ կախված է այն հանգամանքից, թե ինչպես կաշխատեն Սահմանադրության դեմ գործիչները՝ քաղհասարակությունից կամ նախկին իշխող կառույցներից: Մի բան չմոռանանք՝ լրիվ բացահայտ Սահմանադրության խախտումով տեղի է ունենում հանրաքվե․ սա Եվրախորհրդի տարածքում դառնալու է նախադեպ: Դրանից հետո ցանկացած երկիր՝ լինի Ռումինիան, Բուլղարիան, Ուկրաինան, կարող է հանրաքվե անցկացնել եւ արդեն չքննարկել այդ հարցը Վենետիկի հանձնաժողովի եւ Եվրախորհրդի այլ կառույցների հետ: Եվ եթե փորձեն իրենց նկատմամբ ինչ-որ պատժամիջոցներ կիրառել, բոլորը ցույց են տալու Հայաստանի օրինակը: 


 Կանխատեսումներ կարող են կախված լինել, թե ով ինչպես կաշխատի եւ ով ինչ բովադակություն կդնի հանրաքվեի տակ: Իշխանությունն արդեն սեւ ու սպիտակի բովանդակություն է դնում քարոզարշավի հիմքում: Արդեն հասկանալի է, որ դա է դրվելու, հարցն այն է, թե մրցակիցներն ի՞նչ են դնելու իրենց կողմից իրականացվող քարոզարշավի հիմքում՝ զուտ մասնագիտակա՞ն, թե՞ այլ սկզբունք: Կախված դրանից, կարող ենք արդեն ասել, թե ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել, բայց արդյունքը գուշակել չենք կարող: