Եթե պրոպագանդան ճակատային է, այն հակադրվելու ցանկություն է առաջացնում

Եթե պրոպագանդան ճակատային է, այն հակադրվելու ցանկություն է առաջացնում

«Վազգեն, վերջին սպարապետը» ֆիլմը բուռն, միևնույն ժամանակ հակասական քննարկումների առիթ է դարձել: Ոմանք հիացած են այս ֆիլմով, ոմանք` հիասթափված: Ֆիլմը մեծ էկրաններ բարձրացավ մարտի 5-ին` Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը: Նրա կերպարը մարմնավորում է դերասան Խորեն Լևոնյանը: Ֆիլմի մասին «Հրապարակի» հետ զրույցում իր տպավորություններով կիսվեց կինոգետ Սիրանույշ Գալստյանը:

- Ես շատ կուզեմ անդրադառնալ ֆիմի անվանումին: Դրա հետ կապված բոլոր բացատրություններն ինձ այդպես էլ չեն համոզում: Ինչ որ պատճառաբանություններ են բերում, թե ինչու «Վերջին սպարապետ», սակայն մարդիկ պետք է կարողանան հասկանալ բառի ուժը, պետք է գիտակցեն, որ նման վրիպումներ, խոսքի սայթաքումներ չպետք է լինեն: Թեպետ Խորեն Լևոնյանը տաղանդավոր դերասան է, նաև հայրենասեր տղա է, սակայն ֆիլմի անվանումը շատ սխալ է:

- Ուզում եք ասել՝ ինչո՞ւ վերջին սպարապետ, հայ ազգի վերջն եկե՞լ է:

- Ես հենց դրան եմ դեմ, ուզում եմ հասկանալ, չգիտակցվա՞ծ, առանց հասկանալո՞ւ են նման անուն ընտրել, լեզվի սայթաքո՞ւմ է, թե՞ կոնկրետ մոտեցում է: Այդ հարցը պետք է ուղղել սցենարի հեղինակին: Ի դեպ` Լևոն Գալստյանի շնորհքի վրա չեմ կասկածում, ինչո՞ւ է նման անուն թույլ տվել:

- Ֆիլմը, որքան նկատել եմ՝ հիմնականում սերիալային նախասիրություններ ունեցողներն են հավանում, համեմատաբար` ավելի բարձր ճաշակ ունեցող մարդիկ այն չեն հավանել: Ի դեպ, նման թեմատիկայի ֆիլմերը կարևորո՞ւմ եք:

- Լսում էի Խորեն Լևոնյանի զրույցը լրագրողների հետ, նրա խոսքը ինձ շատ դուր եկավ: Նրա պատասխանները տեղին էին ու խելոք: Ընդհանրապես կինոն շատ կարևոր դերակատարություն ունի հասարակական-ազգային գիտակցության ձևավորման գործում, նորություն չէ սա: Երբ կինոյում լուրջ, խորքային հարցեր են շոշափվում, ապա դրանք պետք է արվեն չափից դուրս պատասխանատվությամբ, զգուշությամբ: Եթե ֆիլմում արծարծվող թեման ճակատային է և շատ պրոպագանդային ձևով է քարոզվում, այն կարող է նույնիսկ հակառակ էֆեկտ տալ:

- Ի՞նչ առումով՝ հակառակ էֆեկտ:

- Մարդկանց մեջ կա հակառակվելու ցանկություն: Չգիտես ինչու հոգեբանորեն մարդկանց մոտ հակադրվելու ցանկություն է առաջանում ինչ-որ բանի հանդեպ, երբ քարոզչական դոզան մեծ է: Օրինակ` ամերիկյան ֆիլմերում մշտապես մեծ տեղ է գրավել քարոզչությունը: Օրինակ` ամերիկյան ապրելակերպի քարոզչությունը, որ աշխարհի տարբեր անկյուններից բոլորը նայեն ու երազեն այդ մասին: Անգամ ապրելով ավելի լավ կյանքով, մարդիկ նայելով ամերիկյան ֆիլմեր ցանկանում էին լքել իրենց երկիրը և գնալ Միացյալ Նահանգներ: Ամերիկացի ռեժիսորների մոտ հաջողվել է այնպիսի քարոզչություն տանել, որ ամերիկյան կացութաձևը դառնա վարակիչ: Բայց իմ ասածն այն է, որ, եթե ուզում ենք արդյունքներ արձանագրել, այդ քարոզչություն ասվածը պետք է բավականին քողարկված կերպով անել: Քողարկված պրոպագանդան ծառայում է իր նպատակին: «Ֆորեսթ Գամփ» ֆիլմը ճիշտ այդպիսի ֆիլմ է: Ֆիլմը մանկամիտ մի մարդու մասին է, ով ունի մեծ սիրտ: Զարմանալիորեն նա դառնում է հայտնի ֆուտբոլիստ, պատերազմի հերոս և հաջողակ բիզնեսմեն: Նա դառնում է միլիարդատեր, բայց մնում է նույն մարդը: Ֆորեսթին սպասվում են մշտական հաջողություններ: Այս ֆիլմն այն մասին է, որ թերարժեք մարդն անգամ ամերիկյան իրականության մեջ կարող է մեծագույն հաջողությունների հասնել: Ֆիլմը ցույց է տալիս, որ մարդն անգամ սարսափելի վիճակում կարող է դառնալ սուպերմեն` ամերիկյան գաղափարի կրող: Ամերիկյան գաղափարը ու սուպերմենը, այս երկու մոդելները դրվել էին տղայի մեջ և քարոզչական ֆիլմ ստացել: Ամերիկացիներն այսպես կարողանում են քարոզչական մեծ աշխատանքներ կատարել: Մենք` հայերս այս հարցում շատ միամիտ ենք, հետ ենք մնացել: Մեր մեջ կան այնպիսի ցինիկները, որ կարող են հայրենասիրությունը մերժել, եթե ինչ-որ տեղ կա հայրենիք՝ իրենց համար մերժելի է: Ես նմանների հետ շփվել եմ: