Չարենցավանի «Ասկե գրուպ» ընկերությունը երկու շաբաթ չի աշխատի

Չարենցավանի «Ասկե գրուպ» ընկերությունը երկու շաբաթ չի աշխատի

Չարենցավանում գործող «Ասկե գրուպ» ընկերությունը, որը զբաղվում է ամրանների արտադրությամբ եւ ամենախոշորն է Հայաստանում, այսօրվանից ժամանակավորապես դադարեցնում է գործարանի աշխատանքը։ Պատճառն այն է, որ գործարանում կորոնավիրուսով վարակված աշխատակից կա, որը շփում է ունեցել մյուսների հետ, եւ հիմա վարակի տարածման վտանգ կա։ Այդ աշխատակիցն էլ վարակվել է իր հարազատից, որը վարչապետի մատնանշած Շենգավիթի կարի արտադրամասի աշխատակիցներից է։ «Ասկե գրուպ» ՓԲԸ հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հանրային առողջության հրամայականից ելնելով՝ որոշել են երկու շաբաթով դադարեցնել գործարանի աշխատանքը, իսկ աշխատողներին ուղարկել վճարովի արձակուրդի։ Նշենք, որ գործարանն ունի շուրջ 400 աշխատակից, որի մեծ մասը Չարենցավանի բնակիչներ են։

«Այս պահին մեկ հաստատված դեպք ունենք գործարանում, որն ուրբաթ օրվանից ինքնամեկուսացման մեջ է, իսկ գործարանն այսօրվանից երկու շաբաթով գնալու է վճարովի արձակուրդի, բոլորին խնդրել ենք, որ բոլորն ինքնամեկուսանան, մեր որոշումը նաեւ պարետատան հետ է համաձայնեցված»,- ասաց Վահան Հարությունյանը։

- Պարոն Հարությունյան, իսկ տնտեսական տեսանկյունից, որպես հարկ եւ միաժամանակ աշխատավարձ վճարող, ի՞նչ եք կարծում, բիզնեսը որքա՞ն կարող է գոյատեւել, որ ե՛ւ չաշխատի, ե՛ւ հարկ ու աշխատավարձ վճարի։

- Դա կախված է ինդիվիդուալ յուրաքանչյուր տնտեսվարողի հնարավորություններից, բիզնես կլինի, որ մի օր էլ չի կարող գոյատեւել, բիզնես էլ կլինի, որ երեք տարի էդ պայմաններում կգոյատեւի։

- Ձեր ընկերությունը, օրինակ, որքա՞ն ռեսուրս ունի, որ կարող է չաշխատել եւ վճարել աշխատողներին հարկադիր պարապուրդի դիմաց։ Մոտավոր հաշվարկ ունե՞ք։

- Հաշվարկ չունեմ, համենայնդեպս, առաջիկա ժամանակաշրջանում ոչ մի խնդիր չեմ տեսնում, որպեսզի վճարեմ եւ չաշխատեմ։ Մենք այս պահի դրությամբ երկու շաբաթով ենք ուղարկում արձակուրդի եւ ինքնամեկուսացման, ըստ այդմ՝ հետո, իրավիճակից ելնելով, որոշումներ կկայացնենք։ Բոլոր որոշումները կայացվում են ըստ իրավիճակի։

- «Ասկե գրուպը» խոշոր հարկ վճարող է համարվում, մոտավոր որքա՞ն հարկ է վճարում ընկերությունը, եւ որքա՞ն կնվազեն հարկերը, եթե չաշխատի գործարանը։

- Էսպես ասեմ․ հարկային պարտավորությունները նույնպես վճարման ենթակա են, ամեն դեպքում, ու էսօրվա չաշխատելը զուտ հարկային պարտավորությունները տեղափոխելու է մյուս ամսվա վրա, բայց, բնականաբար, դու ինչ-որ չափով իրացում չես ունենալու, եւ հարկերն ինչ-որ չափով կնվազեն։ Կոնկրետ մեր պարագայում, մենք այսօրվա դրությամբ երեք ամիս չաշխատենք եւ բոլոր պարտավորությունները կատարենք ե՛ւ աշխատողների նկատմամբ, ե՛ւ պետության նկատմամբ՝ հարկերի տեսանկյունից, բյուջեի վրա դա չի երեւա, որովհետեւ վերջնական հարկային պարտավորությունը մեզ մոտ առաջանում է մետաղը ծախելուց, իսկ մեր պարագայում մենք մետաղի բավականին մեծ պաշար ունենք կուտակած ուրիշ կազմակերպությունում՝ «Միկմետալում», որը, եթե Չարենցավանի գործարանը չաշխատի էլ, ամիսներ շարունակ Հայաստանի մետաղի ամբողջ պահանջարկը կբավարարի։ Այսինքն՝ հարկային տեսանկյունից մեզ մոտ, ըստ էության, նվազում չի առաջանում։

- Այդուհանդերձ, որքա՞ն հարկ եք վճարում պետությանը։

- Մի քանի հարյուր միլիոն դրամի ամսական օգուտ ենք տալիս պետությանը ու շարունակելու ենք տալ, էնպես չէ, որ էսօրվա կանգնելն ազդելու է, եթե կանգնելը լինի կարճաժամկետ, ասենք՝ մի ամիս կանգնի գործարանը, ոչ մի բանի վրա դա չի ազդելու։