Փարսադանյանական շեշտադրումներ Ավետիք Իսահակյանի գունեղ դափնեպսակին

Փարսադանյանական շեշտադրումներ Ավետիք Իսահակյանի գունեղ դափնեպսակին

Մարտի 17: 2009 թվականի այդ օրը իր 80-ամյակի շեմին երկրային կյանքն ավարտեց լոռեցի լրագրող,  գրող-հրապարակախոս, բանահավաք Ալբերտ Փարսադանյանը 

Լրագրող, բանաստեղծ-բանահավաք Ալբերտ Փարսադանյանը 19 տարեկան հասակում /1949 թ/ Պարույր Սևակի հրավերով մասնակցել է երիտասարդ գրողների հանրապետական երկրորդ խորհրդակցությանը: Մի շարք գրողների հետ այդ հանդիպմանը մասնակցել է նաև Ավետիք Իսահակյանը: Խորհրդակցության մասնակիցների մի խմբի լուսանկար զարդարում է Ա.Փարսադանյանի «Սրբացած մանունքներ» գրքի շապիկը: Սույն ժողովածուն անբարել է սրբացած մասունքների մի շարք՝ կապված Ավետիք Իսահակյանի հետ. 

Ճանաչված մանկագիր Սուրեն Մուրադյանը «Մեր օրերի գրիչը տարեգիրը» վերնագրված առաջաբանում նշել է իր սերնդի կողմից դպրոցական տարիներին պահվող «Հիշատակի տետրեր»-ի մասին, որտեղ հաճախ սիրային թոթովանքների կողքին տեղ էին գտնում Տերյանի, Իսահակյանի սիրային բանաստեղծությունները: Իրենց մեջ վառվում էր մեր պատմիչների հայրենասիրական շունչը, որոնց մեծանուն Իսահակյանը ձոնել է այս տողերը. 
Մեր հոյակապ հին վանքերի մութ խուցերում, մենության մեջ,
Պատմիչները մեր վշտահար, մեղմ կանթեղի լույսով անշեջ,
Մի նշխարով, մի կում ջրով և ճգնությամբ գիշերն անքուն,
Պատմությունը մեր գրեցին մագաղաթի վրա դժգույն…

…Ավետիք Իսահակյանը նախորդ դարի հիսունականներին եղել է Թալինում, լուսանկարվել քուրդ աշխատավորների և դպրոցականների հետ, ջերմ զրույցներ ունեցել, անջնջելի տպավորություն թողել նրանց վրա: Այդ մասին են վկայում գրող, լրագրող «Ռյա Թազա» թերթի խմբագիր Անարիկե Սարդարի տրամադրած լուսանկարները: Երգիծաբան, լրագրող Հրանտ Հորիզոնն էլ հիշում է մի լուսանկարի մասին, որտեղ Իսահակյանը  և խորհրդային միության հերոս Անդրանիկ Ղազարյանը միասին են: Այդ նկարում մյուս անձանց մասին ոչինչ հայտնի չէ: Մանկագիր Սուրեն Մուրադյանը գրքի 135-րդ էջ է բերել 2000թ Ավետիք Իսահակյանի նշանավոր թոռան` գրականագետ Ավիկ Իսահակյանի հետ իր լուսանկարը: Այդ նույն էջը նաև հիշեցրել է, որ 1940թ Խնկո Ապոր անվան գրադարանում նշվել է նրա 70 ամյակը, որին մասնակցել են Ավետիք Իսահակյանը, Հմայակ Սիրասը, Նաիրի Զարյանը և ուրիշներ: Մանկավարժ, բանասեր Ազատուհի Չալիկյանը որպես սրբացած մասունք ներկայացրել է դպրոցական տարիների մի լուսանկար, որտեղ ինքն անմիջապես նստած է Ավետիք Իսահակյանի կողքին: Լրագրող-նկարիչ Արմեն Սաթյանը «Սրբացած մասնունքներ»-ի  ընթերցողի հետ կիսել է իր հպարտությունը կապված տատի`բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ Վարսենիկ Աղասյանի, Ավետիք Իսահակյանի, Նար-Դոսի, Ստեփան Զորյանի կողքին իրեն տեսնելու հետ:

Ալբերտ Փարսադանյանի գրքում ուշագրավ նկարներով ներկայանում են նաև մանկավարժ, բանասեր, կենսագիր Ֆահրադ Սողոմոնյանը, մոդելագործ, արվեստագործ-դերասանուհի Սեդա Վարդանյանը, լուսանկարիչ, արվեստագետ, լրագրող Միքայել Քոչարյանը: 

Վերջում ափսոսանք եմ հայտնում, որ նկարները, որոնց մասին խոսվեց, տպագրության որակի հետ կապված ընթերցողին ներկայացնելու հնարավորություն չգտնվեց: Փոխարենը ուզում եմ, որպես սրբացած մասունք ներկայացնել նաև Ալբերտ Փարսադանյանի «Գիտելիքների շտեմարան-3» (Գիտե̉ք որ) գրքում զետեղված Ավետիք Իսահակյանի մանկության խաղընկերներից մեկի` ազգային բանահյուսության նշանավոր ներկայացուցիչ Պոլոզ Մուկուչի մասին:

Պոլոզ Մուկուչը մտացածին անձ չէ: Նա հայ ազգային բանահյուսական արվեստի նշանավոր ներկայացուցիչներից է: Ծնվել է 1881թ հունվարի 1-ին Գյումրիում, երկաթագործի ընտանիքում: Բուն անուն-ազգանունն է  Մկրտիչ Ղազարոսի Մելքոնյան: Եղել է աչքաբաց, սրախոս, մարդամոտ, հորինել է առակներ, սրամիտ խոսքեր, ստացել է «Պոլոզ Մուկուչ» մականունը: Մեծանալով, դարձել է մրգավաճառ, հետո ունեցել է թեյարան, ճաշարան, նաև խանութ: 50 տարեկան հասակում, 1931 թվականի փետրվարի 15-ին, մահացել է Թիֆլիսում, համաժողովրդական թաղում է տեղի ունեցել Գյումրիում: Ավետիք Իսահակյանը 1952 թվականին մահարձան է կանգնեցրել նրա շիրմաթմբի վրա: Մահարձանի վրա գրված է «Պոլոզ Մուկուչ», մյուս կողմում` «Հիշատակ բանաստեղծ Ավետիք Իսահակյանից»:

…Հիշենք ու գնահատենք մեր երևելիների անցած ճանապարհը: Հոգով զգանք, որ նրանց կյանքի ամեն մի ակնթարթ սրբացած մասունք է եղել: Այդ մասունքներն էլ ժամանակին, դեռ նրանց կենդանության օրոք, կազմել են նրանց գունեղ դափնեպսակը: Ապրողներիս պարտքն է բարձրաձայնել մեր նշանավոր հայրենակիցների կյանքի մանրամասները, նաև այդ կերպ ամբողջացնելով թարմացնելով նրանց գունեղ դափնեպսակները, քանզի Ֆրանսիական կինոյի հայազգի լեգենդ Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան) մեզ պատգամել է. «Հրաժարվել արմատներից, նշանակում է հրաժարվել ինքդ քեզնից»:

Վաղարշակ Ղորխմազյան