Քեռյանը «ստուգողական» է համարում Լավրովի առաջիկա այցը Երևան ու Բաքու

Քեռյանը «ստուգողական» է համարում Լավրովի առաջիկա այցը Երևան ու Բաքու

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցերով կլինի Հայաստանում և Ադրբեջանում։

Ապրիլի 29-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Լավրովը մայիսի 5-6-ին լինելու է Երևանում, իսկ մայիսի 10-11-ին՝ Բաքվում։ «Նախատեսվում են բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ։ Շփումների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ: Առաջնահերթ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների գործնական ասպեկտների իրականացմանը», - նշել էր Զախարովան:

ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ այցելության նպատակների վերաբերյալ կարելի է խոսել միայն ենթադրական կոնտեքստով։

«Քանի չեն եղել հանդիպումները, պաշտոնական հայտարարությունները, ոչինչ չենք կարող ասել։ Ամենայն հավանականությամբ, սա կապված է հետպատերազմյան շրջանում երեք կողմերի ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հետ՝ նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին։ Կարելի է ասել, որ փաթեթի կատարումն ինչ-որ մի տեղ Ռուսաստանի կողմից չի դիտվում բավարար։ Եվ հավանաբար Լավրովն այցելում է ճշտելու, թե որ կետում որ կողմն ինչքանով է թերացել, և ինչու ամբողջությամբ չեն կատարվել եռակողմ պայմանավորվածությունները։ Իհարկե Լավրովի այցը կարող է կապված լինել նաև Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դիրքորոշման կոշտացման հետ, որով նրանք գտնում են, որ հակամարտությունը լուծված չէ, և պետք է վերակենդանացնել Մինսկի խումբը», - նշեց քաղաքագետը։

Քեռյանը հիշեցրեց, որ Թուրքիայի և Ադրբեջանն ասում են, որ «Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է» և «Այլևս հետ չպետք է վերադառնալ նրան»։

«Ռուսաստանն առայժմ կիսաչեզոք լռություն է պահպանում։ Եվ պաշտոնապես երբևիցե չի ասել, որ հակամարտությունն ավարտվա՞ծ է, կարգավորվա՞ծ է, թե՞ ոչ։ Իսկ ահա Ֆրանսիայից և Միացյալ Նահանգներից բավականին բարձր կառավարող շրջանակներից քանի անգամ արդեն եղել է հայտարարություն, նույն Մինսկի խմբի համանախագահների այցելություն Բաքու, որտեղ Ալիևը նրանց բառի բուն իմաստով դուրս վռնդեց։ Հնարավոր է, որ Ռուսաստանը պետք է ճշտի նաև իր դիրքորոշումը՝ արդյո՞ք նա դիտում է այս հակամարտությունը կարգավորված և արդյո՞ք նա փորձում է վերակենդանացնել այդ ձևաչափը, թե՞ ոչ։ Սա երկրորդ ենթադրելիք դատողությունն է այցելության պատճառների հետ կապված։ Երրորդը ես կապում եմ նաև ռուս-թուրքական հարաբերություններում որոշակի վերաձևավորումների հետ։ Հատկապես, երբ որ Էրդողանը հանդիպեց Զելենսկուն և հայտարարեց, որ Ղրիմն Ուկրաինայի անբաժան մասն է, և թաքուն սկսել էր աջակցել Ղրիմի միգրանտային-հակառուսական շրջանակներին։ Սա շատ բացասական ընդունվեց Մոսկվայի կողմից։ Հիմա, եթե Մոսկվան կասկած ունի կամ փոխում է իր դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերություններում, հնարավոր է, որ դա փորձի անել Ղարաբաղյան հակամարտության ձևաչափում՝ այստեղ առավելագույնս նվազեցնելով Թուրքիայի ազդեցության լծակները։ Ինչու ոչ, նաև դուրս մղել նրան տարածաշրջանից, որովհետև ռուս-թուրքական համատեղ դիտորդական կետը, որ կա, չէ՞, Ղարաբաղի մոտ, ուրեմն սա դրվել է միայն ռուսների հավանությամբ», - ասաց ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչը։

Քեռյանը նշեց, որ եթե Խորհրդային Միության պատմությունը վերցնենք, ապա Խորհրդային ու Հետխորհրդային շրջանում առաջին անգամն է, որ թուրք զինվորականները մտնում են Կովկաս և ինչ-որ առաքելություն են իրականացնում։

«Հավանաբար կան էլի խնդիրներ, որոնք ռուսական կողմից հետաքրքրությունների շրջանակում են գտնվում։ Ռուսներն ուզում են մեն կերպ գործարկել երկաթուղին, որը Հյուսիսային Կովկասից կգա, Բաքվով կմտնի, այնուհետև Հայաստանի Զանգեզուրի տարածքով կգնա Նախիջևան, այնտեղից՝ դեպի Երևան։ Սա տրանսպորտային լուրջ հանգույց էր ամբողջ Խորհրդային Միության գոյության ժամանակներում։ Ի՞նչ իմանանք։ Գուցեև Ռուսաստանին այս հանգույցը պետք է աշխատեցնել, որովհետև դրանով կարող են բավականին արդյունավետ ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական բեռներ տեղափոխել։ Թուրքական ռազմական ներկայության մասին ես չեմ կարող պնդել, բայց շատ եմ կարդացել, որ թուրքերը ռազմական ներկայություն ունեն արդեն նաև Նախիջևանում։ Հիմա եթե երկաթուղին գալիս է Ռուսաստանից Ադրբեջանով, Զանգեզուրով և Նախիջևան է մտնում, սա արդեն նշանակում է, որ թուրքական ներկայությունը Նախիջևանում ևս դառնում է անցանկալի։ Սրանք ենթադրվելիք հարցեր են, որոնք որ շոշափվել են վերջին մի ամսվա ընթացքում և՛ հակամարտության շուրջ, և՛ Ռուսաստան- Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան քառակողմ հարաբերություններում։ Բայց ամենահավանականը, որ կարելի է ենթադրել, Ռուսաստանի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարության պարտավորությունների կատարման մոնիթորինգն է կամ ստուգողական այցը, թե ինչպես է կարող դրա իրականացումն արագացվել», - եզրափակեց Գարիկ Քեռյանը։