Թրամփը որոշեց չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները. քրիստոնյաները կշահե՞ն

Թրամփը որոշեց չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները. քրիստոնյաները կշահե՞ն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու որոշումը բխում է մի շարք պայմաններից։

Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ահաբեկչության դեմ պայքարի ավագ տնօրեն Սեբաստիան Գորկան՝ մեկնաբանելով Թրամփի և Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հանդիպումը, որը տեղի է ունեցել մայիսի 14-ին Էր-Ռիադում։

«Նա (Թրամփը) հիմա այս մարդուն՝ ալ-Ջուլանիին (ալ-Շարաայի նախկին մականունը՝ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանի) ասել է. «Դու հնարավորություն ունես կայունացնելու Սիրիան»։ Սակայն սա անվերապահ չէ։ Բացարձակապես պարզ է, որ փոքրամասնությունները, մասնավորապես՝ դրուզները, քրիստոնյաները, քրդերը, պետք է լինեն Դամասկոսի կառավարության մաս», - ընդգծել է Գորկան Politico թերթի կողմից կազմակերպված անվտանգության ֆորումում։

«Սա հնարավորություն է։ Սա պատուհան է Սիրիան կայունացնելու համար։ Կտեսնենք, թե ինչ կարող է անել ալ-Ջուլանին», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը.

«Տեսնենք՝ պետության գործող ղեկավարը կկարողանա՞ կատարել իր խոստումները։ Մենք լուրջ հարցեր ունենք»:

Գորկայի խոսքով, օրինակ, ԱՄՆ-ի վարչակազմը նկատի ունի «հազարավոր զինյալների», այդ թվում՝ օտարերկրացիների, «որոնք պահվում են Սիրիայի ողջ տարածքում գտնվող կալանավայրերում» խնդիրը։ 

«Ի՞նչ է լինելու նրանց հետ։ Արդյո՞ք նրանք հայրենադարձվելու են»։ - նշել է Գորկան։

Նրան խնդրել են պարզաբանել, թե արդյո՞ք Թրամփն այս բոլոր պահանջները ներկայացրել է ալ-Շարաային. «Հավատացեք ինձ, փակ դռների ետևում մենք այս վերապահումները շատ հստակ արտահայտել ենք»: