Հունվարի 21-ից «Երկիր մեդիան» եթերում չի լինի, հեռուստաընկերությունը դատարան է դիմել

Հունվարի 21-ից «Երկիր մեդիան» եթերում չի լինի, հեռուստաընկերությունը դատարան է դիմել

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը 2022 թվականի դեկտեմբերի 2-ին կայացած նիստում որոշեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման իրավունք տալ 4 հեռուստաընկերության։
Դրանք են՝ «Արմենիա TV» ՓԲ, «Ա-TV» ՍՊ, «Շանթ» ՍՊ, «Մուլտի մեդիա-Կենտրոն TV» ՓԲ ընկերությունները։ Մրցույթին մասնակցող Հ2 եւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններն ամենաքիչ միավորներն էին հավաքել։

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն իր խոսքում նշել էր, որ հաշվի են առնվել հեռուստաընկերությունների ֆինանսական եւ տեխնիկական բաղադրիչները։ Այսպիսով «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը դատական հայց է ներկայացրել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի դեմ, որպեսզի նախկինում 5 ազատ սլոթը, որը Հ2-ի ներկայացրած դատական հայցից հետո դարձել է 4, վերականգնվի: Դատարանը մեկ սլոթի մրցույթը չեղարկել է` հետագայում այն առանձին վիճարկելու համար:

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ վաղը «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթեր հեռարձակման վերջին օրն է, սակայն եթե անջատեն հեռուստաալիքը, ապա այդ սլոթը կմնա ազատ, ՀՌՀ-ն այն չի համարում օգտագործման ենթակա:

Եսայանի խոսքով` հունվարի 21-ից «Երկիր մեդիայի» հեռուստադիտողները կարող են իրենց հետեւել միայն կաբելային TV-ների միջոցով, իսկ ահա «Երկիր մեդիայի» ներկայացրած հայցի վերաբերյալ դատարանը հունվարի 19-ին պետք է վճիռ կայացներ` հայցը բավարարեր կամ մերժեր, սակայն այդպես էլ որեւէ վճիռ դեռեւս չի կայացրել` նիստը հետաձգվել է: «Հրապարակը» զրուցել է Բագրատ Եսայանի հետ:

- Ինչո՞ւ է դատարանը ձգձգում վճիռը հրապարակելու պրոցեսը: Ի վերջո, մի քանի ժամից «Երկիր մեդիան» այլեւս եթերում չի լինի:

- Դատարանը հունվարի 19-ին պետք է որոշում կայացներ` ընդունե՞լ հայցը, թե՞ ոչ, սակայն դեռեւս պատասխան չկա: Դատական հայցը ՀՌՀ-ի դեմ է: Մենք դիմել էինք ՀՌՀ-ին, որպեսզի իր նախորդ որոշումը, որը կայացվել էր 2022-ի օգոստոսին, վերանայի: Դատարանը որոշում էր կայացրել չեղյալ համարել հինգ սլոթի արդյունքները, հեռուստաընկերությունները դիմել էին ՀՌՀ-ին` եթերը չանջատելու խնդրանքով, նկատի ունենալով քաղաքացու տեղեկություն ստանալու իրավունքը: ՀՌՀ-ն TV-ների այդ դիմումը բավարարել էր: ՀՌՀ-ի որոշումը հետեւյալն էր` մինչեւ հինգ սլոթների ամփոփումը դատարանի որոշմամբ լիցենզիայից զրկված հինգ հեռուստաընկերություններին թույլատրել եթեր հեռարձակելու իրավունք, սակայն 2022-ի դեկտեմբերին մրցույթ հայտարարվեց չորս հեռուստաընկերության համար, հինգերորդ սլոթը մնաց մրցույթից դուրս, քանի որ կիրառվել էր արգելանք: Փաստացի հինգերորդ սլոթն արգելանքի տակ է այսօր, եւ այն, մեր կարծիքով, կարող է օգտագործել «Երկիր մեդիան»: Մենք դիմել էինք, որպեսզի հանձնաժողովը մեր եթերը չանջատի, քանի որ սլոթն ազատ է, սակայն մեզ մերժել են: Դիմել ենք դատարան:

- Այսինքն` կա ազատ սլոթ, սակայն ՀՌՀ-ի քմահաճությամբ այն չի տրամադրվում «Երկիր մեդիային»: Արգելանքի պատճառը ո՞րն է:

- Այո, սլոթն ազատ է, դրանով ոչինչ չի հեռարձակվելու:

- Ըստ Ձեզ` ինչո՞ւ է Տիգրան Հակոբյանի ղեկավարած ՀՌՀ-ն նման որոշում կայացրել: Սա քաղաքակա՞ն քայլ է:

- Հինգերորդ սլոթն արգելանքի տակ է հայտնվել: Սլոթն ազատ է մնալու այնքան ժամանակ, մինչեւ նոր մրցույթ հայտարարվի:

- Փաստորեն, ՀՌՀ-ն նախընտրեց «Կիսաբաց լուսամուտներ» հեռարձակող, հնդկական սերիալներ ցուցադրող TV-ներին, սակայն ոչ «Երկիր մեդիային»: Հատկանշական է, որ ՀՌՀ անդամների շարքերում կան, այսպես կոչված, մտավորականներ: Օրինակ, գրող, մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը, ով զօրուգիշեր պայքարում էր աղավաղված խոսքի եւ անճաշակության դեմ, այսօր փաստացի նախընտրում է վերոնշյալ ցածրորակ պրոյեկտները, սակայն ոչ ձեզ: Ինչո՞ւ:

- Բնականաբար, պատճառը քաղաքական է: Որոշումն ամբողջությամբ տեղավորվում է այս իշխանությունների քաղաքական մոտեցումներում: Ես այլ բան չեմ կարող ասել:

- Ե՞րբ կանջատվի հեռուստաալիքը:

- Հունվարի 21-ին: Մեր հեռուստադիտողները կարող են հետեւել մեզ կաբելային ցանցերի միջոցով: Եթեր վերադառնալու պայքարը շարունակվելու է: