Ով կամ ինչն է խանգարում զոհվածների ծնողներին

Ով կամ ինչն է խանգարում զոհվածների ծնողներին

Երեկ Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, 1 ամիս 15 օր ժամկետով կալանավորեց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առեւանգման գործով։

Հիշեցնենք, որ երեկ այս գործով առաջին դատական նիստն էր: Նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Աշոտ Փաշինյանը նշել էր. «Ինձ չեն համոզել, ես իմ կամքով եմ նստել մեքենան, առեւանգումը մեքենան նստելուն չէր վերաբերում։ Առեւանգումը սկսվեց այն պահից, երբ ես ցանկացա մեքենայից իջնել, բայց տիկին Գայանեն թույլ չտվեց։ Տիկին Գայանեն ինձ նախօրոք չէր ասել, որ Եռաբլուր ենք գնալու»։

Նկատենք, որ Վերաքննիչ դատարանի կողմից սահմանված տնային կալանքը, ըստ էության, մի քանի ժամ տեւեց, փաստաբան Հովսեփ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Աշոտ Փաշինյանը դատարանում դիրիժորություն է արել, եւ հենց նրա հայտարարություններն են հիմք հանդիսացել, որպեսզի Գայանե Հակոբյանը կալանավորվի: Զոհված զինծառայողների ծնողները երկու շաբաթ առաջ հայտարարեցին, որ դադարեցնում են Հանրապետության հրապարակում տեղի ունեցող նստացույցը, սակայն պայքարը չեն ավարտում: Ինչպես տեսնում ենք, սայլը տեղից չի շարժվում, անգամ մենք տեղեկացանք, որ ծնողներից շատերը երեկ դատարան չէին գնացել: Մենք մի քանի հարց ենք ուղղել «Որդիների կանչ» ՀԿ նախագահ, 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հորը` Վահիդ Սահակյանին:

- Պարոն Վահիդ, երեկ դատարանը 1 ամիս 15 օրով կրկին կալանավորեց տիկին Գայանեին: Չե՞ք ցանկանում ընդվզել, պայքար սկսել: Ի վերջո` ասացիք, որ պայքարը չեք ավարտում: Կարծիքներ կային, որ ձեր լռությամբ օգնում եք Գայանե Հակոբյանին, եւ նա այդկերպ դուրս կգա կալանավայրից, սակայն տեսանք լրիվ հակառակը:

- Չեմ կարողանում ոչ մի կերպ մեկնաբանել: Դատարանը հանցագործ վճիռ կայացրեց:

- Անգամ ծնողներից շատերը չէին եկել դատարան՝ Գայանե Հակոբյանին աջակցելու: Ինչո՞ւ:

- Ասեմ, որ ես` ինքս, մոտ հարյուր ծնող տեսել եմ դատարանում, ներսում կար մոտ հիսուն ծնող: Քաղաքացիներ էլ կային:

- Ինչո՞ւ ակցիաներ չեք իրականացնում: Նստացույցը դադարեցրիք, բայց հայտարարում էիք, որ Գայանեի ազատությունը թիվ մեկ խնդիրն է։

- Ես ոչ մի բան չեմ կարող ասել ու անել, այսօր թիվ մեկ խնդիրը Գայանեի խնդիրն է, գուցե վաղը դուրս գալու հարկ լինի:

- Ինչի՞ն եք սպասում, ի՞նչ պետք է լինի, որ պայքարեք: Օրեր առաջ դեռ հույս կար, որ կալանքը կփոխեն, իսկ երեկ Գայանեն մեկ ամիս 15 օրով կալանավորվեց: Էլ ի՞նչ պետք է լինի դրանից ավելի, ուզում եմ դա հասկանալ:

- Չեմ իմանում, չեմ կարող պատասխանել:

- Դուք՝ որպես զոհվածի հայր, Ձեր անունից միայն խոսեք թեկուզ, ոչ թե բոլորի:

- Ես իմ տեղն եմ խոսում: Գայանեի շահերն ամեն ինչից վեր են:

- Ո՞րն է Գայանեի շահը, դա եմ ուզում հասկանալ:

- Վստահորդներն ասել են՝ իրավական ճանապարհով հարցը լուծելու ձեւ կա, չպետք է հարցը քաղաքականացնել, դրա համար էլ չենք քաղաքականացնում: Ուզում ենք, որ հարցն իրավական ճանապարհով լուծում ստանա: Փաստաբանները բողոքարկելու են դատարանի վճիռը:

ՀԳ․ Գայանե Հակոբյանին կալանավորելուց հետո զոհվածների ծնողները նստացույց էին սկսել կառավարության շենքի մոտ՝ նրան ազատ արձակելու պահանջով։ Այդ օրերին Գայանեի հարազատները որոշում կայացրին, որ իրենք են զբաղվելու նրա ազատ արձակմամբ։ Ասում էին, որ վարչապետի կինը նրանց խոստացել է՝ պայքարը դադարեցնելու դեպքում Գ․ Հակոբյանն ազատ կարձակվի։ Այդ պատճառով էլ հարազատները ստիպեցին ծնողներին, որ մեկ օրվա ընթացքում նստացույցը դադարեցնեն, եւ փաստաբանների նախկին թիմից՝ Ռուբեն Մելիքյանից հրաժարվեցին։ Բայց կյանքը ցույց տվեց, որ գործարքի գնալ չի կարելի, որ գործարքի գնացողները միշտ տուժում են․ մի կողմից՝ հեղինակազրկվում են, որ պատրաստ են համագործակցել նրանց հետ, ում դեմ պայքարում են, մյուս կողմից՝ հաճախ նրանց խաբում են։