ՀՀ-ն իր զինված ուժերին բերում է 1-ին մարտական պատրաստվածության, և դա ճիշտ է

ՀՀ-ն իր զինված ուժերին  բերում է 1-ին մարտական պատրաստվածության, և դա ճիշտ է

Սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 5-ը ՀՀ զինված ուժերը լայնածավալ զորավարժություն կանցկացնեն, ներգրավված կլինի նաև պահեստազորը։ Այժմ ընթանում է պահեստազորի զորահավաքը, Ֆեյսբուքում արդեն տեղադրվում են «պավեստկաների» լուսանկարները։ ՊՆ-ն տեղեկացնում է, որ զորավարժությունները բացառիկ են լինելու՝ մարտական ներդաշնակման, պաշտպանությունից հարձակում և հակառակորդի ոչնչացում: «Պաշտպանական եզակի միջոցառում, որին ներգրավված են ողջ երկիրն ու յուրաքանչյուրը»,- ասում է ՊՆ-ն։ Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը կարծում է, որ ՀՀ-ն ճիշտ է վարվում՝ իր զինված ուժերը 1-ին մարտական պատրաստվածության բերելով, քանի որ սահմանին բավականին լուրջ ադրբեջանական ուժեր կան կենտրոնացված․ 

«ՀՀ-ն իր զորքերը բերեց 1-ին մարտական պատրաստվածության։ Այս պահին Ադրբեջանում ընթանում են 3 լայնամասշտաբ զորավարժություններ, որից մեկն անցկացվում է Թուրքիայի զինված ուժերի հետ համատեղ՝ լայնածավալ ռազմաօդային ուժերի ներգրավմամբ, բացի այդ` սահմանին օպերատիվ-մարտավարական զորավարժություն են անցկացնում՝ մոտ բերելով 10 հազար զինծառայող, 170 միավոր հրթիռահրետանային սպառազինություն, 120 միավոր զրահատանկային տեխնիկա։ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում միաժամանակ ընթանում է հրամանատարաշտաբային զորավարժություն՝ մեր սահմանին շատ մոտ։ Թուրքիայի գենշտաբի և Ադրբեջանի գենշտաբի պլանն այն է, որ միաժամանակ ադրբեջանական և նախիջևանյան ուղղություններով հարձակվեն Հայաստանի վրա՝ պատերազմի դեպքում։ Այդ զորավարժություններն ընթանում են մարտական դիրքերին շատ մոտ, ադրբեջանական կրակադաշտերը գտնվում են հայկական դիրքերին բավականին մոտ, և դու չգիտես, թե իրեն սպառազինությունը կրակադաշտի թիրախնե՞րն է խոցելու, թե՞ հայկական դիրքի վրա կրակ կբացի։ Իսկ պատերազմը հենց այնպես չի սկսվում, պատերազմ սկսելուց առաջ յուրաքանչյուր երկիր պետք է թիկունքից մոբիլիզացնի իր ուժերը։ Զորավարժության անվան տակ Ադրբեջանն այս տարի հազարավոր զինծառայողներ է կուտակել սահմանին։ Հայաստանի Հանրապետությունն էլ իր զինված ուժերը բերել է առաջին մարտական պատրաստվածության։ Որպեսզի քաղաքացիական անձանց մոտ խուճապ չլինի, փաստացի տեղի է ունենում զինված ուժերի անվան տակ։ Դա շատ ճիշտ եմ համարում, այդ զորավարժությունն ուղղակի միջոց է զինված ուժերին և քաղաքացիական անձանց նախապատրաստել հնարավոր մարտական գործողությունների»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Համբարձումյանը։