Պաշտպանության նախարարությո՞ւն, թե՞ հոգեբանական աջակցության կենտրոն

Պաշտպանության նախարարությո՞ւն, թե՞ հոգեբանական աջակցության կենտրոն

Շուրջ մեկ ամիս, գուցե ավելի կլինի, որ ամեն օր Պաշտպանության նախարարությունից միանման բովանդակությամբ հաղորդագրություններ ենք ստանում․

«Փետրվարի, մարտի այսինչ ու այնինչ օրերին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:  ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները»:

Ոնց որ ամեն օր հայտարարեն, որ Պաշտպանության նախարարությունը կենդանի է,  նախարար Վաղարշակ Հարությունյանն էլ ողջ է։ Ճիշտ է՝ սահմանից այս ընթացքում հազարավոր լուրեր ենք ստանում այս օրեին՝ տագնապալից, սահմանազատումների, տհաճ միջադեպերի մասին, բայց Պաշտպանության նախարարությունը հոգեբանի դեր ստանձնած եւ իր կառավարության պոպուլիզմին հավատարիմ՝ զբաղված է մեզ ներշնչելով, որ «վսյո խորոշո, պրեկրասնայա մարկիզա»։ Մանավանդ պատերազմի 44 օրը Արծրունհովհաննիսյանական ստերից հետո առավել զավեշտալի են այս հաղորդագրությունները, որովհետեւ նոյեմբերի 9-ից հետո ՊՆ հաղորդած ցանկացած տեղեկատվության հավատալու համար առնվազն պետք է մտավոր հետամնաց լինես։ 

Բայց դա էլ չի խնդիրը․մտածում ես՝ ոչինչ, թող սթրեսի ենթարկված հասարակությանը ներշնչեն, որ ՊՆ-ն կա ու իրենք պաշտպանված են, բայց ամեն անգամ նույն նախադասությունը գրելը․ որ՝ «ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել», ի՞նչ իմաստ ունի: Դա տրամագծորեն հակառակ դերն է խաղում՝ կարդում ես ու մտածում՝ եթե առանձնացնում են սահմանի այս հատվածը եւ հատուկ շեշտում, որ «իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել», ուրեմն՝ փոփոխություն իսկապես սպասվում է։ Հերթական անգամ փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ, որ իրենց սեւ գործն անեն։

Իսկ ինչո՞ւ մեր սահմանի մյուս հատվածների մասին նման հայտարարություններ չեն անում։ Իսկ կարո՞ղ է Շուշիի նման մինչեւ վերջին պահն ասեն՝ Գորիս-Կապան հատվածը մեր վերահսկողության տակ է, ապատեղեկատվություն է այն, որ ադրբեջանցիները գրավել են եւ մեկ էլ՝ մի օր իմանանք, որ «Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք էր», այնտեղ 90 տոկոս ադրբեջանցիներ էին ապրում՝ Գորիս-Կապան հատվածն էլ, ուստի պետք է հանձնել ու վերջ։ 

Սերոբ Մարության