Գրահրատարակչական դաշտը հաշվում է կորուստներն ու առաջ շարժվում

Գրահրատարակչական դաշտը հաշվում է կորուստներն ու առաջ շարժվում

Գրքի երեւանյան չորրորդ փառատոնն այս տարի անցկացվում է հուլիսի 30-ին, 31-ին եւ օգոստոսի 1-ին: Փառատոնն այս տարի կրում է չարենցյան «Ժամանակիդ շունչը դարձիր» խորագիրը՝ գրողի 125-ամյակին ընդառաջ: Եռօրյա փառատոնի ընթացքում նախատեսված են ցուցահանդես-վաճառք, շնորհանդեսներ, գրական քննարկումներ, մասնագիտական աշխատարաններ, հանդիպումներ հատուկ հյուրերի հետ։

Նկարիչների միությունում տեղի ունեցած բացման արարողությունից հետո հրատարակիչներից, եւ ոչ միայն նրանցից, փորձեցինք պարզել, թե ինչպես անդրադարձան կորոնավիրուսն ու պատերազմը գրահրատարակչական ոլորտի վրա։ «Բուկինիստ» գրախանութների ցանցի տնօրեն Խաչիկ Վարդանյանն արձագանքեց կարճ եւ կոնկրետ․ «Շատ վատ», ապա հավելեց, որ դեռ հաղթահարում են անցած տարվա դժվարությունները եւ մի փոքր առաջընթաց ունեն․ «Բայց դեռ հետ չենք բերել անցած տարվա կորցրածը»։

Ինչ վերաբերում է կորուստներին, ապա դրանք առաջին հերթին ֆինանսական կորուստներ էին, գումարած՝ ինֆորմացիոն. «Ինչքան էլ ասենք՝ հիմա ինֆորմացիայի դար է, բայց միեւնույն է՝ այդտեղ էլ կորուստ կար, ոչ մի միջազգային ցուցահանդես չգործեց այդ տարի։ Ներմուծումների որոշակի կորուստներ ունեցանք։ Անցանք օնլայն առեւտրի, բայց, ցավոք, օնլայն գործիքներին ոչ բոլորն են տիրապետում, հատկապես՝ ավագ սերունդը։ Հետո՝ մարդկանց մի հոծ բազմություն կա, որ գալիս է գրախանութ՝ ոչ միայն գնում կատարելու, այլեւ հանգստանում է, բավարարվածություն է ստանում գրքի հետ հաղորդակցվելուց»։

Խ․ Վարդանյանն անդրադառնում է անցած տարվա իրենց ցուցանիշներին․ «Մենք 2020-ին՝ համեմատած 2019-ի հետ, մոտ 40 տոկոսով կարողացանք իրացում անել։ Այս տարվա առաջին երկու ամիսներին չհասանք 2019-ի արդյունքներին, բայց հունիսին արդեն բարձր էր, եւ գերազանցեցինք 2019-ի արդյունքները։ Այդուհանդերձ, 2020-ի կորցրածը դժվար թե մինչեւ տարվա վերջ հետ գա»։

Գրքի երեւանյան փառատոնն ինչքանո՞վ կնպաստի այդ կորցրածը հետ բերելուն, եւ անձնապես ի՞նչ ակնկալիքներ ունի։ «Ակնկալիքները միայն դրական են, եւ ընդհանրապես՝ ցանկացած միջոցառում, որը վերաբերում է գրքին, գրքի տարածմանը կարող է միայն օգնել, որպեսզի գիրքը հասնի ընթերցողին»։ Պետության ջանքերը բավարա՞ր են այդ ուղղությամբ։ «Ես վաղուց հասկացել եմ, որ հույսներս պետք է դնենք մեզ վրա, պետությունը՝ առավել եւս հիմա, այնքան խեղճ վիճակում է, որ դժվար թե ինչ-որ բանով կարողանա նպաստել։ Չնայած խոսքը միայն ֆինանսական օգնության մասին չէ, եւ ավելին կարող են անել հենց միայն մի քանի լոզունգներով։ Օրինակ՝ Ռուսաստանում ամեն տարի մի կարգախոս է ընտրվում, որով կարող են ուղղորդել դպրոցականներին, իսկ դրա համար փող պետք չէ, կարելի է առանց գումարի էլ լավ գովազդներ անել»։

Ինչ վերաբերում է փառատոնին, ապա․ «Ես հիացած չեմ կազմակերպչական ամեն ինչով, բայց նաեւ ուրախ եմ, որ փառատոնը կայանում է։ Օրինակ, ես այստեղ տեսնում եմ միայն երեւանյան հրատարակիչներին, ինչո՞ւ, մենք լավ հրատարակիչներ ունենք Գյումրիում, Արցախում, ընդ որում՝ Արցախում բավականին հզոր պոտենցիալ կա, լավ գրքեր են տպում այնտեղ։ Ամեն դեպքում հուսով եմ, որ կաճենք եւ կներկայանանք ավելի լավ ֆորմատներով»։ Նա նկատում է, որ փառատոնի ընթացքում գրանցված վաճառքի ցուցանիշները գուցե պայմանավորված են նաեւ զեղչերի հանգամանքով։ «Բուկինիստը» փառատոնի ընթացքում 30 տոկոս զեղչ է հայտարարել։

Գրող Աշոտ Աղաբաբյանը համոզված է, որ գրքի փառատոնն անհրաժեշտություն է, ընթերցողին գրքի հետ կապելու հերթական միջոց։ Իսկ կորոնավիրուսն ու պատերազմը հարվածեցին ոչ միայն գրահրատարակչական դաշտին, այլ նաեւ հենց գրողներին․ «Ես իմ «Գաղտնիքների տիրակալը» 600 էջանոց վեպը գրեցի 67 օրում, բայց մի տասն օր ոչ մի տող չէի կարողանում գրել, երբ ինձ չթույլատրեցին մեկնել ռազմաճակատ՝ տարիքի եւ սրտի հետ կապված խնդիրներով, այսինքն՝ ուղղակիորեն ազդել է»։ Այս համատարած գնաճի ու ճգնաժամի պայմաններում, սակայն, Աշոտ Աղաբաբյանն ընթերցող չի կորցրել․ «Միայն վերջին գիրքս 1200 օրինակով լույս տեսավ, որից, ի դեպ, 50 օրինակ է արդեն մնացել, իսկ հիմնականում իմ գրքերը 3000-5000 օրինակով են լույս տեսնում ու անընդհատ վերահրատարակվում են։ Ու քանի որ իմ բոլոր գրքերն արագ սպառվում են, անձամբ ես ընթերցող չեմ կորցրել»։

«ԱՐԻ» գրական գործակալության հիմնադիր տնօրեն Արեւիկ Աշխարոյանի կարծիքով, թեպետ 2020-ին ոլորտը շատ է տուժել, բայց չի կարելի ասել, որ դաշտը տապալվել է․ «Եթե այսքան բան է տեղի ունենում, ուրեմն պետք է ուրախ լինենք։ Մենք՝ որպես հրատարակչություն, դեռ փոքր ենք, «ԱՐԻ» գրականության հիմնադրամը դեռ փոքրիկ, բայց կարեւոր գրքույկներ է հրատարակում, որոնք մեծ վաճառքներ չեն ունենալու։ Այնպես որ, պետք է մի փոքր համբերենք։ Ինչ վերաբերում է փառատոնին, ապա լավ է, որ ավանդույթը շարունակվում է, ցավոք, այս տարի ամռանն արվեց, իսկ ամառը լավագույն ժամանակը չէ գրքի վաճառքի համար, բայց նախորդ տարիների իմ փորձից կարող եմ ասել, որ շատ լավ է անդրադառնում, քանի որ գիրքը դառնում է մոտավորապես 30-40 տոկոսով ավելի մատչելի, եւ մարդիկ հակված են գալ ու իրենց նախընտրած բոլոր գրքերը գնել փառատոնի ընթացքում, ինչը ֆինանսական առումով ավելի ձեռնտու է»։

«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանից եւս հետաքրքրվեցինք, թե կորոնավիրուսն ու պատերազմն ինչպես անդրադարձան գրահրատարակչական գործի վրա։ «Եթե պանդեմիայի առաջին շաբաթներին մարդիկ սկսեցին փող քիչ ծախսել, ապա դրանից հետո ականատես եղանք հակառակ պատկերին, որովհետեւ, լինելով տանը փակված, մարդը, սննդի ու զուգարանի թղթից զատ, սկսեց գումար վճարել նաեւ գրքի համար։ Բայց քանի որ այդ ժամանակ գրախանութներն էլ էին փակվում, Հայաստանում մեծ ծաղկում ապրեցին օնլայն առաքումները։ Ես ունեմ տվյալներ տարբեր առաքող ընկերություններից, ըստ որի՝ օրեր են եղել, որ 200 հազար դրամի գիրք են առաքել։ Սա ֆանտաստիկ ցուցանիշ է, եւ դրա շնորհիվ էր, որ գրահրատարակչական դաշտը շատ չտուժեց, ու երբ ամփոփեցինք մեր առաջին 5 ամիսների արդյունքը, տեսանք, որ անկումն ընդամենը մեկ տոկոս է կազմել, ինչը չնչին թիվ է։ Բայց, ցավոք, սկսվեց պատերազմը, բոլորի ուշքն ու միտքը սահմանն էր, եւ գրեթե զրոյական վիճակ էր մինչեւ դեկտեմբեր։ Սակայն դեկտեմբերի 17-ից սկսած՝ մենք ունեցանք ահռելի հաճախումներ գրախանութներ եւ այնպիսի մեծ վաճառքներ, որ դեկտեմբերի վերջին «Անտարեսում» հայտնաբերեցինք, որ մոտ 70 անուն գիրք չունենք պահեստներում»։

«Անտարեսն» արդեն հասցրել է ամփոփել այս տարվա առաջին կիսամյակի արդյունքները, ըստ այդմ՝ կրկնակի անգամ ավել գիրք է վաճառվել, քան անցյալ տարի նույն ժամանակահատվածում։ «2019-ը գրքի համար եւս շատ թույլ է եղել, 2018-ն էր այդ առումով ուժեղ։ Սրան կան, իհարկե, շատ նպաստող գործոններ, պետպատվերի համակարգի վերացումը ստեղծել է շատ առողջ դաշտ, երբ մարդիկ արդեն վստահորեն գումար են ներդնում գրքի բիզնեսում։ Հիմա, օրինակ, փառատոնի ընթացքում տեսնում եք, թե ինչպիսի բազմազանություն է, սկսում են նաեւ հրատարակչական ոճերն առանձնանալ։ Իմ երազանքն է, որ հրատարակչությունները որոշակի առումով նաեւ մասնագիտանան»,- ասում է Ա․ Նիկողոսյանը, ում կարծիքով՝ գրքի փառատոնն առարկայաբար ի ցույց է դնում այն նվաճումները, որ մենք ունենք, իսկ դա լավատեսության կարեւոր ցուցիչներից մեկն է։