Եթե ժողովրդավարության էվոլյուցիան խախտվի, Արցախում հաստատվելու է ավտոկրատիա

Եթե ժողովրդավարության էվոլյուցիան խախտվի, Արցախում հաստատվելու է ավտոկրատիա

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դեկտեմբերի 19-ի հայտարարությունը 2000թ. սկզբնավորված, սահմանադրությամբ ամրագրված՝ Արցախի քաղաքական համակարգի չեղարկման անթաքույց հայտ է: Նա ասում է, որ «քսան տարի առաջ կապել են» իր ձեռքերը, տեղի է ունեցել իշխանության յուրացում, եւ ինքը վերադառնում է, որպեսզի վերկանգնի «արդարությունը»: Ի՞նչ է տեղի ունեցել քսան տարի առաջ՝  գիտեն Արցախի իրավապահ մարմինները եւ դատարանը, որի վճիռն, ի դեպ, չի բողոքարկվել : Պետք է ցավել, որ այդ գործը լիովին հրապարակայնացված չէ, հանգամանք, որ ՊԲ նախկին հրամանատարին թույլ է տալիս բառիս բուն իմաստով մանիպուլյացիայի ենթարկել հանրության որոշ շրջանակների:

Այս իմաստով հարկ է հատկապես ուշադրություն դարձնել ԱՀ գործող նախագահի հասցեին Սամվել Բաբայանի արած վերագրումներին: Պատճառն ակնհայտորեն անձնական է: 1999թ. կեսերից Բակո Սահակյանն զբաղեցրել է Արցախի ներքին գործերի նախարարի պաշտոնը: Դա մի ժամանակահատված էր, երբ համակարգի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարական էին տվել՝ համերաշխվելով Սամվել Բաբայանին: Բակո Սահակյանն այն մարդն էր, ով ստանձնեց ներքին գործերի համակարգը վերակազմավորելու եւ պետության օրինական շահերին ծառայեցնելու ծանր, բայց պատվաբեր պատասխանատվությունը: ՆԳՆ համակարգի կադրային վերափոխմամբ Արցախում իրավիճակը դարձավ վերահսկելի: ՆԳՆ համապատասխան ծառայության աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում է, որ նախագահ Ղուկասյանի դեմ մահափորձ կատարողներն արագորեն բացահայտվեցին, ձերբակալվեցին:

Արցախում բռնապետությունից ժողովրդավարության անցումն, այսպիսով, տեղի է ունեցել Արկադի Ղուկասյանի  թիմի, որի թերեւս ամենաառանցքային անդամը Բակո Սահակյանն էր, քաղաքական ու նաեւ անհատական խիզախության շնորհիվ: Այդ է պատճառը, որ ՊԲ նախկին հրամանատարը նրան երկրային եւ երկնային բոլոր մեղքերն է վերագրում:

Ընդ որում, նա մերժում է Արցախի  քաղաքական համակարգն առհասարակ: Դա բացահայտ մարտահրավեր է ժողովրդավարությանը, օրինականությանը, ինչ-որ առումով՝ անգամ սահմանադրական կարգին: Իրավիճակն, ըստ երեւույթին,  պահանջում է լայն համախմբում՝ ի պաշտպանություն անցած քսանամյակի ձեռքբերումների: Կուսակցությունները կարող են ունենալ նախագահի նախընտրելի թեկնածու, ծրագրային տարակարծություններ, ընթացիկ իրավիճակի տարբեր գնահատական եւ ապագայի սեփական տեսլական: Բայց նրանք պարտավոր են միասնաբար պատվար դառնալ օրինականությանը նետված մարտահրավերի դիմաց, սատար կանգնել նախագահ Բակո Սահակյանին՝ սահմանադրական իշխանափոխության, ազատ, արդար, մրցակցային ընտրությունների երաշխավորի նրա  առաքելության այս վճռական փուլում:

ՊԲ նախկին հրամանատարը հարվածում է Արցախի քաղաքական համակարգի հիմքերին, որտեղ որեւէ ճեղքված հավասարապես վտանգաբեր է բոլոր սուբյեկտների համար: Նույնիսկ՝ ընդդիմադիր, որովհետեւ եթե խաթարվի ժողովրդավարական էվոլյուցիայի ընթացքը, Արցախում հաստատվելու է ավտոկրատիա, եւ մենք տարածաշրջանային մրցակցության մեջ մղվելու ենք երկրորդական-երրոդական բնագծեր՝ վերածվելով «Ադրբեջանի»: