Եթե նախարար Մեսրոպ Առաքելյանը հանի վարդագույն ակնոցը, կդառնա Զարուհի Բաթոյան

Եթե նախարար Մեսրոպ Առաքելյանը հանի վարդագույն ակնոցը, կդառնա Զարուհի Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, որը փոխարինեց Զարուհի Բաթոյանին, իր էներգիայով և մամուլի հետ շփվելու պատրաստակամությամբ իհարկե, շահեկանորեն վերջինիցս տարբերվում է։ Նա նաև ունի մի արժանիք, որը անգերազանցելի է համատարած պարտության, անիշխանության պայմաններում։ Դա իրականությանը վարդագույն ակնոցով նայելն է։ Նախարարը երեկ ասուլիսում հայտարարեց, որ 6,5 միլիարդ դրամ է տրամադրվել Արցախի քաղաքացիներին, որ 15 միջոցառում է արվել նրանց համար, որ «90 հազար արցախցի օգտվել է 68 հազար դրամ + 15 հազար դրամ ֆինանսական աջակցության ծրագրից», որ Արցախի կորցրած տարածքներում գրանցված 30 հազար մարդու տրամադրվում է 300 հազար դրամ, իսկ արցախցիներին հյուրընկալողները կստանան յուրաքանչյուր անձի համար 30 հազար դրամ՝ ՀՀ-ում, 40 հազար դրամ՝ Արցախում։ Սա պաշտոնական ճշմարտությունն է։ Բայց կա նաև այն, որը լսեցինք արցախցիներից ու որի մասին նախարարը լռում է: 

Ի՞նչ չասեց նախարարը

«Ստեփանակերտում մարդիկ ապրում են մեկ օրով՝ «сегодняшним днем»։ Ոչ միայն գյուղերում են ապրում վախը սրտներում, այլև ստեղ, Ստեփանակերտում: Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի վաղը։ Բոլորը սպասում են, թե երբ են բացվելու ճանապարհները, որ գնան Ռուսաստան, Ամերիկա, ով որտեղ բարեկամ ունի։ Խոսում են, որ ռուսական անձնագրեր են տալու, որոշ մարդիկ սպասում են։ Բայց իմաստը ո՞րն ա սպասելու։ Ոչ մի հայտարարություն այդ մասին չի եղել: Գյուղերից եկածներին տներ չեն տալիս, ասում են՝ գնացեք, գտեք։ Էդ որ ասում են՝ 40 հազար դրամ, էդ գնով Ստեփանակերտում վարձով տուն չկա։ Ես եմ՝ չեմ տալիս իմ տունը վարձով։ Որտեղի՞ց մարդիկ տուն գտնեն։ Ստեփանակերտում վարձով տները 100 հազար դրամ արժեն։ Ավելի էլ կա: Ես լսել եմ, որ ով 40 հազարը ստացել է, իրենց գրպանից ստիպված են ավելացնել։ Ստեփանակերտցիներից շատերը իրենց տները հանձնած, գնում են Երևան։ Էդ վիճակն ա։ Մարդիկ գյուղերից եկել, մեքենաների մեջ են քնում, ով չի կարում տուն գտնի։ Երեխաների հետ գիշերներով քնում են մեքենաների մեջ: Շատերը տեղ չգտնելով, էլի վերադարձել են Երևան, բայց այնտեղ էլ իրենց չեն ընդունում, դուրս են անում։ Ղարաբաղցիներին վարձով տներ չեն տալիս», - պատմում է արցախցին։ 

Նախարարը չասաց, որ արցախցիները կուտակվել են Ասկերանի շրջանում և Ստեփանակերտ քաղաքում և անգամ եթե տները չեն կորցրել, շատերը վախենում են գնալ տուն և «լցվում են» Արցախի մայրաքաղաք, պաշարելով պետական դռները։ Նախարարը չասաց, որ սոցապ և փոստային բաժանմունքների մոտ մարդիկ իրար են ծեծում՝ օգնությունների համար, որ ահռելի թվով արցախցիներ, որոնք ինչ-ինչ պատճառով գրանցված չեն եղել իրենց տներում, բայց ապրել են այնտեղ տասնյակ տարիներ, ոչինչ չեն ստանալու, որովհետև չունեն «պռապիսկա»։ 

Մ․Զ․ Շուշիի բնակչուհի․ «Ես կորցրել եմ Շուշիում իմ տունը, բայց քանի որ չունեմ իմ անձնագրում կնիք, ես օրենքով չեմ հանդիսանում Շուշիի բնակիչ և պետությունից չեմ կարող ստանալ 300 հազար դրամը։ Ես գրանցված եմ եղել մայրիկիս տանը, Ստեփանակերտում, բայց ապրել եմ Շուշիում, ու դրա համար հիմա ինձ ոչինչ չի հասնում։ Ինձ նման մարդիկ շատ են։ Նշանակություն չունի, ես կարող է՝ 100 բնակարան ունենայի, ի՞նչ կապ ունի։ Մարդիկ այս մասին ասում են սոցապներում, մեզ խոստանում են, որ այս հարցը «ռասսմատռեծ» կանեն։ Տեսնենք»։

Ա. Զ., Ստեփանակերտից. «Սոցապ կենտրոնների մոտ հերթ պահելու համար պետք է արթնանաս առավոտվա 5-ին։ Կանգնում ես դրսում, մարդկանց նույնիսկ ներս չեն թողնում, որ չսառեն փողոցում։ Դռները քաղաքացիների առաջ փակ են։ Անգամ երբ աշխատողները գնում են ընդմիջման, մարդիկ շարունակում են դրսում կանգնել, իրար հրմշտում են, երբեմն էլ ներվերը մարդկանց չի հերիքում, սկսվում է ծեծկռտուք»։  

Ա․, Ստեփանակերտի բնակիչ, խոսում է ռուսերեն․ «Ստեփանակերտում ամեն ինչ թանկ է Երևանի համեմատ շատ-շատ ավելի թանկ։ Միայն հացը չի թանկացել։ Միսը, ձուկը բերում են Երևանից, շատ ավելի թանկ գներով։ Ինչքան արժե, չգիտեմ, ես միս չեմ առնում։ Շատ խանութներ փակվել են, չկան։ Բայց կենցաղային ապրանքները՝ մաքրության պարագաները, փոշի, օճառը, լվացման նյութեր, առաջին անհրաժեշտության իրերը ահռելի գների են։ Բայց այդ ամենը պետք է նրանց, ովքեր որոշել են վերականգնել իրենց տները։ Ասում են՝ եկեք, ապրեք, բայց միայն ասում են, ո՞նց ապրենք, չգիտենք»։ 

Նախարարն իր շրջապատից փորձառուներին հանեց

Հասկանալի է, թե ինչու Մեսրոպ Առաքելյանը չի հանում վարդագույն ակնոցը։ Իր արցախյան այցի ժամանակ այս ամենը տեսնելով, նա կկորցներ լավատեսությունը, խոր ընկճախտի մեջ կընկներ, ինչպես հայ ժողովրդի մեծամասնությունը և Զարուհի Բաթոյանի նման կդադարեր իր շփումները լրագրողների հետ։ Անգամ այն աշխատողներին, որոնք կարող էին նախարարին իրականությունը պատմել, նա հեռացնում է իր շրջապատից։ Ուղիղ 1 ամիս առաջ գրել էինք, որ նոր նախարարը պատրաստվում է ազատվել փորձառու կադրերից՝ նախարարի խորհրդական Աստղիկ Մինասյանից և փոխնախարար Սմբատ Սաիյանից, որը նախարարությունում է աշխատում մոտ 20 տարի և փոխնախարարի պաշտոնին է հասել ամենաստորին օղակներից։ Նախարար Առաքելյանը «Հրապարակին» հավաստիացրել էր, որ կադրային փոփոխություններ անելու մտադրություն չունի։ 

«Այն մարդիկ, ովքեր պատրաստ են աշխատել, կմնան, առավել եւս՝ ստորին օղակներում չեմ կարծում, որ էական փոփոխություններ կարվեն՝ նկատի ունենալով, որ նախարարության զգալի հատվածն արդեն երկար ժամանակ աշխատում է եւ զբաղված է մինչ այժմ տեղի ունեցող բարեփոխումներով», - ասում էր նախարարը։ Իսկ հարցին, թե ազատելո՞ւ են արդյոք Սմբատ Սաիյան և Աստղիկ Մինասյանին, նա պատասխանել էր․ «Այդ մարդկանց հետ այս պահին աշխատում եմ եւ որեւէ խնդիր չեմ տեսնում։ Այդ մարդիկ էլ համատեղ, իրենց կողմից մեծ հարգանքով, իրականացնում են այն բոլոր խնդիրները, որոնք իրենց առաջ դրված են»։ Փաստորեն, տեսավ խնդիր։

Փոխնախարար Սմբատ Սաիյանին նախարարը ազատեց պաշտոնից։ Սաիյանը այլևս փոխնախարար չի։ «Շարունակում եմ աշխատել որպես նախարարի խորհրդական», - ասաց նա «Հրապարակին»: Նախարարի խորհրդական Աստղիկ Մինասյանը նույնպես ազատված է նախկին պաշտոնից։ «Ես հիմա խորհրդական չեմ, խորհրդատու եմ։ Դա խորհրդականի այլ տարբերակն է, բայց ես հիմա արձակուրդում եմ», - ասաց Աստղիկ Մինասյանը։