14 նոր քրեական գործերով Լիանա Կարապետյանը եւ Ռազմիկ Աբրահամյանը չեն անցնում

14 նոր քրեական գործերով Լիանա Կարապետյանը եւ Ռազմիկ Աբրահամյանը չեն անցնում

Որդեգրման գործընթացում տեղ գտած ենթադրյալ չարաշահումների, ինչպես նաև ծննդաբերությունից հետո երեխաներին ծնողներից առերևույթ բաժանելու դեպքերի վերաբերյալ հաղորդումներով հարուցվել է 14 քրեական գործ։ 

Գլխավոր դատախազը իրականացված որդեգրումների պրոցեսում հնարավոր ապօրինությունները, դեպքերի իրական հանգամանքները, բացահայտված հանցավոր սխեմայում այլ անձանց հնարավոր ներգրավվածությունը, ինչպես նաև քրեական գործերի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն է հասցեագրել ՀՀ ԱԱԾ տնօրենին։        

Որդեգրումների գործով անցնում են գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Լիանա Կարապետյանը․ նրանք ունեն մեղադրյալի կարգավիճակ։

Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը մեզ հետ զրույցում ասաց՝ տեղյակ չէ հարուցված 14 գործից․ «Առաջին անգամ եմ լսում, նոր եմ լսում։ Սրանցով մենք անհայտ ենք, չգիտենք՝ ինչ է»։

Լիանա Կարապետյանի որդին՝ Դավիթն էլ նշեց․ «Մի գործով է, մի դեպք է, մի շինծու դրվագով ենք, այլ բան չկա․ որեւէ քննչական գործողություն չի իրականացվել դեկտեմբեր ամսից։ Տեղյակ չենք ընդհանրապես, չի առնչվում որեւէ կերպ»։

Նրա պաշտպան Ալեքսան Խաչատրյանն էլ ասաց, որ հարզացրույց չի տալիս, ապա նշեց՝ որեւէ տեղեկություն չունեն, թե այդ գործերը ինչ կոնկրետ դեպքերի են վերաբերում եւ իրենց հետ կապված որեւէ գործողություն չի կատարվել։