Այդ մարդն ո՞վ է, որ հաշվետվություն է պահանջում, ի՞նչ կառույց է ներկայացնում (տեսանյութ)

Հարցազրույց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ։
- Պարոն Դանիելյան, մենք տեղեկություն ունենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Բագրատ Սրբազանի միջեւ հանդիպում է եղել, որի ժամանակ Սարգսյանը խոստացել է անվերապահ աջակցություն, բայց մի խնդրանք է ներկայացրել, որ Սրբազանի օրակարգի առաջին տեղում լինի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ գերիների վերադարձի հարցը, եղե՞լ է նման բան։
- Առաջին անգամ եմ լսում այդ մասին, չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ տեղեկություններ չունեմ։ Առհասարակ, առանց որեւէ մեկի ասելու էլ ես համոզված եմ, որ շարժումը հաջողելու դեպքում առաջնային խնդիրներից մեկը լինելու է ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակումը։ Պետք չէ դրա մասին ինչ-որ մեկն ասի, որ քայլեր ձեռնարկվեն։ Գերիների վերադարձը որքան Սերժ Սարգսյանի, այդքան էլ մեր ծրագրերի մեջ է մտնում։
- ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը շարժման ղեկավարությանը մի քանի ժամ ժամանակ է տվել՝ ֆինանսական հոսքերի մասին իրենց տեղեկացնելու համար, ասում է՝ ասեք, թե որտեղից այդ գումարները։
- Ես նրա դերն այդքան չեմ բարձրացնի, նա իրենից մի բան չի ներկայացնում, որ պատասխանեմ իրեն։ Այս մարդն ո՞վ է, որ հաշվետվություն է պահանջում, ի՞նչ կառույց է ներկայացնում, ո՞վ է ինքը։ Կոնկրետ նա պատասխանատվության իր բաժինն է կրում Արցախի հանձնման, վերջերս տեղի ունեցող ապօրինի գործընթացների եւ միակողմանի զիջումների համար։ Ես իմ հայրենիքն եմ պահանջում, Տավուշի իմ առաջնագիծն եմ պահանջում։ Ես պահանջում եմ այն լույս տղաներին, որոնք այսօր չկան իրենց պատճառով։
- Իշխանությունն ասում է՝ պատերազմ է եղել, զոհվել են։
- Պատերազմը բերողն էլ են իրենք, հրահրողներն էլ։ Պատերազմից հետո այս վերջին տարիներին տեղի են ունեցել մարտական գործողություններ, ունեցել ենք զոհեր եւ այդ ամենի պատասխանատվությունն իրենց վրա է։ Սրանք ո՛չ նորմալ բանակցել գիտեն, ո՛չ նորմալ կազմակերպել։ Միայն մի բան կարող են անել՝ հանձնել։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարծիքներ