Ադրբեջանն ամրաշինական աշխատանքներ կատարելով, ոչնչացնում է հայկական հուշարձանները

«Հայկական մշակութային լանդշաֆտ» կազմակերպության կողմից արբանյակային լուսանկարների դիտարկումը պարզել է, որ ադրբեջանական կողմը ոչնչացրել է Հայաստանի մեգալիթյան մշակույթի կարեւոր հուշարձաններից մեկը՝ Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը:
Ինչպես նշում է հնագետ Լեւոն Մկրտչյանը՝ այս հուշարձանը բացառիկ էր թե՛ իր չափերով եւ թե՛ կառուցվածքով: Այս հուշարձանների տարածքը 2020 թ․ 44-օրյա պատերազմի եւ 2021 թ․ Հայաստանի սահմանների վրա ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով օկուպացվել է Ադրբեջանի կողմից: Այս հուշարձանը, լինելով սահմանային ռազմավարական կետում, քանդվել է ռազմական օբյեկտի կառուցման հետեւանքով։
Այսպիսով, կարող ենք տեսնել, որ ադրբեջանական կողմը սահմանին ամրաշինական, ռազմական աշխատանքներ կատարելով, ոչնչացնում է տեղի հնագիտական հուշարձանները, փոփոխում լանդշաֆտը, որն այդ հնագիտական հուշարձանների ուսումնասիրության, դրանք հասկանալու համար ունի առաջնային նշանակություն:
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Monument watch) ակադեմիական հարթակը հիշեցնում է, որ Հաագայի 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 4-րդ հոդվածն արգելում է վանդալիզմի, գողության, կողոպուտի կամ յուրացման ցանկացած գործողություն եւ բացարձակ արգելք դնում մշակութային արժեքների դեմ ուղղված հաշվեհարդարի գործողությունների վրա։ Ավելին՝ այդպիսի արարքը, ըստ 15-րդ հոդվածի, որակվում է որպես միջազգային հանցագործություն։
Կարծիքներ