Կներկայանա՞ Ռուբինյանը ԱԱԾ

Կներկայանա՞ Ռուբինյանը ԱԱԾ

Հասարակական և քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հայտարարել է, որ այսօր նախատեսում է հանդիպել Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ՝ պարզելու վերջինիս սահմանադրական կարգավիճակի և գործունեության համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։

Ղազարյանի խոսքով՝ Ռուբինյանը հանդես է գալիս որպես հայ-թուրքական հարաբերությունների հարցերով պաշտոնական բանագնաց, ինչը, ըստ նրա, հակասում է Սահմանադրության դրույթներին։ Նա շեշտում է, որ օրենսդիր մարմնի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ Ռուբինյանը, չի կարող զբաղվել արտաքին քաղաքականությամբ, քանի որ այն Սահմանադրությամբ վերապահված է գործադիր իշխանությանը՝ մասնավորապես կառավարությանը։ Ղազարյանը նաև նշում է, որ հայ-թուրքական հարաբերություններում դիվանագիտական ներկայացուցիչ պետք է նշանակվի վարչապետի որոշմամբ՝ որպես հատուկ հանձնարարություններով դեսպան, ինչպես արվել է Թուրքիայի պարագայում։

Նա նաև քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պնդելով, թե վարչապետի՝ Ռուբինյանին այդ գործընթացում ներգրավելու հայտարարությունը վկայում է սահմանադրական կարգի խախտման մասին։ Ղազարյանը հարց է բարձրացրել, թե արդյոք Ռուբինյանը պատրաստ է իր հետ հանդիպումից հետո ինքնակամ ներկայանալ Ազգային անվտանգության ծառայություն՝ ցուցմունք տալու նպատակով։

Նրա գնահատմամբ՝ Ռուբինյանը պետք է կատարի իր պարտականությունը որպես բարձրաստիճան պաշտոնյա և ընդունի իրեն՝ որպես քաղաքացի։