Բաբաջանյանն օգտագործեց իմքայլականների եզրույթները ԲԴԽ դիմաց հավաքին․ «Ժողովուրդը պիտի որոշի» 

Բաբաջանյանն օգտագործեց իմքայլականների եզրույթները ԲԴԽ դիմաց հավաքին․ «Ժողովուրդը պիտի որոշի» 

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար և հիմնականում իմքայլականների թիրախ դարձած պաշտոնյաներին թիրախավորող պատգամավոր Արման Բաբաջանյանը և իր կողմնակիցները հավաք էին կազմակերպել Բարձրագույն դատական խորհրդի շենք դիմաց։

Բաբաջանյանին ելույթներն ուղղված էին դատական իշխանության և մասնավորապես ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ, և, ըստ էության, այն գործերին էին վերաբերում, որոնք դուր չէին եկել հավաքվածներին և իմքայլականներին։

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ առնվազն 2019 թվականի ամռանից «պետք էր զտում իրականացնել» դատական համակարգում։ Ըստ նրա՝ դա տեղի չունեցավ պաշտոնը նոր ստանձնած Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի պատճառով։ «Հենց գրեթե նույն պատճառով հրաժարական տվեց, պաշտոնաթող եղավ և նրան փոխարինեց [գործող] Արդարդատության նախարարը [Ռուստամ Բադասյան]։ Եվ գործող իշխանությանը՝ վարչապետին անձնապես, կարծում եմ՝ թյուր տեղեկություն փոխանցեց, որ Սահմանադրական խոչընդոտներ կան արմատական վեթինգի համար դատական իշխանությունում։ Կարծում եմ, որ նման խոչընդոտներ չկան։ Եվ այս բողոքի ակցիան, մեր մյուս գործողություններով նաև հանրային պահանջի տեսքով, հենց նրա համար է, որ կառավարությունը սթափվի և գնա հիմնարար այնպիսի լուծումների, որոնք ստանձնել է, հանձն է առել գործող վարչապետը 2019 թվականի մայիսի 20-ին», - նշեց նա։ 

Բաբաջանյանն ասաց, որ իրեն ընհանրապես չի հուզում, որ իրենց կազմակերպած ակցիան կարող է որակվել որպես ճնշում դատական իշխանության վրա։

Մի կողմից, ով դժգոհ է դատարանի որոշումից, ասում է, որ «դատարանները սպասարկում են մյուս կողմին», մյուս կողմը երբ դժգոհում է, ասում է, որ «դատարանները սպասարկում են մյուս կողմին»։ «Հրապարակի» հարցին, թե այդ հարցն ինչպե՞ս է լուծվելու, որ այս խնդիրը չառաջանա, պատգամավորը պատասխանեց, որ այդ հարցը «պետք է որոշվի ժողովրդի իշխանության մանդատն ունեցող» Ազգային ժողովի կողմից։ 

«Ես կողմերի մասին չեմ խոսում։ Տեղի են ունեցել ընտրություններ։ Ժողովրդի անվերապահ աջակցությունը և մանդատը ստացել է կոնկրետ քաղաքական ուժ։ Այդ մանդատը ստացել է, որովհետև խոստացել է երկրում արդարություն հաստատել։ Քաղաքական անհրաժեշտ կամք էր պետք, որպեսզի այդ արդարությունը հնարավոր լիներ հաստատել։ Այդ քաղաքական կամքին պիտի հաջորդեին բարեփոխումների այնպիսի համալիր քայլեր, որոնք այս վիճակն ուղղակի թույլ չէին տա։ Մինչդեռ մենք տեսանք, որ այդպիսի խոստումներից հետո Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արթուր Վանեցյանի նախկին ընկեր Վարդազարյանը կարողացավ դառնալ ԲԴԽ ղեկավար։ Այլ պատճառներ ևս վկայաբերվեցին որպես մահանա բարեփոխումներ չիրականացնելու համար։ Սա է եղել իրականությունը։ Ժողովուրդը, ժողովրդի իշխանությունը պիտի որոշի, թե ինչպիսին պիտի լինի դատական իշխանությունը», - ընդգծեց նա։

Արման Բաբաջանյանի խոսքերից պարզ է դառնում, որ նա կրկնում է իմքայլականների թեզերը՝ օգտագործելով «ժողովուրդ», «ժողովրդի իշխանություն» եզրույթները։