Սերժի «ցանածի հունձքը»

Սերժի «ցանածի հունձքը»

«Հունիսի 24-ին, Մոսկվայում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Քննարկվել է օրակարգում ընդգրկված 20-ից ավելի հարց, այդ թվում՝ միջազգային ռազմաքաղաքական զարգացումները և աճող վտանգներն ու մարտահրավերները ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգային միջավայրի համար»։ Մեջբերվածը հատված է պաշտոնական հաղորդագրությունից և, ինչպես միշտ, ընդհանրական, այն է՝ ոչինչ չասող: Սակայն ինձ և ֆեյսբուքյան բազմաթիվ հայ օգտատերերի գրավեց ոչ թե հաղորդագրության բովանդակությունը, այլ դրան կից նկարներից մեկը: Պատի տակ, պետական դրոշների առջև կանգնած են 8 զինվորական և մեկ քաղաքացիական անձ: Վերջինս, բնականաբար, հենց Պապիկյան Սուրենն է: Ի՞նչ գործ ունի այդ միակը զինվորականների շրջանում՝ անմիջապես ծագում է հարցը: Բայց պատասխանը միանշանակ չէ՝ այնպես չէ, որ այս հարցում ևս Նիկոլն է մեղավոր: Այդ հարցն ունի իր նախապատմությունը:  

2015 թվականի դեկտեմբերին հանրաքվեով փոխվեց Հայաստանի կառավարման համակարգը. այն կիսանախագահականից վերածվեց խորհրդարանականի: Դա, բնականաբար, մեկնաբանվեց որպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման նպատակով կատարված փոփոխություն: Բայց կար մեկ այլ դրդապատճառ ևս. դա պետությունների եվրոպական ընտանիք մուտք գործելու երկրորդ քայլն էր: Առաջինը Արևելյան գործընկերության ծրագրին միանալն էր: Ճիշտ է, այն հարթ չանցավ Հայաստանի առումով, սակայն էականը արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխության գործընթացն էր: Ինչ մնում է խորհրդարանական կառավարման համակարգին, ապա հիշենք՝ Ֆրանսիայից զատ եվրոպական մնացած երկրները խորհրդարանական են: 

Փաստենք՝ այդ ամենը կատարվեց Հայաստանի՝ ԱՊՀ և վերջինիս կառույցների (ԵԱՏՄ, ՀԱՊԿ) անդամ լինելու պարագայում: Փակագծերում ասենք, որ արտաքին քաղաքականության «և…և» բանաձևի պատճառով Մոսկվայում նվազեց վստահությունը Հայաստանի ղեկավարության նկատմամբ: Եվ սա այն դեպքը չէր, որ կարելի էր յոթ մոր կաթ խմել ու մնալ անպատիժ: Այնպես որ, խելոք գառան վերաբերյալ կենցաղային իմաստությունն այս դեպքում բացարձակ տեղին չէր: Ինչևէ, կառավարման համակարգի փոփոխությունը բերեց նաև դրա առանձին դրսևորումների փոփոխությանը: Առաջինը պաշտպանության նախարարի և ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնների քաղաքացիականացումն էր: Կամ ավելի ճիշտ՝ քաղաքականացումը: Նախկին զինվորական ղեկավարների փոխարեն նշանակվեցին քաղաքացիական անձինք՝ ճիշտ այնպես, ինչպես Արևմուտքում է: Նշանակվեցին, բնականաբար, իշխանության համախոհները կամ համակիրները: 

Ի դեպ, Սերժ Սարգսյանը գնաց պետական կառույցների եվրոպականացմանը՝ հաշվի չառնելով Ռուսաստանի քավորությամբ հիմնադրված ռազմական և տնտեսական կառույցներում պետության նախագահի՝ որպես իրական ղեկավարի, և վարչապետի գործառույթների տարանջատումը: ԵԱՏՄ-ում, օրինակ, պետության նախագահների և վարչապետների հանդիպումները տեղի են ունենում առանձին-առանձին: Ինչը, բնականաբար, անհարմարություն է ստեղծում խորհրդարանական կառավարման համակարգով երկրի համար: Հաշվի չառնվեց նաև պաշտպանության նախարարների զինվորական լինելու հանգամանքը ՀԱՊԿ-ում: Զարմանալիորեն, հայաստանյան քաղաքացիական հասարակությունը չընկալեց պետական կառույցները եվրոպականացնելու սարգսյանական ջանքերը: Եվ ընդամենը խոսքի տերը չլինելու հանգամանքով պայմանավորված՝ Նիկոլին աջակցեց Սերժ մերժելուն: Բայց պատմությունը վկայում է, որ դա զուտ հայկական հիվանդություն չէ. Ռուսաստանի կայսր Ալեքսանդր 2-րդը (1855-1881) դարձավ ահաբեկչության զոհ՝ չնայած կատարած հսկայական բարեփոխումներին:

Ինչ մնում է տվյալ հարցում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի դիրքորոշումներին, ապա վերջինս ընդամենը տրամաբանական ավարտին է հասցնում Սերժ Սարգսյանի սկսած գործընթացը: Ուղղակի այն ընթանում է ընդհատումներով, ետուառաջ քայլերով, քանի որ ո՛չ Նիկոլն է գրագետ կառավարման հարցերում և ո՛չ էլ իր «ուսապարկերը»: Դա՝ մեկ, և երկրորդ՝ այդ հակասական քայլերը պայմանավորված են Նիկոլի՝ հաջողության դեպքում անսահման ոգևորվելու և անհաջության դեպքում նույն չափով վհատվելու խառնվածքով, ինչի մասին բազմիցս է ասված: Այնպես որ, ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների (գեներալ մայորից մինչև բանակի գեներալ ներառող) խորհրդի հերթական նիստին պատմության ուսուցիչ Պապիկյան Սուրենի հայտնվելն այն «հունձքն» է, որ ժամանակին ցանվել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Դժբախտաբար: