Չհաջողելու վախն ու խիզախելու կամքը՝ «Մեդալի հակառակ կողմում»
«Մեդալի հակառակ կողմը»․ այսպես է կոչվում գյումրեցի հանրահայտ ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանի մասին պատմող գեղարվեստական ֆիլմը` հիմնված իրական փաստերի վրա: Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին մարմնավորել է դերասանուհի Աննա Մաքսիմը (Հարությունյան), որը նաեւ ֆիլմի պրոդյուսերն է, սցենարի հեղինակը եւ ռեժիսորը: Մի հանգամանք, որ դժվար է մեր օրերում համատեղելը. լինել գլխավոր դերակատարն ու ռեժիսորը, միաժամանակ` ֆիլմի համար գումար հայթայթել, լավ սցենար գրել եւ, ի վերջո, հավաքել ստեղծագործական մեծ թիմ, որոնք քեզ պես ու քեզնից առավել կհավատան այն պատմությանը, որն ուզում ես պատմել:
Հիմա արդեն կարող ենք փաստել՝ Աննային հաջողվել է պատմել պատմություն` մեծ նվիրումի, աննահանջ կամքի ու մարդկային ոգու հաղթանակի մասին: Երեւանում ու Գյումրիում տեղի ունեցած պրեմիերաներից հետո ֆիլմը երեւանյան կինոթատրոնների մեծ էկրանին է, իսկ հոկտեմբերին կներկայացվի նաեւ Լոս Անջելեսում:
Սպորտային դրամայի հիմքում Նազիկ Ավդալյանի կյանքի պատմությունն է. մարզական ուղին` ամենօրյա աշխատանքը, համառ պայքարը, կասկածներն ու վախերը: Այս ամենը ֆիլմում բացվում է շերտ առ շերտ` Գյումրվա նուրբ հումորով համեմված։ Հանդիսատեսը տեսնում է Նազիկի մանկությունը` երազային ձգտումներով լի, փոխհարաբերությունները ծնողների հետ, մարզչի` ընկեր Արտաշի (Արտաշես Ներսիսյան) խիստ ու նույնքան էլ բարի ուսուցչի կերպարը, ճակատագրական ավտովթարը, որը խափանում է դեպի օլիմպիական ոսկին ձգտող ծանրամարտիկի երազանքները:
Ֆիլմը վարագույրի պես բացում է նաեւ Նազիկ Ավդալյանի երբեք չհանրայնացված անձնական կյանքի մանրամասները` ամուսնություն, սեր, դավաճանություն, ամուսնու հետ բարդ փոխհարաբերություններ..., բայց, ինչպես աստվածաշնչյան ճշմարտությունն է ասում` «Սերը համբերող է, քաղցրաբարո է, սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում: Սերը երբեք չի անհետանում…»։
Սա է բանալին բոլոր հաղթանակների։ Եվ, ուրեմն, չի կարող լինել պարտադրված ընտրություն․ «կորցնե՞լ կյանքի համը»՝ ինչպես ֆիլմում Նազիկն է ասում, թե՞ մի վերջին անգամ էլ խիզախել ու նվաճել Եվրոպայի ոսկին:
Մեկ այլ խիզախումի է գնացել Նազիկին մարմնավորած Աննա Մաքսիմը, որը մարզումների ժամանակ ստանում է ողնաշարի ճողվածք, բայց չի նահանջում, ավելին` ճիշտ մարզավիճակ ունենալու համար 10 կգ քաշ է հավաքում, հրաժարվում է վարսերից ու, նախեւառաջ՝ ինքն իր հանդեպ հաղթանակ տանում:
Մեդալի հակառակ կողմում չհաջողելու վախն է, բայց չկա ավելի մեծ քաջություն, քան խիզախելու բերկրանքը: Առանց խիզախումի չկա հաջողություն, առանց պարտության չկա հաղթանակ, առանց նվիրումի չկա սեր:
Ճակատագրական ավտովթարից 7 տարի հետո Նազիկ Ավդալյանը վերադառնում է մեծ սպորտ եւ ոսկե մեդալ նվաճում Նորվեգիայի Ֆյորդ քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։ 2016-ի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը զուգահեռվում է քառօրյա պատերազմի հետ, ֆիլմում զգում ենք պատերազմի ներկայությունը, սպասում առաջնագծից լուրերի, ծանր է նման հոգեվիճակով դուրս գալ մրցահարթակ, բայց Նազիկն իր տեղում է՝ իր բաժին կռիվը տալու վճռականությամբ։ Դահլիճը Նազիկ/Աննայի ծանրաձողի ամեն հրումից հետո արձագանքում է ծափերով, մի պահ թվում է՝ ժամանակը կանգ է առել, ու, ինչպես 2016-ին, բոլորի աչքերում հայտնվում են ուրախության ու հպարտության արցունքներ: Այսպես են հաղթանակը «պոկում» եւ «հրում» վեր:
Ֆիլմում Նազիկ Ավդալյանի մարզիչ Արտաշես Ներսիսյանի դերը փայլուն մարմնավորել է Արտաշես Ալեքսանյանը, որի հերոսը Նազիկի թիկունքն է, հենարանը, նրան ուժ ու հավատ տվողը։ Նա աշխատում է Նազիկի ոչ միայն մարմնի, այլ նաեւ ոգու հետ: Ֆիլմում հանդես են եկել նաեւ Սոս Ջանիբեկյանը, Դավիթ Հակոբյանը, Մկրտիչ Արզումանյանը, Բաբկեն Չոբանյանը, Խորեն Լեւոնյանը, Անահիտ Քոչարյանը, Արուսիկ Գրիգորյանը, Կարեն Գիլոյանը: Ֆիլմի բեմադրող օպերատորը Սուրեն Թադեւոսյանն է, նկարիչը՝ Արմեն Ղազարյանը, կոմպոզիտորը՝ Անդրանիկ Բերբերյանը։
Կարծիքներ