Դուք համոզվա՞ծ եք, որ «քայլող մարդու» արձանի հետ կապված քաղաքական շահարկումներ չեն լինելու․ Փաշինյանը՝ նախարարին

Դուք համոզվա՞ծ եք, որ «քայլող մարդու» արձանի հետ կապված քաղաքական շահարկումներ չեն լինելու․ Փաշինյանը՝ նախարարին

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին նախագծին, որը, ըստ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, մշակվել է վարչապետի մոտ կապիտալ ծախսերի վերաբերյալ քննարկման արդյունքում։ Դրանով նախատեսվում է իրականացնել մշակութային օբյեկտների վերանորոգում։

Այս նպատակով ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 124 մլն 863 հազար 600 դրամ։ 

Այդ թվում՝ Անիպեմզայի մշակույթի տան վերականգնման և փոքրիկ թանգարանի ստեղծման աշխատանքների համար կհատկացվի 2 մլն 400 հազար դրամ։

Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի պատրաստման և տեղադրման աշխատանքների համար կհատկացվի 37 մլն 80 հազար դրամ, Երերույքի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայման աշխատանքների համար` 8 մլն 500 հազար դրամ, Բյուրեղավանի համայնքի «Արձագանք» արձանի վերականգնման աշխատանքների համար` 76 883 հազար դրամ, նախատեսված է նաև Հոռոմ համայնքի Սբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայում, նորոգում և վերականգնում։ 

Վարչապետը հետաքրքրվեց նախարար Հարությունյանից․ «Դուք համոզվա՞ծ եք, որ այդ «քայլող մարդու» արձանի տեղադրման հետ կապված քաղաքական շահարկումներ և այլն չեն լինելու»։

Ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանն ասաց, որ երբ ավագանու նիստին դա քննարկվում էր, նման հարցեր չեն եղել։