Փոփոխություն նպաստների ոլորտում

Փոփոխություն նպաստների ոլորտում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական նպաստաների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով 2021 թվականից կվերացվի նպաստների տեսակներից մեկը՝ հրատապ օգնությունը, որին փոխարինում է ընտանիքի կայուն եկամտի ձևավորման դրամագլուխը:

Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ առաջարկվում է ձևավորել անապահով ընտանիքների կարողությունների զարգացման` նրանց ինքնաբավ դարձնելուն ուղղված և արժանապատիվ ու սեփական վաստակ ունեցող ընտանիք ձևավորելու, այդ ընտանքիների պետական աջակցությունից` երկարատև կախվածությունից ձերբազատվելու իրավական հենք: Վերացվում են նաև առկա տեխնիկական վրիպակները, որոշակի դրույթների դեպքում սահամանվում են նաև նոր հստակ մեխանիզմներ:

Նշվում է նաև, որ նպաստների բնագավառում առկա են նույնանպատակ նպաստների տեսակներ, որոնք կարիք ունեն վերանայման:

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարության շրջանակներում նախատեսվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի էական բարձրացումներ` առաջին երեխայի համար վեց անգամ, իսկ երկրորդ երեխայի համար` երկու անգամ, երկուսի չափն էլ հավասարեցնելով 300 հազար դրամ: Երեխայի ծննդյան դեպքում տրամադրվող միանվագ հրատապ օգնության առկայությունն այլևս էական չէ, դրա իրավունքն ունեցող ընտանիքների համար:

Ինչ վերաբերում է երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում տրվող միանվագ հրատապ օգնությանը, ապա այն իրականացվելու է սոցիալական աջակցության այլընտրանքային ծրագրերի շրջանակներում` դրանում ներառելով նաև դպրոց հաճախող (ոչ միայն ընդունվող) երեխաներին: Ըստ այդմ վերանայման կարիք ունեն հրատապ օգնության տեսակները (միանվագ հրատապ օգնություն` ընտանիքում երեխայի ծննդյան դեպքում, ընտանիքի անդամի մահվան դեպքում, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում, եռամսյակային հրատապ օգնություն) և դրանց նշանակման նպատակահարմարությունը: Ընտանիքի անդամի մահվան դեպքում տրվող միանվագ հրատապ օգնությունն էլ կրկնում է թաղման նպաստին:

Ներկայացվող նախագծով կստեղծվեն հիմքեր խրախուսման և պետական աջակցության մեխանիզմներ սահմանելու համար, որոնք կխթանեն նպաստառու ընտանքիներին ինքնակամ հրաժարվել ընտանեկան կամ սոցիալական նպաստից։

 «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման արդյունքում ակնկալվում է`

նպաստառու ընտանիքներին տրամադրվող աջակցության բարձր հասցեականություն,
անապահով ընտանիքների զարգացած կարողություններ, ինքնաբավ, արժանապատիվ և սեփական վաստակ ունեցող ընտանիքների առկայություն.
Նվազել է ընտանքիների երկարատև կախվածությունը պետական աջակցությունից,
կոռուպցիոն ռիսկերի նվազեցում.
իրավակիրառական հստակ դրույթներ, վերացվել են առկա տեխնիկական վրիպակները: