Շնագայլերի տոնը

Շնագայլերի տոնը

Շնագայլերը վախկոտ ու աղմկոտ գիշատիչներ են, ցերեկները որսի են դուրս գալիս, առավել ակտիվ են մթնշաղին, իսկ գիշերները սովորաբար ոռնում են՝ միմյանց ձայնակցելով հեռվից հեռու: Նրանք նաեւ հանդուգն են, կարող են թափանցել քո բնակավայրից ներս, կրծել երկաթացանց ցանկապատները, խուժել տնտեսական տարածքներ եւ ճանկել ու տանել իրենց զոհերին՝ սովորաբար թռչուններ, ճագարներ եւ այլն: Մի քանի անգամ անձամբ ականատես եմ եղել նման դեպքերի ու համոզվել, որ նրանց հետ կատակել չաժե: Շնագայլերի յուրահատուկ հատկանիշներից է եւ այն, ուշադրություն, որ ակտիվորեն ճնշում են թշնամիներին եւ պատում իրենց տարածքը մեզով ու կղանքով։ Մի խոսքով՝ կեղտոտ արարածներ են՝ բառի ուղղակի ու փոխաբերական իմաստով:

Ժամանակին գրել էի մի բանաստեղծություն՝ «Շնագայլերի հիմնը», որի առանցքային տողն է՝ «…տուր մեզ հանապազ ժանիքը մեր» (բանաստեղծությունը զետեղված է իմ «Բանի Բարիտոնը: Երկրի բարիտոնը» (2007) ժողովածուում): Ըստ պոետական տեսիլքի՝ շնագայլերը նոր ժանիքներ են պահանջում վայրահաչ-երգով, որ իրենց համար հիմն է ու գոյապահպանության միջոց: Վերջին երկու տարում, հատկապես 2020-ի հոկտեմբերից հետո, հաճախ եմ հիշում այդ տեքստը եւ ցավագնորեն ափսոսում, որ գրողական կանխատեսությունս իրականացել է. իմ երկրի գլխին այսօր նստած են շնագայլերը՝ հիմնականում մարդկային կերպարանքով եւ անգամ՝ խոսելու մարմաջով, որը լեզվի աճպարարության մի խորշելի դրսեւորույթ է: Նրանք մեր երկրի հետ վարվում են այնպես, ինչպես շնագայլերն իրենց որսի հետ՝ ճանկում են, փախցնում, խժռում ու լափում, մնացորդները շաղ տալիս եւ իրենց ճանկածը կամովին չեն զիջում ոչ ոքի, նրանցից պետք է խլել՝ ուժով, սպառնալիքով ու հնարամտությամբ: Դա իրականում այնքան էլ դժվար չէ, քանի որ, արդեն վերը նշեցի, շնագայլերը վախկոտ կենդանիներ են, ուստի նրանց հետ պետք է վարվել համարժեք ձեւով: 

Մեր երկիրը շնագայլերի ճանկերում է, եւ այն պետք է փրկել անհապաղ՝ խլելով նրանցից եւ գոյացած վերքերն արագորեն բուժելով: Մեր երկիրն արնաքամ է լինում նրանց ճանկերում՝ ֆիզիկապես, բարոյապես, ազգային բոլոր երակներով: Շտապել է պետք, թե չէ նրանք վերջնականորեն ցիրուցան կանեն երկիրը, իրենց չհասցրած-չխժռածը կտան այլ գիշատիչների, գիտեք, թե ում: Ի դեպ, հայկական ներկայիս իշխանության շնագայլային բնութագրումը, ներեցեք, մեղմասացություն է. նրանք ավելի քան շակալներ են, ինչպես մենք ենք մեր խոսակցական լեզվում հաճախ կիրառում: Իսկ գիտե՞ք, թե ինչու է շակալն ավելի բնութագրական. որովհետեւ այն թուրքերեն բառ է, ինչը լավագույնս կարող է հատկանշել ներկայիս իշխանության թրքահաճո բնույթը:

Այս դառն ու անմիջական մտքերը վաղուց տեղ ունեն իմ բանավոր խոհածությունների մատյանում, ի վերջո գրի առա՝  ապրիլի 14-ին ՀՀ օրենսդիր մարմնում տեղի ունեցած շնագայլային կակաֆոնիայից հետո: Իշխող շնագայլերը՝ իրենց կատաղի առաջնորդի գլխավորությամբ, ասես դուրս են եկել տոնակատարության: Նրանց գրավոր կերպավորել պարզապես չես կարող՝ նման զազրելի տեսարանի ականատես լինելուց հետո: Նրանք ավելի հոխորտուն ու լկտի էին, քան երբեւէ, ավելի ագրեսիվ էին. ինչո՞ւ, այդ ի՞նչ հաղթություն են տոնում, թե՞ նոր որսի (նոր արյան) համ են առել…

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Գրող, հրատարակիչ