Լարախաղացի երկու օրը

Ապրիլի 23-ը եւ 24-ը սարսափելի ծանր օրեր են ՀՀ գործող իշխանությունների եւ մանավանդ՝ Նիկոլ Փաշինյանի համար: 23-ին, արդեն քանի տարի, հրապարակում այրում են Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները, իսկ 24-ին ողջ հայ ժողովուրդը Ծիծեռնակաբերդի բարձունքում ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ինչին ինքը դեմ է, բայց չի կարող մասնակից չլինել: Ավելին՝ պարտավոր է ուղերձ հղել այդ առիթով: Եթե ինքնիշխան եւ ժողովրդավար պետություն ես, այս ամենի մեջ ոչ մի կրիմինալ չկա: Հստակ է, որ ժողովրդավարական երկրների մեծամասնությունում դրոշի այրումը համարվում է անձի բողոքի արտահայտման իրավաչափ եղանակ: Ի վերջո, ինչո՞ւ են Ջահերով երթի մասնակիցներն այրում հենց Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները, այն դեպքում, երբ այդ օրն իրենց հետ հրապարակ են բերում տասնյակ այլ երկրների դրոշներ: Այս հարցի պատասխանը շատ լավ գիտեն բոլորը, այդ թվում եւ՝ Թուրքիան ու Ադրբեջանը: Իսկ ինչո՞ւ է դրանից զգուշանում, վախենում եւ անգամ սարսափում Նիկոլ Փաշինյանը եւ իր մամուլի խոսնակի շուրթերով հայտարարում, որ միջազգայնորեն ճանաչված ցանկացած պետության, առավել եւս՝ հարեւան երկրների պետական խորհրդանիշների նկատմամբ նման վերաբերմունքն ինքը չի արդարացնում՝ ընկալելով այն որպես սադրիչ եւ լարվածություն հրահրող քայլ։ Արդյո՞ք սա ցեղասպան պետությունների նկատմամբ, թող որ հարեւան, լարախաղացություն չէ, արդյո՞ք սա սեփական ժողովրդի զգացմունքների եւ պահանջատիրության դեմ ոտնձգություն չէ, արդյո՞ք սա Փաշինյանի կողմից Ջահերով երթի իմաստն ու խորհուրդը չընդունելու ապացույց չէ:
Նույն լարախաղացությունն է նաեւ Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձը: Ոչ մի դատապարտող խոսք ժամանակի թուրքական իշխանությունների եւ Հայոց ցեղասպանության հետ առերեսվել չցանկացող ժամանակակից Թուրքիայի մասին: Սարսափելի դեպքերի ու անցքերի հիշատակում, բայց՝ ոչ մի դատապարտող խոսք, ոչ մի կոչ աշխարհի երկրներին եւ հենց Թուրքիային՝ ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը, ճանաչել ու բավարարել հայ ժողովրդի պահանջատիրությունը, ճանաչել հայրենազրկված հայ ժողովրդի անժամանցելի իրավունքներն իրենց հայրենիքի ու անձնական գույքի նկատմամբ: Փոխարենն ուղերձի առյուծի բաժինն են կազմում Հայոց ցեղասպանությունը մոռացության տալու, իր խոսքով՝ վերապրելու ուղղությամբ ՀՀ կառավարության, այսպես ասած, մտորումներն ու մտածումները: Ուղերձում գրում է. «Այս օրակարգի շուրջ Կառավարության եւ անձամբ իմ մտորումներն ու մտածումները հանգում են հետեւյալին․ զարգացած, ինքնիշխան, անվտանգ, այսինքն՝ սահմանազատված եւ սահմանագծված սահմաններով Հայաստանի Հանրապետությունն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը, մեր ժողովրդի բոլոր զոհողություններին եւ զոհերին մեր հավատարմության առհավատչյան»: Գեղեցիկ խոսքերի այս շարանը ոչ այլ ինչ է, եթե ոչ գեղեցիկ հեքիաթ: Ո՞վ է քեզ տալու այդ ամենը, եթե չես ընդդիմանում թշնամուդ անգամ, որ քեզ շարունակաբար հասցրել է ներկա հանգրվանին:
ՀԳ. Ուղերձի վերջին տողերին չեմ անդրադառնա: Ջրիկություն մեկնաբանելը նույնպես ջրիկություն է:
Կարծիքներ