Ես տարածքում եմ եղել, բայց միջադեպին չեմ մասնակցել․ Սերգեյ Բագրատյան

Ես տարածքում եմ եղել, բայց միջադեպին չեմ մասնակցել․ Սերգեյ Բագրատյան

Այսօր տեղեկությւոն տարածվեց մամուլում, թե երեկ՝ ապրիլի 27-ին, երբ հանրապետությունում նշվում էր Քաղաքացու օրը, միջադեպ է տեղի ուենցել Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, որին մասնակից է եղել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Մասնավորապես նշված էր, որ երեկ ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել Վայք քաղաքի բնակիչ 38-ամյա Ռազմիկ Տոնոյանի կողմից, որը հայտնել է, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել Երևանի բնակիչ 56-ամյա Սերգեյ Բագրատյանը և Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ, 50-ամյա Արմեն Սետրակյանը, որոնք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել են հարձակվել իր վրա և իրեն հարվածել: Տոնոյանը, ըստ տեղեկության, Վայոց Ձորի փոխմարզպետն է։

Hraparak.am-ը այս առնչությամբ կապ հաստատեց Սերգեյ Բագրատյանի հետ։ Վերջինս հերքեց, թե ինքը մասնակցել է այդ միջադեպին, թեպետ հաստատեց, որ տարածքում է եղել։ «Ոչ մի տենց բան չկա, ոչ մի մեկնաբանություն էլ չկա, անլուրջ բան ա գրած»,-ասաց պատգամավորը։


-Իսկ ո՞րն է պատճառը, որ նման տեղեկություն է տարածվել:


-Չգիտեմ, իրեն պետք ա հարցնեք, ես նրան չեմ ճանաչում, չգիտեմ՝ ինչ ա գրել, ես գյուղում եմ, տեղյակ էլ չեմ էդ գրածից։


-Չի՞ եղել նման հանդիպում, միջադեպ, քաշքշոց։


-Չէ, չէ, նա ինչ, նրա հետ․․․իրենք էդտեղ ինչ-որ ուրիշ միջադեպ են ունեցել, պետք ա տեղացիներից ճշտեք, ես տենց տեղյակ չեմ։


-Այսինքն՝ Դուք մասնակի՞ց չեք եղել այդ միջադեպին, այդտեղ չեք էլ եղե՞լ։


-Բնականաբար ոչ։ Ես տարածքում եմ եղել, բայց էդտեղ չեմ եղել անմիջապես։ Ինքը վեճը սկսել ա երիտասարդ տղաների հետ․․․ տեղյակ չեմ, էլի, լսելով եմ ասում, որը իմաստ չունի։


-Այդ դեպքում Ձեր անունն ինչո՞ւ են շահարկում, եթե չեք մասնակցել միջադեպին։


-Դե, իրեն դուր ա գալիս, որ իբր ինքը լուրջ մարդ ա, էլի, տենց, լուրջ խնդիրների մեջ ա։