«Էլի վատ չի…»
Ավելի քան 6 տարի վարչապետ աշխատելուց հետո (վայ էն աշխատելուն) Նիկոլը չի կարողացել ձեռք բերել պետության ղեկավարի մտածողություն՝ ազատվելով ընդդիմադիր լրագրողի մտածողությունից: Խնդրեմ դրա հերթական վկայությունը. «Որոշ գործընկերների շնորհիվ Բաղանիսը, Ոսկեպարը և Կիրանցը սարքեցիք Հերոսիմա, Նագասակի, որ մարդիկ լսում էին, ձեռքերն էլ դող էր ընկնում»: Սա ասվել է ի պատասխան այն խոսքի, որ առանձնատների կառուցման 16 միլիոնի ծրագիրը Ոսկեպարում չաշխատեց: Փաստորեն, պետական ապարատն իր ողջ հնարավորությամբ ավելի թույլ գտնվեց, քան թե ընդդիմադիր «որոշ գործընկերների» ազդեցությունը: Ինչն ուղղակի նոնսենս է՝ այդպես լինել ուղղակի չի կարող: Որովհետև եթե դա ճշմարիտ լիներ, ապա Նիկոլն այնտեղ հայտնվել չէր կարողանա, քանի որ Ոսկեպարում հաստատված կլիներ այդ «որոշ գործընկերների» իշխանությունը: Ինչը, համաձայնեք, լուրջ չէ: Նշանակում է, որ լուրջ չէ նաև Նիկոլի ասածն այդ առումով: Բայց դե ոսկեպարցին վերլուծաբան չի, որպեսզի այդ վերլուծությունը կատարեր ու դեմ տար վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին: Էլ չասած, որ փող ունեցող մասնավորը հիմար չի, որ վտանգավոր ու դրան գումարած՝ սահմանափակումներ ունեցող սահմանային գոտում ներդրում անի: Դրա համար գոյություն ունի պետություն:
Դա՝ մեկ: Երկրորդ՝ եթե Երևանի էլիտար թաղամասերում կառուցվող բազմահարկերի առումով ինչ-ինչ սահմանափակումներ մտցնելը նախկինների օրոք արդարացված էր, ապա բացարձակ արդարացված չէ սահմանային բնակավայրերում տարիքային շեմ սահմանելը: Ի՞նչ է, եթե որևէ ամուսնական զույգի տարիքային շեմը մեկ կամ երկու տարով ավելի է 70 տարեկանից, ապա նա այլևս չի՞ ընկալվում որպես երիտասարդ ընտանիք: Եվ ի՞նչ նշանակություն ունի այդ զույգի երիտասարդ կամ ոչ այդպիսին լինելը, եթե տվյալ ծրագրից կցանկանային, ասենք, օգտվել Նիկոլի շնորհիվ տուն ու տեղ կորցրած արցախցիները: Երրորդ՝ եթե Նիկոլի կարծիքով «էլի վատ չի», որ այլ տեղերից մարդիկ Ոսկեպար են գնում ու այդտեղ տուն կառուցում՝ որպես ամառանոց օգտագործելու նպատակով, ապա ո՞րն է այդ դեպքում ծրագրի իմաստը: Սեփական տուն չունեցող ընտանիքներին տնով ապահովե՞լը, թե՞ ապրելու տեղ ունեցողներին ամառանոցով ապահովե՞լը:
Եթե լսենք վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին, ապա 16 միլիոնի ծրագիրն «ուղղակի տուն սարքելու ծրագիր չի, մեր խնդիրն էն ա, որ մաքսիմալ շատ ընտանիքներ ձևավորվեն, մաքսիմալ շատ երեխաներ ծնվեն, մենք չենք ուզում ուղղակի տներ կառուցել մարդկանց համար»: Այսինքն, եթե ամառանոց կառուցելն «էլի վատ չի», ապա դա ոչ միայն «ուղղակի տուն սարքելու ծրագիր է», այլ մի բան էլ ավելի: Ինչին, իր ասելով, իրենք դեմ են: Իսկ որպեսզի «մաքսիմալ շատ ընտանիքներ ձևավորվեն, մաքսիմալ շատ երեխաներ ծնվեն» անհրաժեշտ է վերացնել գյուղի բնակիչների առնչությամբ բոլոր տեսակի սահմափակումները: Եվ, այո, մարդիկ պետք է ապրելու տեղ ունենան, որպեսզի, նախ, ընտանիք կազմեն, և ապա հնարավորինս շատ երեխաներ ունենան: Չնայած շատ երեխաներ ունենալու համար մարդկանց անհրաժեշտ է ապահովել ոչ միայն տնով, այլև ապրուստի միջոցներով: Որովհետև մի կերպ գոյություն քարշ տվող ընտանիքը չի կարող երազել բազմաթիվ երեխաներ ունենալու մասին: Ու այդ խնդիրը հաստատ պետության կողմից այսօր հատկացվող գումարով չի լուծվում:
Կարող եմ առաջարկել այդ հարցի լուծման տարբերակը՝ առնվազն 10 տոկոսով (հիշենք եկեղեցական տասանորդը) կրճատել բարձրաստիճան չինովնիկների աշխատավարձերը: Հավաքված գումարներն ուղղել նոր ստեղծված ընտանիքներին՝ կրկին առանց հաշվի առնելու տարիքային սահմանափակումը: Կարծում եմ, որ այդ քայլը կնպաստի, որպեսզի մինչև 2030 թվականը ավելանան թե՛ նորաստեղծ ընտանիքները և թե՛ դրանցում նոր ծնված երեխաների քանակը: Ասվածը նշանակում է, որ աշխատանքային այցով այս կամ այն մարզ մեկնելուց մարդկանց պետք է «կերակրել» ոչ թե խոսքերով, այլ նախապես նորմալ մշակված ծրագրերով:
Կարծիքներ