Արցախը պետք է կիսանախագահական երկիր դառնա. հայտարարություն

Արցախը պետք է կիսանախագահական երկիր դառնա. հայտարարություն

Արցախում ստեղծվել է շատ փխրուն իրավիճակ, երբ պետական համակարգի կենսունակությունը կախման մեջ է հայտնվել մեկ մարդուց՝ Արցախի նախագահից: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցությունը եւ առաջարկություններով հանդես եկել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Նման պարագայում միշտ էլ գտնվելու են քաղաքական շրջանակներ, դրսի ուժեր, որոնք աշխատելու են այդ իրավիճակն իրենց շահի օգտին շրջելու ուղղությամբ: Ակնհայտ է, որ այսօրվա բարդ եւ դժվարին իրավիճակում, թե արտաքին սպառնալիքները չեզոքացնելու եւ թե մեր երկրի խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է ուժերի համախմբում։ Միասնականությունը, ինչի մասին այսօր շատ է խոսվում նաեւ Արցախի իշխանությունների կողմից, իրոք օրվա հրամայականն է։ Սակայն միասնությունը լոկ գեղեցիկ խոսքերով կամ կարգախոսներով չէ` անհրաժեշտ են կոնկրետ քայլեր։

Մեր առաջարկությունները

1. Ինքնիշխանությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնուրույն որոշումներ կայացնելու եւ գործադրելու ունակություն։ Եթե մենք ինքնակամ հրաժարվում ենք ընտրություններ անցկացնելու որոշումից, մենք հրաժարվում ենք մեր ինքնիշխանությունից: Հետեւաբար անհրաժեշտ է արագ հայտարարել ՏԻՄ ընտրությունների անցկացման մասին եւ հնարավորինս շուտ անցկացնել այն, պատրաստ լինելով դիմագրավելու արտաքին խոչընդոտներին:

2. Նախագահական-խորհրդարանական (կիսանախագահական) կառավարման մոդելն ապացուցել է քաղաքական ճգնաժամեր հաղթահարելու եւ պատերազմական վիճակում արդյունավետ կառավարելու կարողությունը։ Ներկայիս կառավարման մոդելը կենսունակ չէ, ինչը ցույց տվեց 44-օրյա պատերազմը, դրան հաջորդող խոր քաղաքական ճգնաժամը: Այս կառավարման համակարգն ի վիճակի չէ լուծել պետության առջեւ ծառացած խնդիրները եւ հղի է կառավարման ճգնաժամով, ինչը կարող է կործանարար լինել պետության համար: Հետեւաբար, անհրաժեշտ է սկսել սահմանադրական փոփոխությունների գործընթաց, որի առաջնային խնդիրը պետք է դառնա կիսանախագահական (նախագահական-խորհրդարանական) կառավարման մոդելին շուտափույթ անցումը, ինչը կապահովի քաղաքական կայունությունը, անվտանգությունը եւ քաղաքական ու տնտեսական համակարգի բարեփոխման ներուժը։

3. Նոր Սահմանադրությամբ, հաջորդ մեկ տարվա ընթացքում, նախատեսված կարգով պետք է անցկացնել Ազգային ժողովի, այնուհետեւ Հանրապետության նախագահի ընտրություններ:

Վերոնշյալ առաջարկությունները կոչված են ներքաղաքական եւ արտաքին քաղաքական կոնյուկտուրայից անկախ ամրապնդելու Արցախի Հանրապետության պետականությունը եւ հաղթահարելու հետպատերազմյան դժվարությունները: Դրանց իրագործման համար պահանջվում է քաղաքական կամք եւ իրավիճակի գլոբալ գնահատում եւ, նույնիսկ Հայաստան-Արցախ փոխհարաբերությունների կանխամտածված վերակազմակերպում՝ պահանջված դերբաշխմամբ»։