Մարդ մանկավարժը

Մարդ մանկավարժը

Դժվար եւ պարտավորեցնող է գրել այն ծնողի մասին, ում կեսագրությունը միայն իր ընտանիքի, անձնական փոքր ձեռքբերումների շուրջ չի կառուցվել, այլ նաեւ այլ ընտանիքների՝ հաճախ փրկելով հուսահատված մայրերի, դժվար որդիների ճակատագրեր: Այդպիսի ընտանիքներ մորս աշխատանքային գործունեության ընթացքում շատ են եղել… Մայրս լուռ ու անտրտում է աշխատել, համեստ, բայց եւ արգասաբեր:

Ավարտելով Երեւանի Պետական համալսարանի ապրանքագիտության ֆակուլտետը, աշխատելով նույն համալսարանում ու կրթելով, դաստիարակելով չորս արժանավոր զավակների՝ Սուսաննա Օհանյանը ժամանակի ընթացքում հասկացավ, որ պատրաստ է առավել մեծ ու ծավալուն, հանրօգուտ աշխատանքի:  Ձեռք բերած փորձը, գիտելիքները հարկավոր էր ծառայեցնել նաեւ հասարակությանը:

Մութ ու խավար հետխորհրդային տարիներից հետո, երբ Հայաստանի անկախ Հանրապետությունն ուզում էր ուղղել ծալած ծունկը, հորս՝ Սուրեն Օհանյանի հետ միասին, ձեռնամուխ եղան հիմնելու շարունակական կրթություն իրականացնող հաստատություններ՝ «Օհանյան վարժարան», «Եվրասիա» միջազգային համալսարան,  հետագայում նաեւ «Նյուտոնիկ» նախակրթարան, որոնք կայացած, նորարար ու ինքնատիպ ծրագրերով կրթական կառույցներ են հանդիսանում կրթաշուկայում:

Մանկավարժների շրջանում քիչ է պատահում, որ մասնագետը տիրապետի ինչպես բնական, այնպես էլ հումանիտար գիտությունների հավասարապես: Իմ մայրն այդպիսին է, որի ինտելեկտն ու ինտուիցիան առաջ են մղվում միասնաբար, կարողանում է ցանկացած երեւույթի մեջ տեսնել նորը, հայտածել բարության, մարդասիրության ի՛ր բանաձեւը՝  դիմացինին ավելի լավն ու ներողամիտ դարձնելու ձգտումով:

Տնօրինելով  «Օհանյան վարժարանը»՝ զուգահեռ սկսեց զբաղվել նաեւ հետազոտական աշխատանքով:  Արգասիքը եղավ «Էդիթ-Պրինտ» հրատարակչությունում լույս տեսած «Գիտության այբբենարան» հանրամատչելի ձեռնարկը՝ նախատեսված նախակրթարանի ավագ խմբերի եւ առաջին դասարանի սովորողների համար:

Այժմ հրատարակության է պատրաստում երկրորդ մասը՝ «Ես փոքրիկ գիտնական եմ» վերտառությամբ: Նոր ձեռնարկը նախատեսված է միջին դասարանների համար:

Մորս հոբելյանական 70-ամյակն է: Շնորհավորում եմ ու մաղթում ամուր առողջություն, հաստատակամություն բոլոր նախաձեռնություններում, հետազոտական աշխատանքների, մասնագիտական պրպտումների շարունակականություն:

Արուս Սուրեն- բանաստեղծուհի, ՀԳՄ անդամ