«Հայուհի» ամսագիրը անհայտ կանանց փիառն է անում

«Հայուհի» ամսագիրը անհայտ կանանց փիառն է անում

2006 թվականից լուս տեսնող «Армянка-Հայուհի» ամսագիրը հատկապես վերջին շրջանում բավականին ակտիվ գործունեություն է ծավալում, ներկայացնելով եւ առաջ մղելով տարբեր ոլորտներում գործող հայ կանանց: Ամսագիրը երկլեզու է՝ ռուսերեն և հայերեն: Ռուսերեն բաժնի առկայությունը նպատակ է հետապնդում բազմաթիվ ռուսախոս ընթերցողների ուշադրությունը սևեռելու, հայ կնոջ դերն ու նշանակությունն առավել ճանաչելի դարձնելու համար: Ամսագրում պարբերաբար ներկայացվում են հասարակական կյանքի տարբեր բնագավառներում՝ մշակույթ, առողջապահություն, գիտություն, սպորտ, ձեռներեցություն, որոշակի հաջողության հասած կանանց: Ենթադրվում է, որ նման կանայք պետք է հանրությանը հայտնի լինեին, նրանց գործունեությունը պետք է բավականաչափ լուսաբանված լիներ, բայց, պարզվում է, անսագրում տեղ գտած կանայք հիմնականում հասարակությանն անհայտ դեմքեր են: Այսինքն, ամսագիրը նաեւ քարոզչական, հանրահռչակման գործ է անում՝ հայ ակտիվ կանանց ներկայացնելով հանրությանը։

«Армянка-Հայուհի» ամսագիրը պարբերաբար անդրադառնում է նաեւ ցուցահանդեսների, համերգների, շնորհանդեսների: Պարբերական մամուլի, առավել եւս ամսագրերի տպագրության այս բարդ ժամանակներում, «Հայուհին» կարողացել է ոչ միայն պահպանել հրատարակման պարբերականությունը, այլեւ եկամուտ ունենալ, գենդերային քաղաքականություն իրականացնել՝ Երեւանում ցուցապաստառների վրա ներկայացնելով եւ առաջին պլան բերելով իր հերոսներին։ Այդ ցուցապաստառները հիմնականում Մաշտոցի պողոտայի վրա՝  Կոնսերվատորիայի դիմաց են տեղակայված։  

Ամսագրի կրեատիվ մասնագետը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ կանանց ընտրում են մոնիթորինգի միջոցով: «Նայում ենք, թե ինչ գործունեությամբ են նրանք զբաղվում, ինչեր են անում, ինչ արձագանքներ են հնչում նրանց գործունեության վերաբերյալ, այնուհետև ընտրում ենք նրանց»- ասաց նա:

Բայց մենք տեղյակ ենք, որ հերոսները նաեւ վճարում են բիգբորդների վրա իրենց նկարը՝ ամսագրի տվյալ համարի առաջին էջը հրապարակելու համար։ Նման բիգբորդերի կարելի է հանդիպել Երևանի կենտրոնական տարբեր փողոցներում: Մենք հետաքրքրվեցինք, թե որքան ժամանակ է մեկ բիգբորդը պահպանվում, ամսագրի աշխատակիցն ասաց՝ շուրջ մեկ ամիս: