ԼՀԿ-ինն այլեւս ողբերգություն չէ, այլ՝ ֆարս

ԼՀԿ-ինն այլեւս ողբերգություն չէ, այլ՝ ֆարս

Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ երբ պատմությունը կրկնվում է երկրորդ անգամ, ողբերգությունը վերածվում է ֆարսի։ Երեկ առավոտյան «Լուսավորից» հայտարարեցին, որ կմիանան ԲՀԿ ստորագրահավաքին, օրվա երկրորդ կեսին Էդմոն Մարուքյանը սփրթնած դեմքով հայտարարեց, որ չեն միանա, քանի դեռ Քոչարյանի պաշտպանների դիմումը ՍԴ-ում չի քննվել։ Սա արդեն ֆարսն էր։ Հնարավոր պատճառների մասին խոսեցինք Աղասի Ենոքյանի հետ։

- Պարոն Ենոքյան, ի վերջո, չի կարող խորհրդարանական 19 մանդատ ունեցող ընդդիմությունն այսքան անլուրջ լինել իր խոսքերի ու հայտարարությունների նկատմամբ։ Հնարավոր համարո՞ւմ եք սաստիկ ճնշումները Մարուքյանի եւ խմբակցության նկատմամբ։

- Ոչ, ես սա ճնշումներով չեմ բացատրում, այլ նրանով, որ Էդմոնին ի սկզբանե այդպիսի դեր էր վերապահված։ Այսինքն՝ սահմանադրական պահանջներին բավարարելու համար հարկավոր էր ինչ-որ մի ընդդիմություն ունենալ, եւ դրա համար ընտրեցին Էդմոնին, որն ամբողջովին ծառայում է Նիկոլին։ Ավելին՝ քանի որ հասարակությունը ժամանակ առ ժամանակ սկսում էր չհավատալ, որ Էդմոնն ընդդիմություն է, դրա համար Էդմոնին հայհոյում էին, ծեծում՝ ապացուցելու համար, որ ընդդիմություն է։ Եվ, վերջապես՝ նա ուղղակի չանցավ հիմնական քննությունը՝ որպես ընդդիմություն։ Եվ ապացուցելը կլիներ դիմումին միանալով։ Իսկ թե դա չանելու համար ինչ պատճառաբանություններ կբերեն, հայերեն ասած՝ ինչ «կռուտիտներ» կանեն, արդեն երկրորդական է։

- Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում հայտարարեց, որ կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները եւ ԶԼՄ-ները պետք է 100 տոկոսանոց թափանցիկ լինեն։

- Թափանցիկության վերաբերյալ՝ 4 նկատառում։ Առաջին․  անհեթեթություն է, երբ Նիկոլ Փաշինյանը փորձում է կառավարության թափանցիկությունը համեմատել լրատվամիջոցների թափանցիկության հետ, որովհետեւ  կառավարությունը մեր բոլորի փողերով աշխատող հիմնարկ է, եւ մենք պարտավոր ենք պահանջել մեր փողերի համար հաշվետվություն։ Երկրորդ․ կառավարության թափանցիկություն գրեթե չկա․ մենք, օրինակ, մինչեւ հիմա չենք ստացել բացատրություն այն մասին, թե ինչու էր անհրաժեշտ Նիկոլ Փաշինյանի տունը վերանորոգել 2 միլիոն դոլարով, ինչու էր նրան անհրաժեշտ առնել երկուսուկես միլիոն դոլարանոց «Մերսեդես», եւ իր շատ ու շատ այլ՝ շեյխական կայֆերի ծախսերի վերաբերյալ բացատրություններ, որոնք չկան։ Երրորդ․  եթե այդ թափանցիկության մասին է խոսքը, ապա լրատվամիջոցներն իրենց հարկային հաշվետվություններն ամեն տարի հրապարակում են։ Եվ չորրորդ․ բազմիցս հայտարարել են լրատվամիջոցները, որ հենց Նիկոլ Փաշինյանն իր թերթի թափանցիկությունն ապահովի, բոլորն իրեն են միանալու։