Ինչո՞ւ է ռուս զինծառայողը սպանել գյումրեցի կնոջը

Ինչո՞ւ է ռուս զինծառայողը սպանել գյումրեցի կնոջը

Գյումրիում այս օրերին ամենից շատ քննարկվում է ռուս զինծառայողի կողմից փողոցը մաքրող կնոջ սպանության դեպքը: Թեև դեպքի օրն իսկ գյումրեցիները խոսում էին, որ կնոջը սպանել է 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող, դատախազությունը հրաժարվում էր լուրը հաստատել: Միայն մեկ շաբաթ անց գլխավոր դատախազությունը դեպքի վերաբերյալ կարճ ինֆորմացիա տրամադրեց:

Ռուս զինծառայողը՝ որպես կասկածյալ ձերբակալված է, իսկ անձնական որևէ տվյալ չհրապարակվեց: Շիրակի մարզի դատախազությունից էլ հայտնում են, որ գործը նախաքննության փուլում է: Գյումրեցիները կասկած չունեն, որ ռուսական հրամանատարությունն իր զինվորին հայկական կողմին չի հանձնել եւ վստահ են, որ կասկածյալն այս պահին գտնվում է 102-րդ ռուսական ռազմաբազայում, ինչպես Ավետիսյաններին սպանած Վ. Պերմյակովը: Քանի որ իրավապահներից որևէ բան ճշտել չի հաջողվում, փորձեցինք մեր հետաքննությունն անցկացնել:

Նախ զրուցեցինք սպանված 57-ամյա Ջուլիետա Ղազարյանի հարևանուհու հետ: Ջուլիետան Գյումրու Սլաբոդկա թաղամասից էր: Այս թաղամասը հայտնի է իր կրիմինալ կոչումով: «Ես գրեթե վստահ եմ, որ անձնական որևէ առնչություն ռուս զինծառայողի ու նրա միջև չի եղել, ինչ եղել է՝ այդ օրն է եղել, ու զուտ պատահականություն է: Ջուլիետան գլուխը կախ, աշխատող կին էր, ամբողջ կյանքում չարչարվել է: Մտել էր քաղաքապետարան աշխատանքի, փողոցն էր մաքրում, որ ցամաք հացն ու կոմունալները հասցնեին: Անկողնային պառկած մորն է պահել, նամուսով, անշառ կին էր, էլ չգիտեմ՝ ինչ ասեմ: Փողի բազար չէր կարող լինել, հազիվ էին ապրում, աղջիկը խնդրեց, որ քաղաքապետարանը թաղման ծախսերն անի»,-ասաց հարևանուհին՝ խնդրելով չհրապարակել անունը:

Ինչո՞ւ սպանվեց փողոցը մաքրող 57-ամյա անշառ կինը: Այդ նույն հարցը հնչեց Ավետիսյանների ընտանիքի սպանության ժամանակ. ի՞նչ էին արել համեստ կյանքով ապրող Ավետիսյանները, որ դաժանաբար սպանվեցին ռուս զինծառայողի կողմից: Բարձրաստիճան նախկին իրավապահի հետ զրույցը կարծես թե որոշ չափով լույս սփռեց մեր կասկածների վրա: «Ավետիսյանների դեպքն ավելի խորքային էր եւ տեսակով տարբերվում էր ու մինչև վերջ մնաց չբացահայտված: Հիմա այդ մասին չեմ էլ խոսի: Այս վերջինը բոլորովին այլ ենթատեքստ ունի: Մենք Գյումրիում ունենք մի շարք գիշերային ակումբներ, որոնք հիմնականում գոյատևում են ռուս այցելուների հաշվին:Ռուս զինծառայողները գիշերներն այնտեղ շատ են անցկացնում, խմում են, հարբում, վերահսկողությունից դուրս են գալիս եւ դառնում են անկառավարելի: Եւ որպես հետևանք՝ նման դեպքերի են բերում: Սա շարունակական է լինելու, քանի դեռ հարցը լրջորեն բարձրացված չէ»,-ասաց մեր զրուցակիցը՝ տեսակետներ հայտնելով. «Կնոջ հետ կատարվածը տեղի է ունեցել լուսադեմին: Գիշերվա 3-ից ռուս զինծառայողներն սկսում են ակումբ հաճախել: Մի քանի ժամ անընդհատ խմելուց հետո այնքան անկառավարելի են դառնում, որ հարբած վիճակում միայնակ կնոջ է տեսել եւ…,հասկանում եք՝ ինչ ի նկատի ունեմ: Հանդիպելով դիմադրության՝ կատաղության նոպայի տակ սպանությունը գործելը հեռու չէ: Մեկ այլ տարբերակ ևս չի բացառվում: Հնարավոր է՝ հարբած զինծառայողի՝ ոչ կոռեկտ պահվածքը համբերությունից հանել է փողոցն ավլող կնոջը. վիճաբանություն, քաշքշուկ….»:

Նախկին իրավապահի համոզմամբ այստեղ ոչ այնքան զինծառայողների, որքան ռուսական ղեկավարության մեղավորությունն է: «Գիշերային կլուբները գործում են, դրանք փակել բնականաբար հնարավոր չէ: Բայց նույն բանն է, երբ հայկական զորամասից զինծառայողը գիշերը դուրս է գալիս, ինչը անթույլատրելի է: Իրենք առավել ևս, համարվոււմ են արտասահմանցիներ, այնպիսի գործելակարգ, համապատասխան վերահսկողության մեխանիզմներ պիտի մշակեն, որ այլ երկրում բացառվեն անկարգությունները, ուր մնաց նման հանցագործությունները»,-ասաց նա:

Նկատենք, որ հարբած զինծառայողների արկածները Գյումրիում այնքան շատ են, որը բոլորը միանգամից թվարկել հնարավոր չէ: Մոտ մեկ տարի առաջ հարբած զինծառայողը շփոթել էր ընկերոջ բնակարանը եւ Գյումրու Անի թաղամասի բնակարաններից մեկի դուռը գիշերվա կեսին այնքան էր հարվածել, որ վախեցած բնակիչները ահազանգել էին ոստիկանություն: Ամիսներ առաջ էլ ռազմաբազայի զինծառայողներն ու իրավապահ մարմինները, լուսանկարները ձեռքներին, ողջ քաղաքով փնտրում էին իրենց երկու դասալիքներին: Երբ նրանց հայտնաբերեցին, պարզեցին, որ օրեր շարունակ ալկոհոլի ազդեցության տակ են եղել: Ամենաթարմ դեպքը վերջերս Գյումրու «Դվին» ռեստորանային համալիրում կատարվածն էր: Լուսադեմին ռուս զինծառայողը հարբած վիճակում կոտրել էր ռեստորանի ապակին, ներս էր մտել եւ ջարդուփշուր արել ներսի գույքը. նա ամենուր խմիչք էր փնտրել: