Ոստիկանները ձերբակալել են սպանության մեջ կասկածվող անձին

Ոստիկանները ձերբակալել են սպանության մեջ կասկածվող անձին

Փետրվարի 8-ին ժ.05.16-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ անհայտ քաղաքացին մեքենայով սպանված քաղաքացի է տեղափոխել իրենց մոտ: Մեկնած ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խումբը արձանագրել է, որ մեքենայով տեղափոխվել է 36-ամյա Աղասի Աբգարյանի դիակը՝ կրծքավանդակի հատվածում սուր կտրող-ծակող գործիքով հասցված վնասվածքով:

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 36-ամյա տղամարդուն դանակահարել և սպանել է Հրազդանի 44-ամյա մի բնակիչը, որը հայտնաբերվել և սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում 44-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Աղասի Աբգարյանին, որը մահացել է։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելի վաղ գրել էինք, որ գիշերը Կոտայքի մարզում իր վարած «Mazda 3» մակնիշի ավտոմեքենայում դանակահարվել է արցախցի Աղասի Աբգարյանը։ Վերջինս բժշկական կենտրոնում մահացել է։ ՆԳՆ-ից «Հրապարակ»-ին հայտնեցին, որ քրեական ոստիկանության Կոտայքի ոստիկանները պարզել են սպանության հանգամանքները, հայտնաբերել եւ ձերբակալվել է սպանությունը կատարողին։

Մեզ նաեւ հայտնի դարձավ, որ վեճը ծագել է կենցաղային հարցի շուրջ։ Ներսես Աբգարյանը իր մեքենայով տաքսի է վարել, մի խմած քաղաքացի նստել է մեքենան, ճանապարհին վիճաբանություն է եղել, ուղեւորը դանակահարել է վարորդին։ Ավելի վաղ դեպքի առնչությամբ նաեւ համացանցում տեղեկություն տարածվեց, որ Փետրվարի 8-ի գիշերը, ժամը 3։00-4:00 ժամանակահատվածում Հրազդան քաղաքում վայրագությամբ սպանել, այնուհետև «Mazda 3» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղում դրել ու հասցրել են «Հրազդան» բժշկական կենտրոնի բակ՝ Արցախի Հանրապետության քաղաքացի Ներսես Աբգարյանին։ Դատաբժշկական փորձաքննությամբ 35-ամյա երիտասարդի կրծքավանդակի հատվածում կա սուր կտրող-ծակող գործիքի հարվածի հետք։

Ընկերների պատմելով բնավորությամբ հանգիստ, ընկերասեր, սրտաբաց երիտասարդ էր...Ներսես Աբգարյանն ընտանիքի հետ Արցախից տարհանվել էր 2023թ. սեպտեմբերի վերջին։ Առաջին ատյանի դատարանի Աբովյանի նստավայրում քրեական վարույթ է ներկայացվել «սպանություն» հատկանիշով։