Պոլիկլինիկաներից դպրոցների պատվաստումների տվյալներն են պահանջում

Պոլիկլինիկաներից դպրոցների պատվաստումների տվյալներն են պահանջում

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի առողջապահության նախարարի հրամանը, ըստ որի՝ աշխատողը պարտավոր է յուրաքանչյուր 14 օրը մեկ իր հաշվին ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող (առավելագույնը 72 ժամ վաղեմության) սերտիֆիկատ։

Ինչպես տեղեկացանք, քաղաքապետարանը պոլիկլինիկաներից դպրոցների պատվաստումների տվյալներն է արդեն պահանջում։ Ավելին՝ պոլիկլինիկաներից դպրոցներին ասել են, որ իրենք պատրաստ են գալ եւ տեղում պատվաստել բոլորին, որոշ դպրոցներ, սակայն, հրաժարվել են՝ միաժամանակ հասկանալով, որ չեն կարող երկար խուսանավել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, բոլոր այն մանկավարժները, ովքեր մինչեւ հիմա չեն պատվաստվել, կա՛մ առողջական խնդիրներ ունեն, կա՛մ էլ սկզբունքորեն դեմ են պատվաստմանը։ Ինչ վերաբերում է ՊՇՌ հետազոտությանը, ապա ուսուցիչներին ասվել է, որ տույժ ու տուգանք են կիրառվելու, աշխատավարձից պահումներ են արվելու, եթե սահմանված կարգով չներկայացնեն։  

Ի դեպ, երեկ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ արդեն մի քանի դպրոցի ուսուցիչներ ցանկություն են հայտնել աշխատանքից ազատվելու։ Նա, մասնավորապես, նշել է. «Հիմնականում այն ուսուցիչները, որոնք պլանավորում են փոքրիկներ ունենալ եւ չեն պատվաստվելու։ Պատկերացնում եք, չէ՞, թե ինչ կարող է լինել։ Դպրոց կա՝ միանգամից 5-10 ուսուցիչ դիմում կգրի։ Գործատուի՞ն եք տուգանելու: Է, տուգանե՛ք, փակե՛ք բոլոր աշխատող կառույցները եւ երկիրը հասցրեք վերջնական կործանման։ Մենակ պատկերացնել, թե մի դպրոցից 5 ուսուցիչ կկրճատվի այն պարագայում, որ այսօր մանկավարժների դեֆիցիտ է, արդեն աղետալի է։ Սա հակապատվաստումային քարոզ չէ, այլ սպասվելիք վտանգի տեղեկացման գրառում»։

«Կրթություն եւ համերաշխություն» արհմիությունն էլ մի քանի օր է արդեն՝ հատուկ պատրաստված սոցիալական հոլովակի միջոցով ուսուցիչներին տեղեկացնում է նրանց իրավունքների մասին։ Արհմիությունը հիշեցնում է, որ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով, որը հստակ սահմանում է աշխատողների պարտականությունները, իրավունքները եւ պաշտպանում վերջիններիս շահերը։ Աշխատանքային օրենսգիրքը, միավորելով աշխատանքային իրավունքի ամբողջ ճյուղի հասարակական հարաբերությունների կարգավորումը, ավելի բարձր իրավական ուժ ունի, քան ենթաօրենսդրական ակտերը։ Օրինակ՝ ԱՆ հայտնի հրամանը չպետք է հակասի Աշխատանքային օրենսգրքով նախատեսված առողջության պահպանման պարտադիր կանոններին։

Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է, որ պարտադիր բժշկական զննումը կատարվում է աշխատանքային ժամերին՝ գործատուի միջոցների հաշվին, եւ առողջապահության նախարարի կողմից որեւէ կերպ աշխատողի կողմից իր հաշվին ՊՇՌ հետազոտություն անցնելու պարտականություն դնելը դառնում է ոչ իրավաչափ։ Ավելին՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համապատասխան կարգում, որը ներկայացնում է աշխատանքի հետ կապված պարտադիր նախնական եւ պարբերական բժշկական զննության ենթակա մասնագիտությունների աշխատանքների ցանկը, COVID-19-ի ՊՇՌ լաբորատոր հետազոտություն ներառված չէ։ «Նման բեռ դնելով հատկապես կրթության ոլորտի աշխատակիցների վրա՝ առողջապահության նախարարը խախտում է նաեւ սոցիալական գործընկերության բոլոր նորմերը։ Կրթության ոլորտի աշխատակիցների միջին աշխատավարձը ցածր է նույնիսկ ՀՀ միջին աշխատավարձից, իսկ յուրաքանչյուր ամիս միջինը 30 հազար ՊՇՌ թեստերին տրամադրելու դեպքում աշխատողների մի զգալի խմբի իրական եկամուտներն ավելի ցածր կլինեն, քան ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի շեմն է»,- ասված է «Կրթություն եւ համերաշխություն» արհմիության ուղերձում։