Ռուսները լավ страновед-ներ ունեն, բայց չեն ճանաչում վրացիներին

Ռուսները լավ страновед-ներ ունեն, բայց չեն ճանաչում վրացիներին

Դժվար է ասել՝ Թբիլիսիում ողջ գիշեր շարունակված ակցիաները, որոնց արդյունքում պաշտոնապես 70 (39-ը  ոստիկան), իսկ ոչ պաշտոնապես՝ 100 մարդ վնասվածք է ստացել, իրականում ինչ շարունակություն կստանան։ Կարո՞ղ են դրանք վերածվել հեղափոխության, ո՞վ և ովքեր կարող են իրավիճակից օգտվել, ո՞րն է Թբիլիսիի փողոցներում գտնվող մարդկանց հիմնական պահանջը եւ որքանով է սա կառավարվում նախկին նախագահ Սաակաշվիլու կողմից։
Այս և այլ հարցերի շուրջ «Հրապարակը» զրուցել է Վրաստանի էքս-նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ազգային փոքրամասնությունների հարցերով նախկին խորհրդական Վան Բայբուրդի հետ։
 

-Պարոն Բայբուրդ,  Թբիլիսիում դեպքերը նման ընթացք ստացան, երբ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստը նախագահող Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ  Գավրիլովը նստեց Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին։ Ի վերջո, խնդրում ենք պատմեք՝ ի՞նչ կատարվեց։

-Ոչ ոք նման բան չէր սպասում։ Մինչև այդ համաժողովի սկսվելը միայն կային  խոսակցություններ, որ չպետք է իրավունք տրվի Զատուլինին գալ Թբիլիսի, քանի որ նա ՌԴ Դումայի այն ծայրահեղական անձնավորություններից է, որը կողմ է արտահայտվում  Հարավային Օսիայի և Աբխազիայի անջատմանը։ ՌԴ այն պատգամավորները, որոնք ներկա էին, և որոնց Վրաստանի սահմանապահները թույլ տվեցին հատել սահմանը, այդ 3 պատգամավորներն ու հատկապես Գավրիլովը  2008 թվականին, երբ ՌԴ-ն ճանաչում էր Հարավային Օսիան և Աբխազիան, քվեարկել էին հօգուտ դրա։ Եվ երբ Գավրիլովը հայտարարեց, Ազգային շարժման խմբակցության պատգամավորները դուրս եկան և անհամաձայնության ակցիա իրականացրեցին հենց դահլիճում։ Եվ երեք ժամ անց արդեն շատ մեծ դժվարությամբ, հատուկ ծառայությունների օգնությամբ ռուսաստանյան պատվիրակությունը՝ Գավրիլովի նախագահությամբ դուրս բերվեցին հյուրանոցից և ուղարկվեցին Մոսկվա։
Այդ վեհաժողովի գլխավոր քարտուղարը Հունաստանի խորհրդարանի անդամն էր, երկու օր շուտ ստացել էինք այդ համաժողովի ծրագիրը, որտեղ գրված էր, որ Վեհաժողովը բացելու է Հունաստանի ներկայացուցիչը։  Բայց, ինչպես ասում են, բոլորի համար անսպասելի վեհաժողովը  բացեց Գավրիլովը։ Եվ բացեց ռուսերենով, ոչ անգլերենով, թեև հոյակապ տիրապետում է անգլերենին։ Պարզվեց նաև, որ ինքը 2008 թվականին քվեարկել է հօգուտ Աբխազիայի ու Օսիայի բռնակցման։ 
Եվ պետք է ասել, որ ազգային շարժման ներկայացուցիչների կողմից սկսված այդ ակցիայից անմիջապես հետո թե՛ Վրաստանի իշխանությունները՝ և՛ Վրաստանի վարչապետը, և՛ Ներքին գործերի նախարարը, և՛ Վրաստանի նախագահը, որն այդ պահին Մինսկում էր, հայտարարեցին, որ լրիվ կողմնակից են և ամբողջապես պաշտպանում են այդ բողոքի ակցիան։ Եվ որ այդ մարդկանց ներկայության պատճառով պետք է  վերջ դրվի Թբիլիսիում այդ համաժողովին։ Հատկապես, եթե այդպիսի սադրանք է տեղի ունեցել և այցելող կազմի մեջ թողնվել են այդպիսի անձնավորություններ։

-Մի կողմից դատապարտեցին, մյուս կողմից ուժ են կիրառվել ցուցարարների նկատմամբ։ 

-2012 թվականից՝ «Վրացական երազանքի» ստեղծումից ի վեր սա առաջին դեպքն է։ Ես  ղեկավարվում եմ միայն Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությամբ, որը հայտարարեց, որ ակցիան ճիշտ է անցել և ՌԴ պետդումայի պատգամավորները սադրել են։ Բայց ժամը 11-ին, երբ սրվեց իրավիճակը և այդ կազմակերպությունները պահանջեցին մտնել խորհրդարան, այդ ժամանակ ցուցարարները սկսեցին քարեր, շշեր կամ ոստիկանների խլված մահակներ նետել  ոստիկանների ուղղությամբ։ Եվ ոստիկանները սկսեցին կիրառել արցունքաբեր գազ և ջրցաններ։ Եվ արդեն12-ի կողմերը կային վիրավորվածներ ոստիկաների կողմից։ Այդ ժամանակ սկսեց իշխանությունը ուժ կիրառել։ Եվ վիրավորների թիվն էլ հասնում է 100-ի, չգիտեմ՝ ինչու չեն ասում։ Եվ ոստիկաններից տուժել է 39 մարդ, և ռետինե փամփուշտներով վնասել են 3 մարդու, նրանք մնացել են մի աչքով։

-Իսկ ի՞նչ մթնոլորտ է հիմա տիրում։

-Խոսակցություններ կան, որ ցուցարարները կարող են նորից չհավաքվել միայն մեկ պայմանով,  եթե  պաշտոնանկ լինի խորհրդարանի նախագահը (հարցազրույցն արել ենք ցերեկը, դրանից հետո խորհրդարանի ղեկավարը հրաժարական է տվել)։ Սա է հիմնականում, գլխավոր պահանջը։ Արդեն հնչեցվել է նաև պահանջ խորհրդարանը ցրելու ու  խորհրդարանի ընտրություններ, առանց մեծամասնական ընտրակարգի, անցկացնելու մասին։

-Ի՞նչ նախադրյալներ կան, հնարավո՞ր է այս ամենը վերածվի հեղափոխության։ 

-Նորից եմ կրկնում՝ ելույթ ունեցավ մի մարդ, որի մեղքը մեծ էր Աբխազիայի և Օսիայի բռնակցման հարցում։ Եվ նա ելույթ էր ունենում Վրաստանի խորհրդարանի նախագահի բազկաթոռից։ Եվ սա կարծես սիմվոլիկ լիներ, որ ռուսները եկան ու գրավեցին Վրաստանի խորհրդարանը։ Սա շատ էմոցիոնալ պահ էր և ժողովուրդը ազգային շարժման հայտարարությունից հետո մեկ ժամ անց շրջապատեց խորհրդարանը։ Ինչ վերաբերում է հեղափոխության վերածվելուն, համողված եմ, ո ր այն ֆոնը չկա, որ լինի հեղափոխություն։ Կա մի դիվանագիտական արտահայտություն՝ ռուսներն ասում են «страновед»։ Ռուսաստանը 16, 17-րդ դարերից ունեցել է այդ երկրագետներին, որոնք իմացել են տվյալ երկիրը, բայց այսօր այդ մարդիկ լավ երկրագետներ լինելով՝ չգիտեն վրաց ժողովրդի հոգեբանությունը։ Այսինքն, չգիտեն, որ այն, ինչ կարելի է անել ուրիշ ժողովուրդների հետ վրացների հետ  անհնար է անել։ Եվ վրացիք իրենց ուղղակի ասացին, որ Ձեզ մի քիչ նորմալ պահեք։