Փաշինյանի համար ռեալ քաղաքականությունը եւ կյանքը միայն այժմ է սկսվում

Փաշինյանի համար ռեալ քաղաքականությունը եւ կյանքը միայն այժմ է սկսվում

Ինչի էր ձգտում Նիկոլ Փաշինյանը հոկտեմբեր-նոյեմբերինին երկրի ներքաղաքական իրավիճակը լարելով եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պարտադրելով, ինքս չգիտեմ, բայց ենթադրություն ունեմ, թե ինչից էր փախչում: Երեւի սելֆիներից ու հրապարակային աղմկարարությունից ազատ ժամերին Փաշինյանը մտորել էր միջազգային հարաբերություններում իր տապալումների շուրջ եւ որոշել, որ աշխարհն իրեն չի ընդունում, քանի որ Հայաստանում դեռ երկիշխանություն է, գործող խորհրդարանը 2019-ի մայիսից հետո կարող է իրեն իշխանությունից հեռացնել: Հետեւաբար իրեն հարկավոր է խորհրդարանական մեծամասնություն եւ մենիշխանություն։


Սեպտեմբերի վերջին օրերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ամերիկյան վարչակազմի կողմից քամահրական վերաբերմունքը (ուրիշ ինչ անուն կարելի է տալ մի դրության, երբ Փաշինյանի շրջապատը` Արարատ Միրզոյանի պարագլխությամբ, ԱՄՆ իշխանությունների հետ շփումների անկարողությունից թեւաթափ, նվաստանալով կոնգրեսականների ձեռամբ բաց նամակի տեսքով Թրամփ- Փաշինյան հանդիպում խնդրեց, բայց այդքանից հետո էլ ոչ միայն Թրամփի օրակարգում լուսանցք չգտնվեց Փաշինյանի հետ հանդիպում նշանակելու համար, այլեւ փոխնախագահ Փենսի կամ պետքարտուղարի Պոմպեոյի օրակարգում էլ Փաշինյանի համար 10-15 րոպե չգտնվեց) թերեւս դարձավ վերջին կաթիլը, որ Փաշինյանին մտահեցումից մղեց գործողությունների: 


Հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում չգիտես ինչ օրինագծի քվեարկությունը պատրվակ դարձնելով Նիկոլ Փաշինյանը իր հետեւորդների մի քանի հազարանոց ամբոխ գեներացրեց Ազգային ժողովի մատույցներում, փողոցից հրամաններ արձակեց նախարարների` պաշտոններից ազատելու մասին, այնուհետ գրեթե պետական հանցագործություն կատարելով հատուկ պահպանության ներքո գտնվող ԱԺ տարածքը բացեց, որպեսզի իրեն հետեւող գազազած ամբոխը պաշարի Ազգային ժողովը, եւ ի վերջո հասավ նրան, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, որին բնակչության 52 տոկոսը չմասնակցեց: Մասնակցողներն էլ կազմավորեցին խաժամուժի մակարդակի խորհրդարան, որը դժվար թե որեւէ առավելություն ունենա նախորդի հանդեպ: 
Բայց այս արտաքին տեղաշարժը, ի դժբախտություն Փաշինյանի, նշանակություն չունեցավ իր հանդեպ միջազգային հարգանք ստեղծելու հարցում, կամ այն սպանիչ նշանակությունը ունեցավ, որ բացահայտեց` Փաշինյանը որքան էլ երկիշխանություն հաղթահարի եւ մենիշխանություն հաստատի, դրանից աշխարհի համար ավելի ընդունելի չի դառնա: Փաշինյանը, ընտրություններից հետո ոչ միայն ցուցադրաբար նվաստացվեց` ԵՄ-ից, ԱՄՆ-ից ու ՌԴ-ից արժանանալով ԱԳՆ մամուլի քարտուղարների մակարդակով արձագանքի եւ 10 օրվա ընթացքում հազիվ երկու-երեք երկրից շնորհավորանքների, այլեւ Բելառուսի նախագահը տասնյակ լրագրողների առջեւ հայտարարեց, թե Նիկոլը վախից լեզուն չգիտես որտեղ է թաքցնում, որ ՌԴ նախագահի մոտ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին մատակարարվող զենքի հարցը չբարձրացնի: 


    Իրականում Փաշինյանն այնքան ահաբեկվա՞ծ է, որ չի համարձակվում Պուտինի ներկայությամբ անգամ հարց բարձացնել, թե՞ Լուկաշենկոն է չափազանցնում կամ հորինում՝ Փաշինյանի հասցեին հայհոյախոսելու համար, երկրորդական է: Էականը, որ Լուկաշենկոն Փաշինյանի մասին հրապարակավ, մարտահրավեր նետելով արտահայտվում է ինչպես մի ետին արարածի մասին, իսկ Փաշինյանը ծպտուն չի հանում: Ճիշտ ինչպես Գյումրիում ռուս զինծառայողի կողմից դաժան ծեծի ենթարկվելու արդյունքում մահացած կնոջ մասին Փաշինյանը ծպտուն չհանեց: Մնում է հարցնել` ո՞ւր են մնացել Փաշինյանի հանրահավաքային ափեղ-ցփեղ դատարակախոսությունները Հայաստանի քաղաքացուն նեղացնողներին վզից բռնել-շպրտելու մասին: Փաշինյանը ինչո՞ւ սպանություն գործած զինծառայողի վզից չի բռնում, կամ իրեն հրապարակավ հայհոյող Լուկաշենկոյի լեզվից չի բռնում: 


Փաշինյանի վազքը մինչեւ Լուկաշենկոյի ապտակն ու ռուս զինծառայողի հանցագործությո՞ւնն էր: Շատ կարճ վազք չի՞: Թե Փաշինյանը չգիտեր, որ իր կարգի օխլոկրատներին գրեթե երբեք հարգանք չի վիճակվում: Հիմա թող աշխարհի չափ հին այդ կանոնը սերտի: 
Թե ինչպես Փաշինյանը դուրս կգա շնորհավորանքերի չարժանանալու, Լուկաշենկոյի հայհոյախոսության եւ ռուս զինծառայողի հանցագործությանը չարձագանքելու անհարմար դրությունից կտեսնենեք: Ըստ իս Փաշինյանի համար ռեալ քաղաքականությունը եւ կյանքը միայն այժմ է սկսվում: Ինչպես արտահերթ ընտրությունների մի քանի օրում պարզվեց Փաշինյանի խնդիրները ոչ թե նախորդ խորհրդարանի կամ իշխանության հետ էին, այլ բուն կյանքի եւ քաղաքականության: Եվ դատելով մինչ այժմ Փաշինյանի կառուցած միջազգային հարաբերություններից այդ մարտահրավերներին ինքը նույնքան շանս ունի դիմակայելու, որքան ձեռքերը կտրված անձը լողալով գետ անցնելու: 


Փաշինյանը հայտնվել է միջազգային քաղաքականության մամլիչի ներքո, եւ մնում է տեսնել, թե ինչ կմնա Փաշինյանից մի քանի ամիս հետո, եւ այն դեպքում, եթե նա համաձայնի Լեռնային Ղարաբաղի շուրջ հայկական ուժերի զբաղեցրած տարածքները մասամբ հանձնել, եւ այն դեպքում, եթե փորձի ընդդիմանալ եւ չհանձնել: Փաշինյանի վրա ընտրություններից ի վեր տեղացող հարվածները այդ գլխավոր իրադարձության նախերգանքն են: Եվ էժանագին մանեւրներով`մի երկու շաբաթ ԱԺ առաջին նիստ հետաձգելով, հետո էլ մի երկու շաբաթ կառավարություն կազմավորելով դեկտեմբեր-հունվարը գլորելը Փաշինյանին ճակագրական x պահից չի փրկի: 
Ինչպես Ջոն Բոլթոնն էր Երեւանում բաց տեքստով հայտատարել Փաշինյանից միակ ակնկալությունը ընտրություներից հետո  «Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ վճռական քայլեր կատարելն է»: Ուրիշ անելիք գոնե ԱՄՆ-ը Փաշինյանի համար չի տեսնում: Դատելով Լավրովի` օրերս հնչեցրած հաջորդական հայտարարություններից` Մոսկվան էլ կարծես չի տեսնում: Մակրոնն էլ երեկ համարյա տասնօրյա ուշացումով շնորհավորեց Փաշինյանին, հավանաբար շնորհավորանքի տեքստի վերջին նախադասությունը հնչեցնելու համար: Ըստ իս այդ նախադասությունը հիշեցում էր, որ ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն  Ֆրանսիային դուրս չդնեն Ղարաբաղի շուրջ խաղացվող պարտիայից: