Ծերուկն անտանելի է դառնում

Ծերուկն անտանելի է դառնում

1998 թվականին, երբ մայր հայրենիքում ՀՅԴ-ի գործունեության կասեցման որոշումը չեղարկվեց, Երեւանի Շիրակացու անվան ճեմարանում պատմության ամբիոնի մի վարիչ էր աշխատում, անունը՝ Հակոբ Ասլանյան: Սովետական պատմագիտության անշուք դեմքերից էր, որ իր կարիերայի ընթացքում այդպես էլ չաճեց եւ հետխորհրդային Հայաստանում կմնար վարժապետ, եթե 2020 թվականի դեկտեմբերին «Ելք» դաշինքը նրան չբերեր 7-րդ գումարման խորհրդարան: 8-րդ գումարման խորհրդարանում է հայտնվել արդեն 2021թ. արտահերթ ընտրությունների արդյունքում (ՔՊ ցուցակ): Սրան հարցրին՝ Հակոբ ջան, բա ի՞նչ կարաս անես 7-րդ գումարման խորհրդարանում: Ասաց՝ կարամ «բոչկա» գլորեմ: Է՞լ ինչ կարաս անես… Կարամ չգլորեմ: Եվ Ասլանյան Հակոբին տարան կցեցին «Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին»՝ որպես անդամ: Իսկ թե ինչով է զբաղված Հակոբ Ասլանյանը 8-րդ գումարման ԱԺ-ում, կներեք, չգիտեմ: Այն էլ ասեմ, որ եկող տարի մեծ շուքով նշելու ենք Հակոբ Ասլանյանի 70-ամյակը: Դա պատմաբանների ամենածաղկուն տարիքն է, ինչի վառ ապացույցներից մեկն էլ այն է, որ ՔՊ-շնիկ պատգամավոր Հակոբ Ասլանյանը, քաղաքականությունը թողած, արդեն իսկ սկսել է նոր եռանդով զբաղվել պատմագիտությամբ: Հենց իր վկայությամբ՝ նյութեր է հավաքում 133-ամյա ՀՅԴ-ի մասին, որ հանդես գա ՀՅԴ-ն արգելելու նախաձեռնությամբ:

Պարոն Ասլանյան, արի՝ քեզ մի բարեկամական խորհուրդ տամ` 70 տարեկան մարդ ես, դու է՞լ ես ուզում գնալ Արման Բաբաջանյանի ճանապարհով, դատարաններում պարտվես, խայտառակվես: Քանի ուշ չէ՝ մի արա:

Հակոբ Ասլանյանը վերջերս մի ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից: Չեմ հիշում՝ ինչ հարց էր քննարկվում, բայց նա պտտեց, պտտեց, բերեց ՀՅԴ-ի վրա ու դեռ կուսակցությունն անվանեց Հայաստանի հեղափոխական դաշնակցություն: Ես այս դեպքը հատուկ ընդգծեցի, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե ինչ մակարդակի պատմաբաններ կան ՔՊ խմբակցությունում, եւ ինչպես են նրանք, ամոթ էլ է ասելը, պայքարում ՀՅԴ-ի դեմ: Եվ, ուրեմն, պարոն Ասլանյան, ոչ թե Հայաստանի հեղափոխական դաշնակցություն, այլ Հայ Յեղափոխական Դաշնակցություն: Հայ՝ այսինքն՝ համահայկական: Եվս մեկ ուղղում. 1994-ին Հայաստանում կասեցվել էր ՀՅԴ մեծ ընտանիքի կառույցներից մեկի՝ հայաստանյան կառույցի գործունեությունը: ՀՀ իշխանություններն ամենամեծ ցանկության դեպքում էլ չէին կարող կասեցնել ՀՅԴ-ի գործունեությունն ամբողջ աշխարհում: Այդպես է եղել նաեւ խորհրդային իշխանության բոլոր տարիներին: ՀՅԴ-ն գործել է միշտ եւ ամենուր: Եվ ինչո՞ւ պիտի ՀՅԴ-ն հատուկ «համագումար» աներ՝ իր հայաստանյան կառույցի գործունեության վերականգնման առիթով:

Հիմա էլ Հակոբ Ասլանյանը «Հրապարակին» է հարցազրույց տվել, թե բա՝ Դաշնակցությունը պետք է դադարեցնի իր գործունեությունը, որովհետեւ հայակործան կազմակերպություն է: Ապա հավելել է. «Եվ դա ես չեմ ասում, դա ասել են իրենց շատուշատ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ՝ հայտնի մարդիկ»: Փչում ես, Հակոբ Ասլանյան: Այդպես խոսել եւ մտածել են հիմնականում հակադաշնակցությամբ տոգորված առանձին ոչնչություններ եւ, իհարկե, բոլշեւիկյան պատմաշինության զոհ դարձած որոշ հայ պատմաբաններ, որոնց ինչքան էլ ասես, որ 1918 թվականին ՀՅԴ-ն ոչնչից վերակերտեց հայոց պետականությունը, եւ դրա շնորհիվ է, որ մենք այսօր պետականություն ունենք, միեւնույն է, չեն հասկանալու:  

«Սա վերջին անգամն է, որ Դաշնակցությունն արենայում կա։ Ընդամենը մի քանի տարի հետո ՀՅԴ-ն, որպես մեռած կուսակցություն, կհեռանա քաղաքական ասպարեզից»,- ասել է Ասլանյան Հակոբը, որ Դաշնակցության կողքին մի փոշեհատիկ է եւ Դաշնակցությունից փոքր՝ ճիշտ իր տարիքի չափով: Քաղաքական որեւէ գնահատական չեմ տա Հակոբ Ասլանյանի այս դարակազմիկ մտքին: Իմաստ չունի: Ուղղակի նրան տեղեկացնեմ, որ քաղաքական ասպարեզից Դաշնակցության հեռանալու մասին խոսակցություններ եղել են բոլոր ժամանակներում, բայց նրանք, ովքեր խոսել ու շաղակրատել են այդ մասին, այսօր կա՛մ չկան քաղաքական դաշտում, կա՛մ էլ շատ մոտ են քաղաքական դաշտից վերանալու սահմանագծին: Իսկ ինչ վերաբերում է Ասլանյանի հաշվարկին, թե «մի քանի տարուց ՀՅԴ-ն կվերանա», ապա կարող եմ ավելի ճշգրիտ ժամկետ ասել: Դա անխուսափելիորեն տեղի կունենա, բայց այն պահին, երբ «ժամանակն իր վախճանին կհասնի, եւ արեւը մի բուռ մոխիր կդառնա»:  

Պարոն Ասլանյան, իմացել եմ՝ նյութեր ես հավաքում ՀՅԴ-ի մասին: Արի, շատ ներողություն, այնքան նյութ տամ քեզ, որ չիմանաս ինչ անես: Այլապես հայտնվել լրտեսների մեջ՝ ուրիշ տեղ ես լրտեսներ փնտրում:
ՀԳ. Գաղափարաբանական լիկբեզ՝ Ասլանյան Հակոբի համար: Ո՛չ համագումար եւ ո՛չ էլ համաժողով… Դա ՔՊ-ի մասին է, պարոն Ասլանյան: ՀՅԴ-ինն Ընդհանուր ժողովն է: