Թևեր՝ Ադրբեջանին

Այնպես չէ, որ խաղաղության ֆիկտիվ պայմանագիրը ստորագրելուց հետո Նիկոլ Փաշինյանը չգիտի, թե ինչ է լինելու։ Կապիտուլյացիայի պայմանագիր է ստորագրել ու մեզ համար խայտառակ պայմանագրի ոչ մի կետ Ադրբեջանը չի կատարել։ Ընդհակառակը, թողտվությամբ առաջ է գալիս ու ամրապնդում իր դիրքերը։ Փաշինյանը գիտի, որ խաղաղության պայմանագիր ստորագրի, թե չստորագրի, Ադրբեջանի քաղաքականությունը չի փոխվելու։ Մարդը ինչ աստիճանի կույր պիտի լինի, որ չտեսնի՝ նախորդ պայմանագրի կետերը խախտողը, չկատարողը անելու է նույնը։ Եթե հույսը միջազգային կառույցների վրա է դրել, թող այդ կառույցները երաշխավոր լինեն, որ իրագործվեն նախորդի կետերը։
Փաշինյանը խաղաղության պայմանագրի կամ, ինչպես ասում են՝ Արցախ- Հայաստան մահվան վկայականի ստորագրումը, համաձայնեցված Ալիևի հետ համատեղ, ձգձգում է հետևյալ պատճառով։ Այս պահին, առաջնային է լուծել Արցախի հարցը, հետո մեծ թափով վերադառնալ Հայաստանին։ Ալիևի հայտարարությունը, որ Փաշինյանը շուտափույթ պետք է իր բանավոր համաձայնությունը դաջի թղթի վրա՝ փաստաթղթի տեսքով՝ Արցախը Ադրբեջան է, նա չէր կարող անտեսել։
Ու ահա Արցախի լրիվ շրջափակումը։ Կարծում եմ այս հարցում Փաշինյանը ունեցել է գործուն դեր, որպեսզի Ադրբեջանը հիմք ունենա՝ Լաչինի միջանցքն ամբողջական փակելու, ինչի հետևանքով դադարեցվեցին խաղաղապահ ուժերի կողմից իրականացվող հումանիտար բեռնափոխադրումները, ինչպես նաև ԿԽՄԿ-ի միջոցով հիվանդներին բուժօգնության նպատակով ՀՀ տեղափոխելու գործընթացը: Երեկ կառավարության նիստում իր «հուզախռով» ելույթը Արցախի մասին, իր մեջ արցախցիներին խուճապահար անելու երանգ էր պարունակում։ Արցախի հանձնում՝ շրջափակում, կատարվում է փոխադարձ համաձայնությամբ։ Հիմար պետք է լինել՝ չհասկանալու, որ Արցախը Ադրբեջան ճանաչողը Ադրբեջանի հետ քայլեր չի անի, որ այն իրականացնի։
Իսկ Հայաստանի մասով՝ այն բոլոր տարածքները, որ հնարավոր է հանձնել, զարտուղի ճանապարհներով, հանձնել, հանձնում է։ Խաղաղության պայմանագրից հետո Ադրբեջանը լեգիտիմ հիմք կունենա, Հայաստանի մնացած տարածքների հարցը ռազմական ճանապարհով լուծելու։
Խաղաղության պայմանագրով Նիկոլը Ադրբեջանին թևեր է տալիս։ Դա շատ լավ հասկանում է Նիկոլ Փաշինյանը, դա ծրագիր է, ինքը, ինչպես նաև իր թիմի մեծ մասը, վաղուց այդ հարցով դրսերում «պարապած են» ։ Հայաստանը պահելու միակ հույսը Արցախը չկորցնելն է։ Առայժմ Արցախն է իր դիմադրությամբ Հայաստանին պահում։
Կարծիքներ