Վտանգավորը գիտե՞ք որն է․․․

Վտանգավորը գիտե՞ք որն է․․․

Երբ մարդիկ անհանգստանում էին ուժային կառույցների փոփոխությունից, հիմք ունեին։ Գտնում էին, որ նշանակվել են Նիկոլ Փաշինյանին «լսող մարդիկ»։ Ժողովուրդը դրա համար չէր իշխանություն տվել Նիկոլ Փաշինյանին, որ նա բերի «իրեն լսող, հեզ» ուժայինների, որոնք կծառայեն վարչապետի  «կապրիզներն իրականացնելու համար»։ Հիմա վստահաբար կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանի նշանակած նախկին ուժայինները եղել են շատ ավելի օրինապաշտ, քան այսօրվանները։ Նրանք չեն արել այն, ինչ վարչապետն է ասել, գիտակցել են, որ երկիրը ցնցումների կարող են տանել ու կործանման։ Կարծում եմ, մեկ, երկու՝ նորերն էլ կըմբռնեն, որ հնարավոր չէ արգելակներ չունեցող այս իշխանության հետ ճանապարհ գնալ և, չնայած՝ քաղցր բան է դասընկերն ու մանկության ընկերը, քաղցր բան է պաշտոնը,  բայց շատ ավելի քաղցր է երկիրը, պետությունը, որը ոչ մի բանի հետ չես կարող համեմատել։

Հայաստանն այսօր համավարակի դժվարագույն խնդրի առաջ է կանգնած՝ պատերազմի մեջ է։ Այս շրջանում քաղաքական հետապնդում սկսել խորհրդարանական երկրորդ ուժի նկատմամբ, որը այլ կարծիք է հայտնել, հավասազարազոր է պատերազմը տանուլ տալուն։ Ճիշտն ու սխալը մեկնաբանելու ժամանակը չէ, պատերազմի ժամանակ այլ ճակատ չեն բացում։ Իշխանությունը սեփական խնդիրները լուծելու ռեզերվ չունենալով, նոր ու զորեղ ճակատ է բացում։  Եթե Ծառուկյանի նկատմամբ այն, ինչ այսօր իշխանությունն է անում, երկու տարի ժամանակ ունեին, անեին, մարդիկ կհասկանային։ Իսկ այսօր միանշանակ այն ընկալվում է որպես քաղաքական հետապնդում՝ վարչապետին մերձ կանգնած ուժայինների միջոցով։ Արտակարգ դրությունն էլ դիտվում է որպես ճնշման գործիք, որպեսզի Ծառուկյանի բազմահազար համակիրները չկարողանան «ծպտուն հանել», ավելի ընդհանրական իմաստով՝ օգտագործվում է քաղաքական խնդիրներ լուծելու համար։ 

Վտանգավորը գիտե՞ք՝ որն է։ Մարդիկ դիմակ կրելը, արտակարգ դրությունը կարող են ընկալել իրենց ազատությունից զրկելու, ծպտուն չհանելու միջոց ու միավորվել՝ հանուն իրենց ձայնի ու ազատության։ Սա գաղափար է, որի շուրջ կհամախմբվեն մարդիկ, որովհետև տեսնում են, որ համավարակի դեմ չէ պատերազմը, այլ ներքին պատերազմ է։ Ու Փաշինյանը զարմանու՞մ է, թե մարդիկ ինչու չեն հավատում համավարակին։ Մեղավորնե՞ր է փնտրում։ Խնդրեմ, թող փորձի իր քայլերի իմաստը բացատրել՝ համավարակի դեմ պայքարի ֆոնի վրա։

 Մարդիկ դուրս չէին եկել՝ ընդվզելու իշխանության դեմ, նրանց իր որոշումով դուրս էր հանել իշխանությունը, թե՞ իշխանությունը մտածում էր, որ Ծառուկյանի համար փողոց դուրս չեն գա։ Իհարկե, ոչ։ Այդ դեպքում ինչու՞ է իշխանությունը երկու տարի լռել ու հիմա «փողոց հանել մարդկանց»։ Դժվար է բարձրաձայնել այն, ինչ մտածում ես, որովհետև երկրի մասին է խոսքը, ամենաթանկի մասին․․․