«Խոպանչուց»՝ մարզպետ

«Խոպանչուց»՝ մարզպետ

Այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց Կարեն Սարգսյանին նշանակել ՀՀ Գեղարքունիքի մարզպետ։ Մինչ այդ նա ազատվել էր ՀՀ ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից։ Նրան այդ պաշտոնի համար ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Գեղարքունիքի նախկին մարզպետ Գնել Սանոսյանը։

Կառավարության կայքում արդեն հրապարակվել է նրա նշանակումն ու կենսագրությունը, որը չափազանց աղքատիկ է։ Պարզվում է՝ Սարգսյանը Գեղարքունիքի մարզպետի պաշտոնի հետ կապ ունի այնքանով, որ նա Գեղարքունիքի մարզից է։ Այլ՝ մարզային, համայնքային կառավարման որևէ փորձ ու գիտելիք չունի, պետական ապարատում նրա աշխատանքային գործունեությունը սկսվել է 2018-ին Նիկոլ Փաշինյանի ու նրա հետ քայլածների՝ իշխանության գալուց հետո միայն։ Մինչև 2018 թվականը նա որևէ լուրջ գործով չի զբաղվել, որևէ մասնավոր կամ պետական հիմնարկում չի աշխատել։ Կենսագրականում նշված է, որ 2002-2004թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, իսկ 2009-2015թթ.-տեղափոխվել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվա՝ զբաղվել ձեռներեցությամբ:

Ավելի պարզ լեզվով ասած՝ մեկնել է «խոպան», ինչպես Գեղարքունիքի մարզի շատ տղամարդիկ։ Պարզապես կենսագրականում այդ ամենը ավելի «կուլտուրական» ձևով են ներկայացրել, թե իբր Ռուսաստանում զբաղվել է ձեռներեցությամբ։ Մեկ էլ նշված է, որ 2016թ. ընդունվել և սովորում է Մոսկվայի մարզային իրավունքի և կառավարման ինստիտուտի Մենեջմենթի բաժինը: Թե ինչպես է այս ընթացքում համատեղել և համատեղելու ուսումն ու պաշտոնյայի իր գործառույթները, ինքը կիմանա։ Սարգսյանի բախտը բացվել է 2018 թվականին, երբ Փաշինյանը քայլելով եկել է իշխանության։ Նա այդ ժամանակ արդեն խոպանից վերադարձած է եղել և անմիջապես ընդգրկվել է «Իմ քայլի» ցուցակում ու 2018-ի ընտրություններում առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու։ Իշխանության գալուց հետո նա ԱԺ գնալու փոխարեն նշանակվել է «Գեղարքունիք» ՋՕԸ փոխտնօրեն, ապա նույն ՋՕԸ-ի տնօրեն։ 

Իսկ 2020 թվականից մինչև 2021թ սեպտեմբերի 3-ը եղել է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահը։ Այսպիսի «հարուստ» կենսագրությամբ էլ նա այսօր նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ։ Փաստորեն, կարելի է ոչ մի բան չանել, գնալ խոպան, գալ և ընդամենը ապագա իշխանությունների հետ քայլելով՝ հասնել մարզպետի պաշտոնին։ Իհարկե, Կարեն Սարգսյանն այսօր այս թիմում միակը չէ, որ դատարկ կենսագրությամբ բարձր պաշտոն է զբաղեցնում։