Դպրոցականներին դիմակ կրել պարտադրելը պատասխանատվությունից խուսափելու տարբերակ է

Դպրոցականներին դիմակ կրել պարտադրելը պատասխանատվությունից խուսափելու տարբերակ է

Համաճարակաբան, «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի համաճարակաբանական հսկողության բաժնի նախկին վարիչ Արշակ Պապոյանը կարծում է, որ դպրոցներում կիրառվող համաճարակաբանական նոր սահմանափակումներն անիմաստ եւ ձեւական բնույթի են: Մշակվել են կասկածելի, փակ ընթացակարգով, որին չեն մասնակցել դպրոցի ուսուցիչները, մինչդեռ հենց ուսուցիչը պետք է  առաջինը ներգրավվեր դպրոցներին վերաբերող նոր կանոնների ստեղծմանը: 

- Դպրոցականների առաջ դրված սահմանափակումները երկու հիմնական մտավախություն են առաջացնում՝ որքանո՞վ են համաճարակաբանական տեսանկյունից արդարացված։ Եվ երկրորդը․ արդյոք դիմակը վտանգավոր չէ՞ երեխայի առողջությանը: Ո՞րն է Ձեր կարծիքը: 

- Խնդիրը դիմակը չէ: Պետք է կոմպլեքս նայել: Սա բարդ ու զգայուն թեմա է: Առաջինը, իմ կարծիքով, որպեսզի այդ ամենը հարթ անցներ, պետք էր, որ սկզբից անցկացնեին մասնագիտական քննարկում՝ ներգրավելով նաեւ այն մարդկանց, որոնք ունեն այլ կարծիք: Ըստ նախարարության, կա մասնագետների խումբ, որոնք մշակել են նոր կանոնները: Մենք բավական շատ ժամանակ ունեինք, գիտեինք, որ սեպտեմբերը գալու է, եւ կարելի էր բոլոր հարցերի պատասխանները տալ բաց, հրապարակային ձեւով, նոր մտցնել սահմանափակումները: Ի վերջո, քննարկումների արդյունքում է ձեւավորվում օպտիմալ մոդել: Կգային ինչ-որ կոնսենսուսային որոշման, որն ընդունելի կլիներ մեծամասնության համար: Գուցեեւ նրանք էլ իրենց փաստարկներն ունեն, բայց կան մեծ թվով մասնագետներ, որոնք այլ կարծիքի են, որը կներկայացվեր: Ես մոտավորապես գիտեմ, թե որ խումբն է մշակումներն արել, ու գիտեմ, որ այնտեղ ներգրավված չեն մանկաբույժներ, հոգեբաններ, ուսուցիչներ: Չի կարելի դպրոցի վերաբերյալ որոշում ընդունել՝ առանց հաշվի առնելու ուսուցիչների կարծիքը: 

- Միջազգային պրակտիկան ինչպիսի՞ն է, նույն ԱՀԿ-ն այս հարցին ինչպե՞ս է նայում: Մեր պաշտոնյաները պնդում են, որ հաշվի են առել նրանց առաջարկները:  

- Մինչեւ 6 տարեկաններին, ըստ ԱՀԿ-ի, դիմակ կրել պետք չէ: 6-12 տարեկանների դեպքում երկրները պետք է որոշեն՝ կարիք կա՞ կրելու, թե՞ ոչ, ելնելով մի շարք հարցերից՝ համաճարակային իրավիճակից, վարակի փոխանցման ինտենսիվությունից: Արդյոք ինչ-որ տվյալներ ունե՞ն, որ դպրոցներում տեղի է ունենում փոխանցում, ի՞նչ ռիսկ կա, պետք է հաշվի առնեն սոցիալ-մշակութային առանձնահատկությունները, երեխաների դիմակ կրելու ունակությունը, դիմակների կրման ազդեցությունն ուսումնական պրոցեսի վրա եւ այլն: Սա՝ ըստ ԱՀԿ առաջարկի, հանձնարարականի: Հետաքրքիր է, արդյոք սրանք հաշվի՞ են առել: Ո՞վ է որոշել, որ դպրոցներում զանգվածային վարակումներ կլինեն: 

- Ռուս գիտնականների շրջանում կարծիք կա, որ երեխաները չեն հանդիսանում վարակի ակտիվ տարածողներ: Այս տեսանկյունը ճշմարի՞տ է: 

- Ընդհանրապես, չկա որեւէ գիտական ապացույց, աշխատություն առ այն, որ դպրոցներում վարակվելը կարող է ունենալ ազդեցություն համաճարակաբանական վիճակի վրա: Որեւէ մեկը, բնականաբար, չի ուզում, որ երեխաները վարակվեն, բայց միշտ պետք է հաշվի առնել սահմանափակումների բացասական ազդեցությունները: 

- Ձեր անձնական կարծիքը՝ որպես համաճարակաբանի, ո՞րն է, փոքր տարիքի դպրոցականներին պե՞տք է ստիպել դիմակ կրել: 

- Ես համարում եմ, որ ցածր դասարանների աշակերտների համար՝ մինչեւ 10-13 տարեկանների, դիմակ կրելն անիմաստ է: 13-ից բարձրի դեպքում կարելի է քննարկել, հաշվի առնելով, թե ինչպիսի վիճակ ունենք, եթե լինեն վարակման դեպքեր դպրոցներում, պետք է արդեն մտածել 13 տարեկանից բարձր երեխաներին դիմակ կրել պարտադրելու մասին: Ես կողմ եմ այն տարբերակին, որ չլինեն իմպերատիվ որոշումներ՝ դասամիջոց պետք է չլինի, գրատախտակին չպետք է մոտենան եւ այլն: Իմ կարծիքով, պետք է այլ ուղղությամբ մտածեին՝ ինչպես անել, որ երեխաները մաքսիմալ շատ ժամանակ անցկացնեին մաքուր օդում, որպեսզի դասարանները կարողանային օդափոխել: Օդակաթիլային վարակների պարագայում կանխարգելման համար մեկ գործողությունը սենյակի նորմալ օդափոխությունն է: Այնպես պետք է կազմակերպեին, որ միանգամից բոլոր դասարանները չվազեին փողոց, այլ մի դասարանում դասն ավարտվեր, հինգ կամ տասը րոպե անց մյուսինը սկսվեր եւ այլն: Երկրորդ․ պետք էր աշխատել ծնողների հետ, նրանց խրախուսել, որ եթե, օրինակ, ամենափոքր, աննշան սիմպտոմատիկա եք նկատում երեխայի մոտ՝ թույլ է զգում կամ ջերմում է, դպրոց չբերել: Պետք է լինի հստակ ընթացակարգ, թե ծնողն ինչ անի, ում հետ կապվի, որ մաքսիմալ շուտ այդ երեխայի բուժման, ախտորոշման հարցով զբաղվի, եւ ծնողը պաշտպանված լինի այն առումով, որ երեխային դպրոց չտանելով, խնդիր չունենա իր աշխատավայրում, որ այդ օրվա համար իրեն նորմալ վարձատրեն, ու ինքը ստիպված երեխային մի տաբլետկա չտա, ուղարկի դպրոց: Մեր աշխատանքը պետք է գնար այդպիսի արագ արձագանքման մեխանիզմների ներդրմամբ, ինչը չարեցին: Դիմակ կրելը պետք է լիներ օպերատիվ միջոցներից մեկը, որը կկիրառվեր ըստ իրավիճակի: Ոչ թե այսպես իմպերատիվ կարգով, ասեն՝ «տուպո» մենակ դիմակ կրեք: Վաղն էլ եթե մի դեպք լինի, ասեն՝ դե, մենք ամեն ինչ արեցինք, ասեցինք՝ դիմակ կրեք, ժողովուրդը չկրեց, ու այսպես եղավ: Դիմակն իրականում պատասխանատվությունից խուսափելու ձեւ է, իսկ իմ ասած մեխանիզմները կիրառելը բարդ է եւ ուսման կազմակերպիչների լուրջ պատասխանատվություն է ենթադրում: 

- Դիմակ կրելը երեխայի առողջությանը վնա՞ս է: 

- Ես չեմ պատկերացնում, որ երեխան 4-6 ժամ շարունակ, ներառյալ մինչեւ դպրոց ու դպրոցից տուն ճանապարհը, դիմակ կրի: Եթե մեր նպատակն այն է, որ ցույց տանք, թե դիմակ ենք կրում, այլ հարց է: Դիմակը պետք է ճիշտ կրել ու ժամանակին, բայց այդ երեխան չի կարող ճիշտ կրել: Դա անհնար է: Այդ երեխաներն ամբողջ օրը առանց դիմակի իրար հետ խաղում են, դրսում մենք բոլորս տեսնում ենք դա: Դիմակ կրել պարտադրելն ավելի շատ գործի իմիտացիա է: 

- Պարոն Պապոյան, հիմա շատ է խոսվում համավարակի երկրորդ ալիքի մասին: Ի՞նչ գիտեն, որ լինելու է նման ալիք: 

- Ես էլ եմ համարում, որ հիվանդների թվերի որոշակի աճ լինելու է: Տեսեք՝ երկրորդ ալիք ասվածը մասնագիտական տերմին չէ, դա ԶԼՄ-ների ստեղծած տերմինն է, հասարակական ընկալման ծնունդ: Առհասարակ, ցանկացած ինֆեկցիա ունի առանձնահատկություն: Երբ որ հիվանդությունը սկսվում է, որոշ ժամանակ անց հիվանդների թվերի նվազում է դիտարկվում, իսկ հետո սկսվում է կրկին աճ, որը մենք անվանում ենք հիվանդացության բարձրացում: Հաշվի առնելով, որ առջեւում աշուն է, ու մարդիկ ավելի քիչ են լինելու մաքուր օդում ու ավելի շատ՝ փակ տարածքներում, փոխանցման ռիսկը մեծանում է: Հնարավոր է, որ մենք ունենանք դեպքերի թվի աճ, բայց չեմ կարծում, որ կունենանք այն իրավիճակը, որ ունեինք մայիս-հուլիս ամիսներին: 

- Այսինքն, երկրորդ ալիքն այնքա՞ն էլ սարսափելի չէ: Ինչո՞ւ: 

- Որովհետեւ վիրուսն արդեն ախտահարել է ռիսկային խմբերին, շատ մարդիկ արդեն հիվանդացել են, ու ստեղծվել է արդեն որոշակի իմունային շերտ հիվանդացածների ու լավացածների մոտ: Որքան ավելի դանդաղում է պրոցեսը, այնքան այս շերտը մեծանում է: Այլ երկրներում ուսումնասիրողները՝ Իտալիայում, եվրոպական այլ երկրներում, նշում են, որ վիրուսի վիրուլենտությունը մի քիչ նվազել է: Հիմա կա հիվանդության աճ եվրոպական երկրներում, որը մոտենում է ապրիլի, մայիսի թվերին, բայց պրակտիկորեն արդեն գրեթե չունեն մահացություն: Վիրուսը կորցրել է իր ուժը, իսկ երկրորդ պատճառն այն է, որ սկսել են ավելի լավ բուժել, կառավարել հիվանդությունը: Առաջին ամիսների խուճապահար տրամադրությունն անցել է: