Երկիրը կազմաքանդողները

Երկիրը կազմաքանդողները

Մենք երկու տարի է՝ լսում ենք հանդիմանություններ՝ «բա Սերժի վախտ խի՞ չէիք քննադատում»։ Որպեսզի հատ-հատ չպատասխանենք բոլորին, որոշել ենք ամեն օր մի հոդված հրապարակել «Հրապարակի» արխիվից։ Այսօր հրապարակում ենք 2016 թվականի մայիսի 2-ի մեր համարում լույս տեսած հոդվածը․ հեղինակ՝ Սեւակ Հակոբյան։

Շատ վատ սովորություն ունեն մեր պետական պաշտոնյաները. երբ խոսում ես կարեւոր, սակայն իրենց դուր չեկող՝ թերությունները, վատ կառավարման հետեւանքները մերկացնող բաների մասին, անմիջապես հայտարարում են՝ «ջուր եք լցնում թշնամու ջրաղացին», «կազմաքանդում եք երկիրը»: Ու քեզ մեղավոր ես զգում, որ խոսել ես կառավարության դեմ, չարիքի ու կոռուպցիայի դեմ, ուրեմն՝ Ադրբեջանին կողմ:

Լրագրողները ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին հարցնում են՝ ճի՞շտ է, որ տեղյակ է եղել ապրիլյան պատերազմից առաջ հակառակորդի զորքերի տեղաշարժի մասին: Պատասխանում է. «Այդ բոլոր լուրերը սուտ են եւ միտված են բանակը կազմաքանդելուն։ Դուք, ինչ է, ուզում եք բանակը կազմաքանդե՞լ»։ Եթե Խաչատուրովը պաշտոնանկ արվի, բանակը կկազմաքանդվի՞: Դժվար թե: Այ, եթե պարզվի, որ նորմալ հետախուզություն չունենք, հաստատ բանակը կկազմաքանդվի: Ավելի լավ է պարզվի, որ Խաչատուրովն է անփույթ եղել, քան բանակի հետախուզությունը՝ անկարող: Հիմա գեներա՞լն է կազմաքանդում ԶՈւ-ն, թե՞ նրանք, ովքեր հարցնում են այդ մասին:

Ապրիլյան թեժ մարտերի օրերին հայտարարում էին, թե բազմաթիվ դիրքերում առաջ ենք: Հետո պարզվեց, որ ոչ միայն առաջ չենք, այլեւ տարածքների կորուստ ունենք: Այդ մասին նախ չէինք խոսում, որ թշնամի հարեւանները չլսեն: Այնուամենայնիվ, տեսնելով, որ ՊՆ-ն եւս ձկան պես լուռ է, մամուլը մի քանի հրապարակում արեց: Այդ լրագրողներին անվանեցին երկիրը կազմաքանդողներ: Հետո նախագահը խոսեց 800 հեկտարի մասին, ասաց, թե դրանք մեկ զինվորի կյանք չարժեն: Ու ՀՀԿ-ն սկսեց հոխորտալ՝ «անպետք հողեր են, ոչ մի նշանակություն չունեն, ամայի տարածք են» եւ այլն: Հիմա ո՞վ է կազմաքանդում՝ իշխանությո՞ւնը, որ այդ տարածքներն այսքան ժամանակ չի վերաբնակեցրել, որպեսզի ամայի, անմշակ ու անպետք չլինեն, իշխանությո՞ւնը, որ թիզ-թիզ հողերը տալիս է թշնամուն՝ «անպետք է» հորջորջելով, թե՞ նրանք, որ խոսում են այդ մասին: Խնդրեմ, եկեք գծեք՝ որքա՞նն ունի նշանակություն, որքա՞նը՝ ոչ, որպեսզի մեր զինվորը գնա ու կանգնի նշանակություն ունեցողի վրա ու եթե, Աստված մի արասցե, արյուն է թափում, թող հենց դրա վրա թափի, ոչ թե նշանակություն չունեցողի:

ԱԺ փոխնախագահը երկու բառ իրար կպցնելիս ուղղագրական, կետադրական, շարահյուսական բազմաթիվ սխալներ է անում, բացի այդ՝ մեկ բարդ ստորադասական նախադասությամբ ազատագրված շրջանները հանձնում Ադրբեջանին («Մենք ձեր հողերը կամ էն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում, սա մեր բուֆերային գոտին է եւ մեր անվտանգության երաշխիքն է»): ՀՀԿ-ն չի կանչում հարգարժան տիկնոջը եւ ասում․ կարծում ենք՝ հոգնել եք պատգամավորությունից, այնքան վաղուց եք խորհրդարանում, որ տեղերը խառնում եք, արձակուրդ վերցրեք ամբողջ կյանքի համար: Իսկ մենք, որ հուշում ենք, թե ինչ կարելի է անել տիկին Նաղդալյանի հետ, դառնում ենք չուզող: «Ձեզ միայն իմ հրաժարակա՞նն է հետաքրքրում»,- դեռ մի բան էլ ինքն է տարակուսում, իբրեւ թե՝ ի՞նչ եմ արել որ: Էն, որ նախագահը 800 հեկտար տալիս է՝ ոչինչ, որ ես եմ մի քանի շրջան տալիս, դուշմա՞ն եմ: Նորմալ երկրում Հերմինե Նաղդալյանը մի օր էլ չէր պաշտոնավարի: Իսկ մեզ ասում են՝ կազմաքանդում եք ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը՝ տիկնոջ հրաժարականի մասին հարցնելով:

Խայտառակ պետգնումներ են արվել, երբեմն՝ իրական արժեքից տասնապատիկ թանկ գնով: Գրում ենք այդ մասին, պատասխանում են՝ ժողովրդին հանիրավի լարում եք իշխանության դեմ, բանսարկում եք, մեղադրում եք, կազմաքանդում եք: Ուրեմն նրանք, որ մեկ հատ տուֆը գնում են 800 դրամով, երկիրը չեն կազմաքանդում, բայց որ մենք ենք գրում, կազմաքանդում ենք:
Կառավարությունը ոգեւորված հաշվետվություն է տալիս, թե իբրեւ այս տարվա առաջին եռամսյակում ունենք ռեկորդային ներմուծում ու արտահանում, տնտեսությունն աճել է: Հետո պարզվում է, որ, չգիտես ինչպես, բազմաթիվ ներմուծող ընկերություններ սխալ թվեր են ներկայացրել, եւ երկիրն սկսել է թվերով շնչել: Մինչ այս նշված 6 տոկոս տնտեսական աճն էլ իրականում այդքան չէ: Գրեցինք, դարձանք տնտեսության թշնամին:

ԳԱԱ նախագահն իր երկրի մասին խոսելիս օգտագործում է «քոսոտ» բառը: Փոխանակ ոլորտից հեռացնեն եւ մի բան էլ պատասխանատվության կանչեն, որ գիտությունը չի կարողացել «քոսոտ» մակարդակից բարձրացնել, մեզ են հակադարձում, թե «մեծ մարդ ա, բան ա՝ ասել ա»: Մեծ մարդ է՝ թող ասեն՝ ցտեսություն, գնա, 40 հազար դրամ թոշակով յոլա գնա, ինչպես մեր Աշոտի պապը: Բա երկրիդ ու գիտությանդ հերն անիծում են՝ հեչ, որ մենք բարձրաձայնում ենք, ստացվեց՝ կազմաքանդեցինք Գիտությունների ակադեմիան՝ իր երեք տասնյակ ինստիտուտներով:
Անգամ Նժդեհի արձանի հարցում ՀՀԿ-ի ու մյուս մարդկանց տեսակետները չեն համընկնում: Էս երկրի միակ ուզողը ՀՀԿ-ն է: Անգամ Նժդեհի ծոռն է հայտարարում, թե՝ պապիս նման չէ. պատասխանում են՝ նման է, առնական է եւ գեղեցիկ, դուք չեք ուզում լավը տեսնել: Քաղաքաշինության նախարարը, չես հասկանում հեգնանքով, թե ինչպես, ասում է, թե քանդակագործը սովորել է Ս. Պետերբուրգում, դրա համար էլ արձանը նման է Պետրոս Առաջինին: Փառք Տիրոջը, որ նա չի սովորել Հյուսիսային Կորեայում:
Մի խոսքով, երկիրը բաժանված է երկու անհավասար մասի՝ փոքրաթիվ պետականամետ, ազգասեր ու հայրենապաշտ ՀՀԿ-ն ու չուզող, կազմաքանդող մեծամասնությունը:

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ
02.06.2016