Ապրիլի 7-ին օգնություն են տրամադրել մակարոնեղեն արտադրող ՍՊԸ-ին

Ապրիլի 7-ին օգնություն են տրամադրել մակարոնեղեն արտադրող ՍՊԸ-ին

Երեւանի քաղաքապետարանում ամեն օր մի տարօրինակ, օրենքներից ու  իրավագիտակցությունից դուրս որոշում են կայացնում՝ ոտնահարելով նաեւ օրենքը։ Եվ ոտնահարում են հիմնականում երկու պատճառով՝ այդպես են ուզում կամ ուղղակի տեղյակ չեն օրենքներից, քանզի նոր պաշտոնյաները մեծ մասամբ կոմպետենտ չեն։
Օրինակ՝ այս տարվա ապրիլի 7-ին՝ Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ, Երեւանի  քաղաքապետարանը որոշում է կայացրել 250 հազար դրամ  գումար հատկացնել «Տարոն-Տալ» ՍՊԸ-ին՝ մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանն աջակցելու նպատակով։ Եվ դա ձեւակերպել է որպես օգնություն։ 

«Հանձնարարել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին եւ Երեւանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ Երեւան քաղաքի 2019 թվականի բյուջեով Երեւանի Արաբկիր վարչական շրջանի մասով բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 բաժնի, 07 խմբի, 01 դասի «03. Սոցիալապես անապահով ընտանիքներին տոնական եւ հիշատակի օրերին աջակցություն» ծրագրով եւ տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով նախատեսված գումարներից, որպես օգնություն, ապրիլի 7-ի՝ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանն աջակցելու նպատակով «Տարոն-Տալ» ՍՊԸ-ին հատկացնել 250.0 (երկու հարյուր հիսուն) հազար դրամ»,- նշված է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի 330-Ա 12.04.2019թ. կարգադրության մեջ։ 

Սա իրավական առումով անգրագիտություն է, որը հազիվ թե թույլ տային նախկինում։ Բանն այն է, որ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի 09.01.2007թ․ N 5-Ն հրամանի N16 հավելվածի համաձայն՝ սահմանված է, որ տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածը ներառում է պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերում խումբը, հետեւաբար, այս հոդվածով  հնարավոր է միայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն իրականացնել ծառայությունների ձեռքբերում, եւ չի կարող տրվել օգնություն, առավել եւս՝ «օգնություն» բյուջետային դասակարգման հոդված կամ հասկացություն գոյություն չունի: Եվ այսպիսի՝ աբսուրդի ժանրից, «հանճարեղ» որոշումներ քաղաքապետարանում առաջին անգամ չէ, որ կայացնում են Հայկ Մարությանի գլխավորությամբ։ Ակնհայտ է, որ քաղաքապետարանը մտադիր է եղել այս ընկերության հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել, բայց դրա փոխարեն այդ հոդվածով փաստացի օգնություն են տրամադրել տվյալ ՍՊԸ-ին։

Ի դեպ, ուշագրավ է ՍՊԸ-ի անվանումը՝ «Տարոն-Տալ»։ Այն զբաղվում է հացի եւ մակարոնեղենի արտադրությամբ, ավտոտեխսպասարկմամբ, կենցաղային, էլեկտրոնային սարքերի վերանորոգմամբ, շինանյութերի արտադրությամբ։ Հետաքրքիր է, քաղաքապետարանում մի խելքը գլխին իրավաբան կամ ֆինանսիստ չկա՞ր, որ հուշեր՝ ծառայությունների ձեռքբերման  հոդվածներով օգնություններ չեն բաժանում։ Փոխարենը կան այնպիսի «ֆինանսիստներ», որոնք կարողանում են իրենց աշխատավարձը, այ, այսպիսի «պրոֆեսիոնալ» աշխատանքի համար 100 տոկոսով բարձրացնել։